Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է լինելու Նիկոյանի առաքելությունը առաջիկա 6 ամիսների ընթացքում

Դեկտեմբեր 02,2011 19:19

«Առավոտի» հարցին՝ «Ժառանգություն» խմբակցությունը, նկատի ունենալով արդեն եղած նախադեպերը, առաջիկա երկուշաբթի օրը կայանալիք ԱԺ նախագահի ընտրություններում սեփական թեկնածու առաջադրելո՞ւ է, թե՞ ոչ, խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց. «Առաջիկա օրերին տեղի կունենան «Ժառանգություն» խմբակցության  եւ կուսակցության  վարչության նիստեր, եւ, կարծում եմ՝ այդ նիստերում, ամենաուշը երկուշաբթի առավոտ, մենք վերջնական որոշում կընդունենք մեր դիրքորոշումների կապակցությամբ. ե՛ւ թե ինչպես ենք վերաբերվում արդեն հայտարարված թեկնածություններին, ե՛ւ թե  «Ժառանգությունն» ինչպես է պատրաստվում մասնակցել այդ նիստին»: Խմբակցության ղեկավարի ասելով, այս պահի դրությամբ կոնկրետ որոշում չկա նաեւ խմբակցության՝ ընդհանրապես այդ հարցի քվեարկությանը մասնակցել- չմասնակցելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է մասնավորապես Սամվել Նիկոյանի թեկնածության առաջադրման փաստին, ապա Ստեփան Սաֆարյանն այս առնչությամբ իր անձնական կարծիքը հայտնեց. «Չեմ կարծում, որ նա, հատկապես վերջին արտահերթ նիստում իր դրսեւորած կեցվածքից հետո ( խոսքը ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողմից եւ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հասցեին ուղղված վիրավորանքն ու արդյունքում ծագած լեզվակռիվը չկանխելու մասին է-խմբ.),  կարող է իրականացնել այդ առաքելությունը»:

Պատգամավորի դիտարկմամբ, ՀՀԿ-ն այլեւս չի կարող հանդուրժել իր ներքին հակակշռումները. «Ես այդ մասին ասել եմ դեռ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո: Ակնհայտորեն իշխանական ինչ-որ մի մակարդակում քննարկվել է, որ կառավարության վատ գործունեությունն ու դրա խոչընդոտներից մեկը եղել է մինչ այս ԱԺ կողմից կառավարության ներկայացրած օրինագծերին ժամանակ առ ժամանակ ցույց տրված դիմադրությունը: Հիմա Սամվել Նիկոյանը փորձելու է ցանկացած գնով  եւ կայծակնային արագությամբ, դրա համար լակմուսի թուղթ դարձավ արտահերթ նստաշրջանը, վավերացնել  կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերը: Այսինքն, նրա առաքելությունը առաջիկա 6 ամիսների ընթացքում հե՛նց դա էլ լինելու է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031