Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը, իր ձեւակերպմամբ՝ «ոչ գիտակներին կամ անգրագետներին» առաջարկեց օրենսդրություն կարդալ

Դեկտեմբեր 02,2011 21:43

Այսօր  «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնը» /ՀՊԱԿ/, իր ձեւակերպմամբ՝  «ահազանգ-հայտարարությամբ»  դիմել է ԵԽ, ԵՄ,ԵԱՀԿ եւ միջազգային այլ կառույցներին՝ տեղեկացնելով  Հայաստանում «ՀՀԿ  կողմից  իշխանության բացահայտ  յուրացման մասին»: Հայտարարության մեջ Կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԺ առաջիկա նիստում տեղի են ունենալու նոր  խոսնակի  ընտրություններ՝ «առանց այդ  պաշտոնը  զբաղեցնողի  հրաժարականի  մասին  դիմումի  վերաբերյալ  ԱԺ կողմից  որոշման կայացման, որով չի  կատարվել  կամ կոպտորեն  խախտվել  է ԱԺ կանոնակարգ-օրենքի  97-րդ հոդվածի 8-րդ մասի, եւ որպես՝  հետեւանք, ՀՀ  Սահմանադրության  62-րդ  հոդվածի  վերջին  մասի պահանջները, ինչը նաեւ աննախադեպ երեւույթ  է միջազգային  պրակտիկայում»: Խոսքը գնում է «ԱԺ կողմից պաշտոնում ընտրությունը, նշանակումը, ինչպես նաեւ պաշտոնատար անձի հրաժարականն ընդունելու եւ նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (պաշտոնանկ անելու) մասին ԱԺ  որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ» հոդվածի եւ «ԱԺ-ն գործում է իր կանոնակարգին համապատասխան» սահմանադրական դրույթի մասին:

«Հաշվի  առնելով միջազգային  որոշ  կազմակերպությունների (նրանց  ներկայացուցիչների), մասնավորապես՝ վերջերս  արագընթաց  աճող, անցանկալի եւ  մտահոգիչ դերը  նման  նախաձեռնությունների  իրականացման  անուղղակի  հովանավորության, անգամ՝ գովաբանելու գործում, հույս  ենք  հայտնում, որ վերջապես իրենց  նպատակներին  վայել միջոցներ  կձեռնարկեն այդ  ազդեցության  հետեւանքների  վերացման, մասնավորապես՝ ՀՀ  Պառլամենտի  օրինական գործունեությունն  ապահովելու  ուղղությամբ, այն էլ՝ ԱԺ  ընտրությունների  շեմին»,- գրել է ՀԿ-ն:

«Դրա համար լավ կլինի, որ նրանք, ովքեր գիտակ չեն կամ անգրագետ են՝ ԱԺ կանոնակարգ-օրենքը նայեն, որտեղ պարզ գրված է՝ եթե հինգերորդ օրը հրաժարական տվողը վերահաստատում է  իր հրաժարականը , սկսվում է նոր նախագահի ընտրությունների գործընթաց: Մարդիկ, ինչպիսին իրե՛նք են՝  այդպիսին պատկերացնում են նաեւ մյուսներին»,-  «Առավոտի» հետ զրույցում, ՀՀԿ-ի կողմից իշխանությունը յուրացնելու մեղադրանքին լակոնիկ հակադարձեց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նաեւ հավելեց, որ տվյալ դեպքում խոսքն անգամ ոչ թե ընտրության, այլ ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ կողմից իր առաջադրելիք թեկնածուի ներկուսակցական ընտրության մասին էր:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին հայտարարել էր նոյեմբերի 14-ին եւ  կրկնել էր այդ հրաժարականը նոյեմբերի 21-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031