Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրանի ծրագրի դեմ պայքարը կուժեղացվի

Դեկտեմբեր 02,2011 18:38

Այսօր Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում «Կայուն զարգացում»  հ/կ եւ «Ազատամարտ» կոմիտեն հանդիպում-քննարկում էին կազմակերպել «Ուրանի հանքի հնարավոր շահագործումը» թեմայով, որին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների եւ Կապանի քոլեջների ու բուհերի ուսումնական խորհուրդների ներկայացուցիչները: Որոշվեց մշակել նոր մարտավարություն եւ այսուհետ գործել ավելի ուժեղացված մեթոդներով՝ ցույցերի եւ հանրահավաքների տեսքով, քանի որ նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ տարբեր պետական պաշտոնյաներին ուղղված նամակները, դիմումներն ու իրականացված ստորագրահավաքները ուրանի ծրագրի լարված ընթացքը դադարեցնելու գործում կրում էին ժամանակավոր բնույթ:

Տեղում ստեղծվեց յոթ հոգանոց ակտիվ աշխատանքային խումբ, որն այսուհետեւ պետք է զբաղվի հետագա աշխատանքների կազմակերպմամբ: Հնչեց առաջարկ՝ ավտոբուսներով ու մեքենաներով բոլորով միասին մեկնել Լեռնաձոր գյուղ, որը ուրանի ծրագրի կենտրոնն է եւ որտեղ կկազմակերպվի բողոքի ակցիա: Հակաուրանյան շարժման հետագա քայլերը կհստակեցվեն առաջիկայում: «Անցած տարի կառավարությանն ուղղված մեր նամակին ի պատասխան՝ նշվել էր, որ ուրանի բավարար պաշարներ չեն հայտնաբերվել, ուստի երկրաբանահետախուզական աշխատանքները դադարեցվում են, իսկ հետագայում այդ աշխատանքները վերսկսվելու դեպքում դրանք կարվեն բնակավայրերից բավականին հեռու ու անվտանգ տեղում: Սակայն այսօր «ԱԲՎԱՆ» ՍՊԸ-ն երկրաբանական ուսումնասիրությունները տեխնիկայի օգնությամբ իրականացնում է Լեռնաձորի Փուխրուտ տարածքում: ՍՊԸ-ի ղեկավարությունը նշում է, որ այդ աշխատանքները լրիվ անվտանգ են, իսկ մենք  մեր նախաձեռնությամբ խոչընդոտում ենք նրանց աշխատանքին: Ընկերությունից ասել են նաեւ, որ ուրանի բավարար պաշար հայտնաբերելու դեպքում  բնական է, որ ուրանի հանքաքարի արդյունահանման աշխատանքներ սկսվեն», – նշեցին հանդիպման կազմակերպիչները:

Ի դեպ, «ԱԲՎԱՆ» ՍՊԸ  տնօրեն Յուրա Գեւորգյանը «Առավոտի» հետ զրույցում նշել էր, որ այս տարվա համար նախատեսված աշխատանքները կտեւեն ընդամենը մեկ ամիս , բայց արդեն մոտ 2 ամիս է՝ երկրաբանական աշխատանքներն այնտեղ շարունակվում են: Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանը գյուղացիների անունից  հավաստիացրեց, որ իրենք միանշանակ դեմ են  ուրանի ծրագրին եւ ամեն հարցում կաջակցեն բողոքի ակցիային ու կլինեն հակաուրանյան շարժման առաջին շարքերում: Ուսանողներն առաջարկեցին կազմակերպել մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին ուրանի վնասակար ազդեցությանը վերաբերող ուսուցողական սեմինարներ, որոնք էլ ավելի կխթանեն ուսանողներին՝ ակտիվորեն մասնակցելու սկսված  պայքարին:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031