Երեւանում է համաշխարհային ճանաչման արժանացած ամերիկաբնակ վրաց դաշնակահար, Ինդիանայի Սաութ Բենդ համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Թորաձեն: Վաղը նա վարպետության դասեր կանցկացնի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, իսկ հաջորդ օրը Ազգային օպերային թատրոնում, վերջինիս նվագախմբի հետ (դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան) հանդես կգա մենահամերգով:
Այսօր մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսում Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ասել է, որ հռչակավոր երաժիշտը համերգը նվիրում է Սպիտակի երկրաշարժի զոհերին:
Այսօր էլ երաժշտասեր հասարակայնությունը հիշում է շուրջ 30 տարի առաջ Ա. Թորաձեի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) երեւանյան համերգը, այն տարիների ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ: Ի դեպ, հիշյալ համերգից ամիսներ անց Թորաձեւն 1983թ. հայտնվեց Ամերիկայում, ուր ապրում եւ ստեղծագործում է մինչ օրս:
Կարդացեք նաև
Ալեքսանդր Թորաձեի հետ հարցազրույցը՝ առաջիկայում:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ