Տեղեկացնում ենք, որ ս.թ. դեկտեմբերի 1-ին «Արամի խաչմերուկ» շարժումը գրավոր հարցմամբ դիմել է Երևանի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել Արամի 30 հասցեն ներառող տարածքում նախատեսվող շինությունների ճարտարապետահատակագծային առաջադրանքների և ճարտարապետաշինարարական նախագծերի հաստատման հայտերի պատճենները, ճարտարապետական նախագծի մաս կազմող գլխավոր հատակագծերի պատճենները, քաղաքաշինական փորձաքննական եզրակացությունների պատճենները, շենքի քանդման և նոր շենքի կառուցման թույլտվությունների պատճենները:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ, օրենքի խախտմամբ, շինհրապարակում նախագծի մասին ցուցանակ տեղադրված չէ, ղեկավարվելով Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներով, նույն հարցմամբ խնդրվել է նաև տրամադրել տարածքում իրականացվող քաղաքաշինական գործունեության հետ կապված հասարակական իրազեկումների և քննարկումների վերաբերյալ տվյալներ, մասնավորապես` ներկայացնել այն փաստաթղթերի պատճենները, որոնք հավաստում են, թե երբ և ինչպես են քաղաքացիներն իրազեկվել իրենց կենսագործունեության միջավայրում նախատեսվող փոփոխության մասին, երբ, որտեղ և ում մասնակցությամբ են իրականացվել քննարկումները:
Հիշեցնենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, տեղեկություններ տրամադրելու մասին գրավոր հարցմանը քաղաքապետարանը պետք է պատասխանի հնգօրյա ժամկետում, իսկ եթե տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա նույն ժամկետում պետք է դրա մասին տեղեկացնի դիմողին: