Լրահոս
Օրվա լրահոսը

Նախ դիպուկահարներին ետ քաշեք, ապա նոր մտածեք միջհհամայնքային երկխոսության մասին

Դեկտեմբեր 02,2011 20:17

Երեկ ՀՀ արտաքին գործոց փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանել է «Արմենպրեսս » գործակալության հարցին. «Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտոնյաների փորձերը` միջհամայնքային երկխոսության միջոցով Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը հավասարազոր հարթության վրա դնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության հետ »:

Փոխնախարարը պատասխանել է. «Եթե պաշտոնական Բաքուն իրոք շահագրգիռ է միջհամայնքային երկխոսության կազմակերպման հարցում, ապա նա առաջին հերթին պետք է քայլեր ձեռնարկի` կազմակերպելու համար միջհամայնքային երկխոսություն Ադրբեջանից տեղահանված հարյուր հազարավոր հայերի եւ Ադրբեջանում բնակվող ադրբեջանցիների միջեւ: Դա բարոյական իրավունք կտա Ադրբեջանի ղեկավարությանը դիմելու Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը` նույնպես նախաձեռնելու միջհամայնքային երկխոսություն: Հայկական կողմերը մեծապես կարեւորում են վստահության միջոցների ամրապնդման խնդիրը, որը բազմաթիվ տարրերից բաղկացած ամբողջական փաթեթ է: Այդ տարրերից են` ժողովուրդների միջեւ ատելություն եւ թշնամանք սերմանող պետական քարոզչությունից եւ ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը, հարեւան ժողովրդի պատմամշակութային ժառանգության ոչ թե ոչնչացումը, այլ պահպանումը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը, շփման գծից դիպուկահարների ետքաշումը, տարբեր ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ հասարակությունների տարբեր խմբերի միջեւ շփումների եւ  երկխոսության խթանումը: Ադրբեջանը ընտրովի է մոտենում առկա խնդիրներին, առանձնացնելով ամեն ինչից իրեն ձեռնտու տարրերը եւ աղավաղելով խնդրի բուն էությունը` ի վնաս թե՛  համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ վստահության մթնոլորտի ձեւավորմանը, թե՛ բուն կարգավորման գործընթացին: Դրա վկայություն է Մադրիդյան սկզբունքների ընտրովի եւ աղավաղված մեկնաբանությունը, որը հանգեցրեց Ադրբեջանի ղեկավարության կողմից Մադրիդյան առաջարկությունների համաձայնեցման տապալմանը Կազանում »:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031