Այսօր աշխատանքից ազատվել է Շիրակի ու Արագածոտնի մարզը սպասարկող ՃՈ վաշտի հրամանատար, ծնունդով աշտարակցի Արմեն Կարապետյանը, որը երկար տարիներ աշխատում էր այս համակարգում: Նրան փոխարինելու է Կոտայքի մարզի ՃՈ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանը: Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ այս փոփոխությունը պայմանավորված է հանրապետությունով մեկ կատարվող կադրային տեղաշարժերով: «Սա հերթական կադրային տեղաշարժ է, պատճառը ոչ մեկին էլ հայտնի չէ, ոչ ինձ, ոչ էլ ձեզ, կարող է լույսը բացվի` նոր տեղաշարժերով, բայց ամեն ինչ նորմալ է, չարաշահումներ փնտրել պետք չէ: Արմեն Կարապետյանին էլ դեռ այլ պաշտոնի չեն տեղափոխել, բայց անպայման կտեղավորեն»,- մեր հեռախոսազրույցում այսպես պարզաբանեց վերոհիշյալ մարզերի ՃՈ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանը:
Ոստիկանական մեր աղբյուրների բնութագրմամբ, Արմեն Կարապետյանը համեստ ու անշառ մարդ է, նույնիսկ այնքան, որ հրաժարվել է ցուցմունք տալ հանրապետության ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ: Ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկացնելով, նրան պաշտոնանկ անելը կապված է հենց Մարգար Օհանյանի կատարած չարաշահումների, մասնավորապես՝ «գաիշնիկներին» տրամադրվող բենզինի հետ. հանրապետության ՃՈ նախկին պետն իր ենթականերին ստորագրել է տվել, բայց իրականում նրանց բենզին չի տրամադրել ու յուրաքանչյուր «գաիշնիկ» ստիպված է եղել իր ծառայողական մեքենայի վառելիքի հարցը լուծել սեփական գրպանից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արմեն Կարապետյանը հրաժարվել է այս մասին ցուցմունք տալ ՃՈ նախկին պետի դեմ, սակայն երբ սկսել են նրան նեղել, սպառնացել վռնդել աշխատանքից, փոխել է իր ցուցմունքը` գրելով այնպես, ինչպես պահանջվում է: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ նրան ընդառաջել է` թողնելով պաշտոնի: Իսկ ահա նոր ոստիկանապետը` Վովա Գասպարյանը, ըստ մեր աղբյուրների, ստուգումներ է սկսել Շիրակի ու Արագածոտնի ճանապարհային ոստիկանությունում ու պաշտոնազրկել պետին: Մեր աղբյուրների տեղեկացմամբ, ստուգումները դեռ շարունակվում են, առաջիկայում կրճատումներ կլինեն այս երկու մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանությունում, քանի որ տեղի «գաիշնիկներն» էլ իրենց հերթին են աջակցել իրենց շեֆին` գրելով, որ ստորագրել ու ստացել են նախատեսված քանակի բենզինը: Թեեւ նշենք, որ Շիրակի ու Արագածոտնի ճՈ-ից վստահեցնում են, թե իրենց մոտ ստուգումներ չեն կատարվում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ