Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բյուջեի արատավոր էությունը

Դեկտեմբեր 02,2011 14:59

 Կարինե Հակոբյան          
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար

 

Բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ «Ժառանգության» գրասենյակ հրավիրված մասնագետները հարկային մուտքերը ավելացնելու բազմաթիվ հնարավորություններ մատնանշեցին, որոնցից  գլխավորը, իհարկե, հանքարդյունաբերությունից ստացված շահույթներն են: Տվյալները փաստում են, որ այդ ոլորտը հարկային դաշտ բերելով` ոչ միայն բնապահպանական շատ հարցեր կլուծվեն, այլև էականորեն կփոխվի բյուջեի եկամուտների պատկերը: Առաջին հայացքից այդ ամենը շատ գրավիչ է և հուսադրող: Սակայն 2012 թ.-ի Պետական բյուջեի նախագծի  հետ ծանոթացումը ինձ այլ մտորումների առիթ տվեց: Իհարկե, Բյուջեն ընդամենը փաստաթուղթ է, սակայն փաստաթուղթ, որում արտացոլված է մեր արատավոր իրականությունը: Եվ հետևաբար Բյուջեի վերլուծությունը ինքնանպատակ չէ, այն պետք է օգնի  հասկանալ այդ արատների բնույթը և պատճառները:  Երբ  բյուջեում գումարների բաշխումը ուղղված չէ երկրում գոյություն ունեցող խնդիրների լուծմանը, այլ` հակառակը, բնականաբար մտածում ես, որ այդպիսի  բյուջեի մեծությունը հակադարձ համեմատական է երկրի զարգացմանը, այսինքն. որքան մեծ է բյուջեն, այնքան արագ տեմպերով կարող է ապականվել և քայքայվել երկիրը:  Հետևաբար,  բյուջեի նախագիծը քննելիս պետք է ավելի կարևորել ծախսերի բովանդակությունը, այն, թե  կառավարության կողմից ֆինանսական միջոցներն ինչպես են ծախսվում, արդյո՞ք դրանք ծախսվում են արդար, խելամիտ և նպատակային, թե` այլ կերպ:

Բյուջեի օրենքի նախագծում ծախսերի գործառական դասակարգումը ուսումնասիրելիս պարզ տեսնում ես կոռուպցիայի, ինչպես նաև ֆինանսական միջոցների յուրացման և գումարների փոշիացման անսահման հնարավորությունները: Նշեմ մի  օրինաչափություն, որն անմիջապես աչքի  է զառնում. որքան անորոշ է ծախսը, այնքան մեծ է հատկացված գումարը և, հակառակը, որքան որոշակի է, թե ինչպես և ինչի վրա է ծախսվելու գումարը, այնքան  փոքր է հատկացումը: Օրինակ ամբողջ հանրապետությունում մաքուր աշխատավարձին և հավելավճարներին հատկացված  գումարը բյուջեի 1տրլն 44 մլրդ  564 մլն դրամ կազմող ծախսերի մեջ միայն  70 մլրդ  670 մլն-ն է կազմում: Փաստորեն, եթե Հայաստանում ոչ միայն նվազագույն, այլ բոլոր բյուջետային աշխատավարձերը եռապատկվեն, կծախսվի ընդամենը լրացուցիչ 150 մլրդ դրամ: Կոռուպցիոն ռիսկերով լեցուն դրամաշնորհներ բաշխելու  փոխարեն, կարելի էր ուղղակի, ի սկզբանե, ավելի մեծ գումար հատկացնել համայնքային բյուջեներին, ինչպես նաև  աշխատավարձերին:

Երբ խոսքը վերաբերում է Բյուջեին, մենք միշտ նշում ենք, թե ինչին է քիչ հատկացված և երբեք չենք խոսում այն մասին, թե  ինչու, ինչ տրամաբանությամբ և ինչ հիմնավորումով են բաշխվում գումարներն ընդհանրապես: Եվ խնդիրը միայն ֆինանսները չեն, այլև մարդկային ռեսուրսների բաշխումը և ներուժի օգտագործումը: Այսինքն, բյուջեն մեզ ասում է, թե ինչով են զբաղվում, կամ ինչով չեն զբաղվում օրինակ Կառավարության աշխատակազմում:  Պարզվում է նրանք մատուցում են նաև “Աջակցություն պտղի ¨ ընկուզեղենի արտադրության բաղադրիչի կառավարման ¨ մոնիտորինգի ծառայություններ”, 165 մլն 120 հազար դրամով: Կամ, Բյուջեից մենք իմանում ենք, որ նախագահի աշխատակազմը իրականացնում է “Ծխելու դեմ պայքարի ¨ շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագիր”, և բազմաթիվ այլ, իր անմիջական պարտականությունների հետ կապ չունեցող ծրագրեր: Գրեթե անհնարին է հասկանալ Մշակույթի նախարարության ծախսերի տրամաբանությունը: Ամենից քիչ գումար հատկացված է թանգարաններին և, ընդհանրապես, մշակութային ժառանգությանը, իսկ մեկանգամյա միջոցառումներին, որոնց ավարտից հետո անգամ հաճելի հիշողություն չի մնալու` նախատեսված են բավական մեծ գումարներ: Այս փաստաթուղթը ընթերցելիս հասկանում ես, որ Վերահսկիչ պալատի հանրությանը ներկայացրած ֆինանսական յուրացումների փաստերը մի աննշան մասն են  այս տարիների ընթացքում կատարված կողոպուտի: Եվ բոլորովին պետք չէ շատ չարչարվել Կառավարության գործունեությունը ոլորտ առ ոլորտ ստուգելու համար. կոռուպցիայի հնարավորությունները և գումարների յուրացման սողանցքները պարզ, շատ պարզ, գրեթե թափանցիկ  արտացոլված է ՀՀ Բյուջեի այս նախագծում: Երբ գումարը, օրինակ, չի հատկացվում ակնհայտ առավելություն ունեցող հաստատությանը, այլ հատկացվում է մի կազմակերպության, որը ոչ  մասնագիտական ռեսուրս ունի, ոչ փորձ և ոչ էլ  գոնե հեռանկարայնություն, բնականաբար մտածում ես, որ, կամ այդպիսի ընտրություն կատարած ղեկավարը չափազանց վատ է աշխատում, կամ կա մեկ այլ շարժառիթ: Եվ, եթե ես  նկատում եմ այդ աչք ծակող փաստերը, ապա, բնականաբար, դա նկատում է նաև վարչապետը, որը կամ չափազանց վատ է աշխատում, կամ   մասնակից է այդ հանցագործ գործարքներին:

Ազատ շուկայական տնտեսությամբ երկրում, գործում են մի քանի    նախարարություններ, որոնք բոլորը  զբաղված են  տնտեսությունը Հայաստանում «խթանելով»: Եվ ուշագրավ է, որ պետական բյուջեից հենց այստեղ են բավական մեծ գումարներ հատկացվում: Որևէ մեկը հաշվե՞լ է, թե այս քսան տարում որքան գումար է մսխել Գյուղատնտեսության նախարարությունը, որպեսզի հայկական գյուղը հիմնովին քայքայի: Այն տպավորությունն է, որ պետական բյուջեից օգտվում են բոլորը բացի գյուղացուց: Նույնը մյուս ոլորտներն են, որոնց որքան գումար ես հատկացնում այնքան ավելի արագ են քայքայվում` կրթություն, առողջապահություն, բնապահպանություն, քաղաքաշինություն և բոլոր մյուսները:  Պետական բնակարանաշինության առանց այն էլ փոքր գումարները հաջորդ տարվա համար ավելի են պակասեցվել, սակայն խնդիրը դարձյալ միայն գումարի քանակը չէ, այլ բաշխման տրամաբանությունը, երբ կոմունալ ծախսերին հատկացված գումարը հարյուրապատիկ ավելի է, քան բուն բնակարանաշինությունը:  Ի դեպ հարկեր չվճարելու  հոգեբանական պատճառներից մեկը, կարծում եմ, հենց բյուջեի ծախսերի այսպիսի բովանդակությունն է: Որովհետև մարդիկ գիտակցորեն, կամ ենթագիտակցորեն ուզում են, որպեսզի  գումարը, որը նրանք հարկերի և տուրքերի ձևով  փոխանցում են բյուջե, հանրօգուտ գործի ծառայի:

Այս բյուջեն անվանել «սոցիալական» ընդամենը  նշանակում է հեգնել հասարակությանը:  Մեր իշխանությունները մեզ պարզ ասում են. ձեր տեսածին մի հավատացեք, մեր ասածին հավատացեք:   Թե ստի ինչպիսի չափաքանակ է պարունակում այս  փաստաթուղթը, կարելի է տեսնել հենց Բյուջեի այսպես կոչված «Ուղերձ»-ում, որտեղ ամփոփված է  բյուջեի գաղափարախոսությունը: Այն սկսվում է այսպես. «Հաշվի առնելով ընթացիկտարումարձանագրվածտնտեսականզարգացումներիմիտումները, 2012թ.-ին ՀՀ կառավարության սոցիալտնտեսական քաղաքականությունը հիմնականում միտված է լինելու մակրոտնտե­սականկայունությանպահպանմանը` ապահովելով կայուն հետճգնաժամային տնտեսական աճ(ընդգծումները իմն են): Եվ այնուհետև.«գործարար միջավայրի բարելավման, գիտելիքահենքտնտեսության ենթակառուցվածքների զարգացման …. մեծացմանընդլայն­մանուղղությամբ` և հետո`  « Կշարունակվեն աշխատանքները Հայաստանը տարածաշրջանում գործարար և ներդրումային միջավայրի «գերազանցության կենտրոն» դարձնելու ուղղությամբ»:  Իրականությունն այն է, որ ՀՀ պետական Բյուջեն իր հայեցակարգում մեզ հրամցնում է հայկական իրականության հետ որևէ կապ չունեցող  վիրտուալ մի իրավիճակ, այնուհետև առաջարկում է դրանից դուրս գալու վիտուալ ուղիներ`  այդ աշխարհին բնորոշ անորոշությամբ և քաոսով: Ում է ձեռնտու այդ քաո՞սը` նրանց, ովքեր ձուկ որսում են պղտոր ջրում, որովհետև այդ վիրտուալ թվացող աշխարհում ֆինանսները այնուամենայնիվ իրական են: Իսկ ինչ վերաբերում է տարիներ շարունակ կառավարության կողմից թմբկահարվող` «բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն» արտահայտությանը, ապա, հետաքրքիր է հարցնել, իսկ ուրիշ ի՞նչ ուղղվածություն կարող է ունենալ  պետական բյուջեն, ընդհանրապես:

Այժմ անդրադառնանք հարկային փոփոխությունների փաթեթին, որը խոստանում է մոտ 100 մլդ-ով ավելացնել հարկային մուտքերը բյուջե:  Որոշ փորձագետների տեսակետից  այն իրատեսական չէ: Ես, սակայն, այլ հարցադրում կանեի. իսկ ցանկալի՞ է դա: Կարծում եմ` ոչ: Այն պարզ պատճառով, որ տնտեսությանը և հետևաբար սոցիալական ոլորտին այդ հարկահավաքության  վնասը  շատ ավելին է լինելու, քան այդ 100 մլրդ դրամը:  Դարձյալ սխալ է ախտորոշված հիվանդությունը, դարձյալ իրական խնդիրը մի կողմ դրած արհեստական խնդիր են մեջտեղ քաշում և համապատասխանաբար արհեստական լուծում տալիս դրան: Այնինչ, իրական խնդիրը Հայաստանում դա, իր լայն և ժամանակից իմաստով,  մաֆիայի իշխանությունն  է, այսինքն` բիզնեսի և իշխանության միաձուլման հետևանքով առաջացած տնտեսական և քաղաքական մոնոպոլիաների իշխանությունը: Դա է այն գերխնդիրը, որը հայ հասարակության առջև ծառացել է և իր անհապաղ լուծումն է պահանջում: Եվ, որի հետևանքով այսօր Հայաստանի գործարար աշխարհում իշխում է միայն գերշահույթով աշխատելու մտայնությունը և հոգեբանությունը, և  բացակայում է սոցիալական համերաշխության մթնոլորտը: Եվ այլևս պետք չէ զարմանալ, որ մեծ բիզնեսի ներկայացուցիչները տարեց տարի ոչ թե կրկնապատկում, այլ հնգապատկում են իրենց կապիտալը և` առաջնորդվելով «փողը փող է բերում» տրամաբանությամբ և` չհանդիպելով որևէ օրենսդրական սահմանափակման,  նրանք իրենց  ճանապարհին ոտնատակ են անում փոքր և միջին գործարարներին` նոր շահութաբեր ոլորտներ զավթելով: Իսկ հարկային այդ  փաթեթը, բացի այն, որ մեծ չափաքանակով սուտ է իր մեջ պարունակում, այն վտանգավոր է առաջին հերթին իր գաղափարական հիմքով: Փոխարենը, շեշտը փոքր և միջին բիզնեսի զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման վրա դնելու, Հայաստանի իշխանությունները, փաստորեն, ասում են. ինչ ուզում եք արեք, ուզում եք ամբողջ Հայաստանի տնտեսությունը բաժանեք երեք կամ չորս ընտանիքների միջև, միայն մի քիչ ավելի հարկեր վճարեք: Փաստորեն, հարկային նոր քաղաքականությամբ և բյուջեի այս նախագծով օրինականացվում է և ամրագրվում է մեծ բիզնեսի գերակայությունը և մենաշնորհը Հայաստանում: Մյուս կողմից  սակայն դա բացահայտ  պատրանք է, քանի որ ինչպես նշեցինք,  Հայաստանում խնդիրը ոչ թե այն է, որ հարկերը ցածր են, այլ այն, որ խոշոր գործարարները այդ հարկերը չեն վճարում: Իսկ դա արդեն ոչ թե օրենսդրական խնդիր է, այլ` քրեական: Ինչ վերաբերում է պրոգրեսիվ եկամտահարկին, ապա դարձյալ սխալ ծայրից են սկսում գործողությունները: Որպեսզի հարկահավաքության հնարավորությունները և ծավալները մեծանան անհրաժեշտ են շատ աշխատատեղեր և շահութաբեր բիզնեսի ծավալում: Այսինքն սկզբունքը պետք է լինի ոչ թե քիչ սուբյեկտներից` շատ հարկեր հավաքել, այլ` հակառակը: Իսկ բիզնեսը և մանավանդ տեղի արդյունաբերողին ոտքի կանգնեցնելու համար անհրաժեշտ է մտածել  սպառման արտաքին շուկաների ձեռքբերման և արդար մրցակցության միջավայրի ապահովման մասին:

Նախքան Բյուջեի մուտքերի ավելացման մասին մտահոգվելը, որը նույնպես կարևոր է, պետք է մտածել, որպեսզի ծախսերը ամբողջությամբ ծառայեն ժողովրդին և ուղղված լինեն երկրի զարգացմանը: Երբևէ հարցրե՞լ եք` այդ ինչպես է լինում, որ  բյուջեի եկամուտը վերջին տարիներին ավելանում է, սակայն ժողովրդի սոցիալական վիճակը գնալով վատանում է:Պատասխանը կարելի է գտնել ժողովրդական ասացվածքում «Գողը, եթե տնից է` եզը երդիկից կհանի»: Կարծում եմ ոչ մի նորություն այս ասացվածքով չասացի, քանի որ քսան տարի է հասարակությունը  նույն բողոքն է հայտնում, որ երկիրը  կողոպտում են: Եվ այդուհանդերձ,  որևէ նախարար քրեական պատասխանատվության չի ենթարկվում, որևէ մեծ գործարար` հարկերը չվճարելու համար քրեորեն չի պատժվում: Խոսքը, հասկանալի է, որ քաղաքական հաշվեհարդարի մասին չէ, այլ` որ օրենքը լինի հավասար բոլորի համար: Եվ այդ անպատժելիությունը այն չափորոշիչն է, որով որոշվում է  մեր իշխանությունների վերաբերմունքը պետական ունեցվածքի և ընդհանրապես պետության հանդեպ: Փաստորեն պետական, նույն ինքը` հանրային, ազգային  ունեցվածքը` ներառյալ ՀՀ պետական բյուջեն,  անտեր է մեր երկրում, այն ոչ մեկինն է, եթե այդպես հեշտությամբ այն կարելի է յուրացնել: Այդ դեպքում, ինչու՞ ենք մենք այդպես մտահոգ  ավելացնելու համար հարկային   եկամուտները և պետական տուրքերը, երբ բյուջեն, ինչպես անտակ տակառ, վերջին հաշվով ժողովրդի համար  դատարկ է մնալու, իսկ մյուսներին ավելի է փչացնելու`  ապականելով նաև մեր միջավայրը:

Թեև բոլորս  գիտենք, որ հնարավոր չէ բուժել հիվանդությունն առանց այն ճիշտ ախտորոշելու, այդուհանդերձ` վախենալով վիրահատությունից, գերադասում ենք ինքնախաբեությամբ թաքցնել հիվանդությունը: Այդ հիվանդությունն է «պետական համակարգի ֆունկցիոնալ խանգարում» որպես  հավերժական անցումային ժամանակաշրջանի ախտանիշ: Այն անբուժելի է, քանի դեռ չի փոխվել քաղաքական վերնախավի բնույթը և քանի դեռ կոռուպցիան իշխող է երկրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031