Լրահոս
Օրվա լրահոսը

Թամար Պողոսյանը հայտարարությամբ հանդես չի գա

Դեկտեմբեր 02,2011 18:37

Տեղեկացրել էինք, որ Հայաստանի Վերահսկիչ պալատն ավարտել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում կատարած ստուգումները, որոնց արդյունքներով պարզվել է, որ Թամար Պողոսյանի ղեկավարած տարիներին այստեղ կատարվել են ֆինանսական լուրջ չարաշահումներ:  Aravot.am-ը մշակույթի նախկին նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նորագիր անդամ Թամար Պողոսյանից ՎՊ-ի բացահատած չարաշահումների վերաբերյալ մեկնաբանություն էր խնդրել: Վերջինս պատասխանել էր, թե առաջիկա օրերին ինքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

Այսօր փորձեցինք տիկին Պողոսյանից ճշտել, թե արդյոք հանդես չի՞ գալու հայտարարությամբ: ԲՀԿ անդամ Թ. Պողոսյանն ասաց, որ նոր հայտարարությամբ ինքը հանդես չի գա եւ հորդորեց որպես հիմք ընդունել նոյեմբերի 29-ին Արարատի մարզպետարանում Վերահսկիչ պալատի խորհրդի արտագնա նիստից հետո կայացած ասուլիսում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հետեւյալ պատասխանը. «Մեկ ազգ, մեկ մշակույթ հիմնադրամում» ճիշտ է մենք խախտումներ արձանագրել ենք: Եթե ասեմ, որ դրանք աղաղակող բնույթի են եղել, իհարկե այդպես չէ եւ եթե ասեմ, որ այդտեղ կան յուրացումներ, իհարկե այդպիսի բան չկա, բայց կան որոշ խախտումներ: Եթե ենթադրենք ասենք, որ կազմակերպությունը Ծաղկաձորում պետք է իրականացներ եռօրյա սեմինար եւ ենթադրենք պետք է ծախսեր 5 մլն դրամ, անցկացրել է 5-օրյա սեմինար եւ ծախսվել է ավել գումար` առանց համաձայնեցնելու հիմնադրամի հոգաբարձումների խորհրդի հետ: Մենք չենք կարող ասել, որ այդ գումարը յուրացում է եւ չենք կարող ասել, որ խախտում չկա»:

Տիկին Պողոսյանը հավելեց նաեւ. «Քանի որ լրատվամիջոցներում նշվել էր Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը եւ կայքի տեղեկատվությունը՝ կարծում եմ շատ ավելի կարեւոր էր, որ այսպիսի հերքմամբ, պարզաբանումով, մեկնաբանությամբ, դիրքորոշմամբ, գնահատականներով հանդես եկավ վերահսկիչ պալատի նախագահը: Սա ձեզ համար ավելի արժանահավատ պետք է լինի»:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում տարածված յուրացումների մասին տեղեկատվությանը, նա նշեց. «Մեկնաբանությունները եղել են ոչ կոմպետենտ եւ ոչ համարժեք եզրակացությանը, որովհետեւ մեկնաբանություններ, գնահատականներ տալու լիազորությունը օժտված է բացառապես Վերահսկիչ պալատը, դատախազությունը: Լրատվական ծառայությունների ոչ իրավական մեկնաբանությունները չեն համապատասխանել իրականությանը»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031