Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ադիբեկյանն ու Բադալյանն են պնդում, թե «Ժառանգության» վարկանիշը ցածր է՝ ուրեմն, իրականում շա՜տ բարձր է

Դեկտեմբեր 02,2011 22:31

Այսօր «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն իր ասուլիսում  վերլուծել ու կանխատեսել է, թե՝  նոր ընտրված խորհրդարանում ներկայացված կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն  ու ՀԱԿ-ը: «Ընտրվելու համար անհրաժեշտ են մարդկային ռեսուրսներ, դեմքեր, կազմակերպչական կառույցներ, ֆինանսավորում, տեղեկատվական լավ կանալներ, իշխանության եւ տեղական հեղինակությունների հետ լեզու: Սրանց առկայության դեպքում դու կարող ես ունենալ հաջողություններ»,- հայտարարել է սոցիոլոգը՝ կարծիք հայտնելով, թե այդ ռեսուրսներն ունեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, իսկ «Ժառանգությունը» մի փոքր կասկածելի է: Այսօր, կայքերից մեկին տված հարցազրույցում «Ժառանգությանն» անդրադառնալու առիթ է ունեցել նաեւ քաղաքական ու ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը, որը հերթական անգամ պնդել է, թե քաղաքական դաշտում կա ընդամենը 5 ուժ, երեքը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ՀԱԿ-ը ազդեցիկ, երկուսը՝ ՀՅԴ-ն  եւ «Ժառանգությունը» ոչ այնքան:

Նկատի ունենալով, որ սոցիոլոգն ու քաղտեխնոլոգը՝ լինելով քաղաքական տարբեր ճամբարներին հարող մարդիկ, գրեթե  նույն կերպ են գնահատում «Ժառանգության» վարկանիշն ու նոր ԱԺ-ում հայտնվելու հավանականությունը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին հարցրինք՝ գուցե, իսկապե՞ս կուսակցությունն ԱԺ անցնելու համար ցածր վարկանիշ ունի:

«Այն, որ  «սրտի  ցավով» նրանք  զույգ եւ կենտ օրերին իրար հաջորդելով նույն բաներն են կրկնում՝ նշանակում է, որ «Ժառանգությունը» առաջիկա ընտրություններում ԱԺ մտնելու շատ ռեալ  շանսեր ունի, ինչը մտահոգում է նրանց: Քանի՞ անգամ կարելի է նույն բանը կրկնել. արդեն սկսում ես ծիծաղել այդ մարդկանց վրա, քիչ է մնում մի ցավակցական հեռագիր ուղարկես: Սա արդեն աբսուրդի թատրոն է: Մարդիկ իրենց դրել են խղճուկ կարգավիճակում: Իրենք դա հաճախ են կրկնում, որովհետեւ նեղվում են, որ իրենց «կանխատեսումներով» չեն կարողանում հոգեբանորեն ազդել մարդկանց գիտակցության վրա եւ կատարել պատվիրատուի կողմից իրենց առաջադրված խնդիրը: Վիճակն ակնհայտորեն ճիշտ հակառակն է, որով էլ պայմանավորված ոմանք ստիպված են «Ժառանգության»՝ ԱԺ «չանցնելու» թեման այդքան հաճախ շրջանառել»,- հայտարարեց խմբակցության ղեկավարը:

Այդ դեպքում՝ ինչպե՞ս է գնահատում այս պահին «Ժառանգության» վարկանիշը ինքը՝ Սաֆարյանը.  «Դատելով նրանից, թե ինչ հաճախականությամբ են մարդիկ «Ժառանգության» մասին նման հայտարարություններ անում՝ շա՜տ  բարձր»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031