Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանոթի տարբերակն աշխատում է. Կարծում են ուսանողները

Դեկտեմբեր 02,2011 22:11

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի   ուսանողները բողոքում են անարդարությունից: Ինչպես ասացին` ծանոթի տարբերակն աշխատում է: «Որոշ ուսանողներ կարան առանց պարապելու ներկայանալ քննության եւ դատարկ թերթիկ հանձնելով 20 ստանալ: Հաշվի չեն առնում ուսանողին: Մեր ռեկտորն էր եկել, ներկայացրինք մեզ հուզող հարցերն ու խնդիրները: Ասացին, որ կլուծեն, բայց անցավ գնաց»,- ասում է անգլերենի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհին, ով չցանկացավ հայտնել անունը: Նրանց մի մասն էլ բողոքում էր դասաժամերից:  «Կուզեի, որ առաջին հերթ լինեինք, մենք միշտ երկրորդ հերթ ենք եղել: Բացի դա` կրթական համակարգն ինձ դուր չի գալիս: Հիմա արդեն դասերն անցկացվում են կրեդիտային համակարգով: Եթե բացակայում ենք, ինչ-որ կրեդիտներ են հանում, ու դա ազդում է գնահատականի վրա»,- ասում է Տիգրանուհի Բենյամինյանը: Անի Սահակյանն էլ լրացնելով համակուրսեցու խոսքը նշում է. «Գլխավոր խնդիրն այն է, որ գրատախտակ չունենք, ինչպես նաեւ` լսարան. երկրորդ հերթով ենք գալիս: Տարիքով դասախոսներն էլ կրեդիտային համակարգից չեն հասկանում: Դասավանդում են ԽՍՀՄ-յան օրենքներով»: Մեկ այլ ուսանողուհի էլ բողոքում է իրենց գրադարանից` ասելով, որ գրքերը քիչ են: «Մեր գրադարանն այդքան էլ հարուստ չի, մյուսներից էլ չեն թողնում օգտվենք, ավելի ճիշտ` չենք օգտվում»,- ասում է Շուշան Հակոբյանը:

Ի պատասխան այս ամենի` Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Կարեն Հայրյանն ասում է, որ ուսումնառության հետ կապված ծով խնդիրներ կան: Դրանցից առանձնացնում է կրեդիտային համակարգը: «Միջանկյալ գիտելիքների ստուգումը գրավորների միջոցով են անցկացվում: Բանավորի հետ համեմատելիս հակասություններ են առաջանում»: Ասում է, որ ուսանողները լավ գիտեն իրենց իրավունքները եւ պաշտպանում են դրանք: Այնուհետեւ  նշում. «Լայնամաշտաբ բարեփոխություններ ենք իրականացնում, արտասահմանյան համալսարանների հետ համագործակցում` նպաստելով դասախոսների ավելի խորը մասնագիտանալուն»` հավելելով, որ որպես առաջատար օտար լեզու` անգլերենը պետք է ավելի խորն ուսումնասիրվի: Սակայն ինչպես գերմաներենի ու ֆրանսերենի դեպքում է, անգլերենի դասախոսները չեն ուղարկվում վերապատրաստման, քանի որ ԱՄՆ-ն նույն բարեհաճ վերաբերմունքը չունի, ինչպիսին մյուս երկրներն են: Կարեն Հայրյանը տեղեկացնում է նաեւ, որ համալսարանում ունեն հատուկ արկղ, որտեղ ուսանողները նամակների տեսքով հայտնում են իրենց բողոքները: «Լինում են ակադեմիական խնդիրներին չառնչվող հարցեր: Ասենք` մի ուսանողուհի իր դասախոսի պահանջկոտությունը համարում է վիրավորական: Նրան թվում է, թե լրացուցիչ հանձնարարությունը նրա անձին է վերաբերում»:

Այնուամենայնիվ դեկանը բոլոր հարցերն էլ համարում է լուծելի, միայն թե դրա համար ժամանակ է պետք:

Ռուբինա Սաֆարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031