Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական լսումներ` բնապահպանների մասնակցությամբ

Դեկտեմբեր 02,2011 16:37

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական ու  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին հրավիրվել էին խորհդարանական լսումներ` քննարկելու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը: Լինելով արտահերթ նիստի օրակարգային հարց` փաթեթը խորհրդարանում քննարկվել, սակայն քվեարկության չէր դրվել: ԱԺ բնապահպանական եւ գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանի ներկայացմամբ` պատճառը նախագծերի վերաբերյալ թե խորհրդարանում եւ թե հասարակական սեկտորում ձեւավորված հակասական կարծիքներն էին: Ընդգրկուն ձեւաչափով` պատգամավորների, բնապահպանության նախարարի եւ մասնագետների, գիտնականների, ինչպես նաեւ հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումների արդյունքում, հանձնաժողովի նախագահի խոսքերով, լսելի կդառնան բոլորի կարծիքները, ինչը կնպաստի փաթեթն ամբողջական եւ  լիարժեք դարձնելուն:

Բնապահպանության նախարարության ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի բաժնի պետ Ջուլիետա Ղլիչյանը ներկաներին ծանոթացրեց 1995 թ. ընդունված օրենքում առաջարկվող հիմնական փոփոխություններին` դրանք հիմնավորելով կիրառման ընթացքում ի հայտ եկած օրենսդրական բացերը վերացնելու եւ միջազգային չափանիշներին համապատասխան մոտեցումներ ամրագրելու հանգամանքով:  Գործող օրենքում, բանախոսի ներկայացմամբ, բացակայում են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, ռազմավարական էկոլոգիական գնահատման, անդրսահմանային ազդեցություններին վերաբերող ընթացակարգերը: Ի թիվս նշված ընացակարգերի ներդրման` կառավարությունը նախագծում նաեւ դասակարգել է  փորձաքննության ենթակա գործունեության տեսակները ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության` խմբավորելով դրանք Ա, Բ, Գ կատեգորիաներում եւ դրանց համար նախատեսելով համապատասխանաբար 60, 40 եւ 30 օր: Այսօր գործում է փորձաքննության ժամկետների միասնական կարգ. բոլորի համար այն 120 օր է: Նախարարության ներկայացուցիչը նաեւ տեղեկացրեց, որ գործող օրենքով փորձաքննությունն անց է կացվում նախաձեռնողի ֆինանսավորմամբ, մինչդեռ նախագծի ընդունման պարագայում այն կիրականացվի պետբյուջեի միջոցներով: Բնապահպանների ու նախաձեռնող խմբի անունից շրջանառված փաթեթի վերաբերյալ անհամաձայնություն ներկայացրեց  փորձագետ Արման Վերմիշյանը` նշելով, որ իրենց դիտողությունները սկզբունքային են, ինչով պայմանավորված էլ առաջարկում են նախագծերը հետ տանել եւ օրենքի նոր նախագիծ մշակել: Արման Վերմիշյանն առաջարկեց այս նախագծերի փոխարեն շրջանառության մեջ դնել նոր փաթեթ` կից այլ օրենքներում փոփոխություններով ու ենթաօրենսդրական ակտերով: Նաեւ` այն ուղարկել Օրհուսի համապատասխանության կոմիտե`     ստանալու փորձագիտական եզրակացություն:

Թե պատգամավորների, թե բնապահպանների հարցադրումներում ու ելույթներում մտահոգություններ հնչեցին փորձաքննության ժամկետները նվազեցնելու, գործընթացը պարզեցնելու եւ արագ կազմակերպելու վերաբերյալ` նշելով, որ նախատեսված ժամկետները բավարար չեն նեղ մասնագիտական ուսումնասիրություններ կատարելու եւ եզրակացություններ տալու համար: Նշվեց նաեւ որոշումները բողոքարկելու առավել  ճկուն պայմաններ եւ վիճահարույց նախաձեռնությունները կասեցնելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությունը: Բնապահպանները խոսեցին նաեւ շտապողականության պայմաններում  ապօրինությունների հնարավոր վտանգի մասին` պատասխանատուների ուշադրությունը հրավիրելով վերջին շրջանում աղմակահարույց մի քանի գործերի վրա:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը լսումների վերջում անհրաժեշտ ու հիմնավորված համարեց օրենքը փոփոխելու` կառավարության նախաձեռնությունը: Անհամաձայնությունների վերաբերյալ նա նկատեց` սպասում են բոլորի առաջարկություններին ու դիտողությունների, որոնք քննարկումից հետո կարտացոլվեն լրամշակված փաթեթում: Նախարարը նկատեց, որ բնապահպանության ոլորտում շատ են մասնագիտացված ՀԿ-ները, որոնց  հետ համագործակցության արդյունքում կբարելավվեն նախագծերը:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը եւս առաջարկները քննարկելու եւ ՀԿ-ների կարծիքները հաշվի առնելու պատրաստակամություն հայտնեց:

www,parliament.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031