«Օրբիս» շինարարական կազմակերպությունը, որը պետական բյուջեի միջոցներով ստանձնել է Արարատի մարզի Դալար գյուղի դպրոցի տանիքի շինարարությունը, իր անորակ աշխատանքով պետությանը պատճառել է 6 միլիոն դրամի վնաս: Եթե «Օրբիսը» մոտ ապագայում վնասը չվերականգնի՝ Վերահսկիչ պալատն (ՎՊ) այդ շինկազմակերպության գործերը կուղարկի գլխավոր դատախազություն. այսօր Գեղարքունիքի մազպետարանում տեղի ունեցած ՎՊ խորհրդի նիստին հաջորդած ասուլիսում այս մասին հայտնեց պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
ՎՊ-ի խորհրդի արտագնա նիստն այս մարզում էր, քանի որ օրակարգի 3 հարցերից 2-ն առնչվում էր Գեղարքունիքին: ՎՊ-ի ստուգած մյուս ոլորտը քաղաքաշինության նախարարության կրթական օբյեկտներում կատարված շինաշխատանքներն էին:
Ասուլիսին ներկա էին նաեւ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, Գավառի քաղաքապետը եւ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Պարոն Վարդանյանը, անդրադառնալով իրենց պարտականությունները թերացումներով կատարած շինկազմակերպություններին՝ փաստեց, որ այս տարի «Օրբիսից» բացի, եւս 8 շինարարական ընկերություն զրկվել է լիցենզիայից, իսկ 7 շինկազմակերպության էլ Ֆիննախը գցել է «սեւ ցուցակ», եւ նրանք այսուհետեւ իրավունք չունեն երբեւէ մասնակցելու պետբյուջեից ֆինանսավորվող շինարարական մրցույթներին:
Իշխան Զաքարյանի խոսքերով, այս տարի ՎՊ-ն հիմնականում արձանագրում է անորակ շինաշխատանքների դեպքեր: «Aravot.am»-ի այն դիտարկմանը, թե գուցե պատճառն այն է, որ շինկազմակերպությունները մրցույթները շահելու համար շատ հաճախ անիրատեսական ցածր գին են առաջարկում, հետո կանգնում փաստի առաջ եւ այս տարվա արձանագրված գնաճն էլ մի կողմից է նպաստել, որպեսզի նրանք ոչ մի կերպ չտեղավորվեն իրենց ծախսերի մեջ, պարոն Զաքարյանն ասաց. «Չեմ կարծում, որ դա կարող է էական ազեցություն թողնի խախտումների վրա, ինչի մասին որ ես խոսում եմ: Մի շարք հարցեր շինարարական ոլորտում արմատական լուծման կարիք ունեն: Օրինակ՝ այս սենյակը վերանորոգելու համար անհրաժեշտ է, ասենք, 10 միլիոն դրամ, որպեսզի այս 10 միլիոն դրամը մենք ծախսենք, նախահաշիվը դառնում է 20 միլիոն: Այսինքն՝ 100 % թվերն աճում են, եթե նույնիսկ հանում ենք 20 % ԱԱՀ, 11 % շահույթ եւ որոշակի տոկոսներ էլ այլ ծախսեր, միեւնույն է՝ 100 % չի լինում: Եվ ես չեմ կարծում, որ շինարարները խեղճ վիճակում են, որ մի փոքր գնաճի դեպքում տուժեն ու նման խախտումներ անեն»:
Կարդացեք նաև
Քաղաքաշինության նախարարության կրթական օբյեկտներում 2009-2010 թթ. տեղի է ունեցել 1 միլիարդ 390 միլիոն դրամի շինարարություն, որից ստուգել են 707 միլիոն 850 հազար դրամը եւ հայտնաբերել 52 միլիոն 434 հազար դրամի խախտում:
Պարոն Զաքարյանի տվյալներով, Գեղարքունիքի մարզպետարանին պետբյուջեից հատկացված 478 միլիոն դրամից ՎՊ-ն ստուգել է 289 միլիոն դրամը եւ արձանագրել, որ ընդհանուր առմամբ 26,1 միլիոն դրամի խախտում կա, որից 6,5 միլիոն դրամը ծավալային հավելագրում է, 15, 8 միլիոն դրամի էլ անորակ աշխատանք: Այս մարզի բուժհաստատություններում պալատը 21,7 միլիոն դրամի խախտում է հայտնաբերել, որից 19,7 միլիոն դրամը կվերականգնվի:
Կրթության ծրագրերի ուսումնասիրությունից բացահայտվել է 7,2 միլիոն դրամի խախտում: Անդրադառնալով սոցծառայություններին, պարոն Զաքարյանը փաստեց, որ 2 տարվա կտրվածքով Մարտունիի սոցծառայությունում տեղի է ունեցել 22,3 միլիոն դրամի, Վարդենիսի սոցծառայությունում՝ 7,3 միլիոն, Գավառի նույն կառույցում՝ 5,2 միլիոն դրամի, Սեւանի սոցծառայությունում էլ՝ 7,2 միլիոն դրամի խախտում, իսկ Ճամբարակում՝ 19 միլիոն դրամի:
Հողի հարկերի չհավաքագրված վճարները այս մարզում կազմում են 5 միլիոն 800 հազար դրամ, Գեղարքունիքի մարզի 8 համայնքներում ընդհանուր առմամբ կազմել են 225 միլիոն դրամ:
Համեմատելով նախորդ տարվա ստուգումների արդյունքների հետ՝ ՎՊ նախագահն ասաց, որ հողերի վաճառքի հետ կապված դրական տեղաշարժ է նկատվում. հողի կադաստրային արժեքից ցածր վաճառք չի կատարվել: Նախկինում ՎՊ-ի պրակտիկայում հանդիպել է, երբ 1 քմ հողը վաճառվել է 5, 6 անգամ՝ 1 դրամով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ