Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ԱԱԾ տնօրենի՝ գործակալը պարկեշտ, համեստ, հայրենասեր անձնավորություն է

Դեկտեմբեր 02,2011 16:00

«Գաղտնազերծման մասին» օրինագծի հետ կապված «Արմենպրեսը» մեկնաբանություն է ստացել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանից: Նա ասել է. «Կարծիք է ստեղծվում, որ նման  նախաձեռնությամբ հանդես եկողները  խորությամբ չեն ընկալում  ՀՀ անվտանգության մարմինների դերն ու նշանակությունը,  պատկերացում չունեն, թե նման նախաձեռնությունն ինչ հետեւանքներ կարող է ունենալ  անվտանգության համակարգի  եւ հետևապես` պետության համար: Մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ հետխորհրդային մի քանի հանրապետություններ  նմանատիպ քայլեր ձեռնարկեցին այս ուղղությամբ: Պետք է նշեմ, որ դա չարժանացավ  հասարակության լայն խավերի հավանությանը եւ ժամանակին կասեցվեց: Այստեղ պետք է նշել այն փաստը, որ ոչ մի հատուկ ծառայություն չի գործում եւ չի կարող գործել  առանց գործակալական ցանցի, եւ նույնիսկ նախկինում համագործակցած  գործակալների բացահայտման նախադեպը  զգալի հարված կհասցնի  անվտանգության ողջ համակարգին»:

Իսկ գործակալների հետ կապված՝ ազգային անվտանգության տնօրենն ասել է. «Նրանց ճնշող մեծամասնությունը եւ խորհրդային ժամանակաշրջանում, եւ այժմ պարկեշտ, հայրենասեր, մարդկային լավագույն հատկանիշներով օժտված անձնավորություններ են:

Արժե  նշել, որ ելնելով երկրի  զարգացման արդի իրողությունից, անկախ պետականության գոյությունից,  հիմնովին վերաիմաստավորվել են ծառայության կողմից լուծվող քաղաքացու, հասարակության եւ պետության անվտանգության ապահովմանն  ուղղված խնդիրները:

Վերջին տարիներին Հայաստանի տարածքում արտասահմանյան լրտեսների  բացահայտման  հիմնական վաստակը  անվտանգության ծառայության հետ  համագործակցող անձնավորություններինն է, որոնց մասին կոնկրետ  տեղեկությունները, համաձայն ՀՀ օրենքի՝ հանդիսանում են պետական գաղտնիք»:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի դիտարկմամբ, «Գաղտնազերծման մասին» օրենքը ոչ հիմա,  ոչ էլ ապագայում չի ընդունվի. «Անկախ բոլոր քաղաքական ելեւէջներից՝ մեր հայրենակիցները ամեն ինչից վեր կդասեն Հայրենիքի անվտանգությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել