«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ եւ 12-րդ հոդվածների դրույթները հակասահմանադրական ու անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան:
Կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը պնդում է, որ վերոնշյալ հոդվածները հակասում են ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ, 6-րդ, 27-րդ եւ 43-րդ, 83.5-րդ, 117-րդ հոդվածներին: Սաքունցը փաստում է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը կամ օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը: Տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դեպքերում: «Տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու իրավահարաբերությունները կարգավորվում են «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով»,-ասում է իրավապաշտպանը:
«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով օրենսդիրը գործադիր իշխանության մարմիններին լիազորություն է վերապահում վերջիններիս մշակելու եւ իրենց կողմից ընդունվող իրավական ակտերով հաստատելու գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկեր, որոնց տնօրինելու լիազորությամբ օժտված են իրենք: «Քանի որ գաղտնիք է, թե ինչն է գաղտնի տեղեկություն, ապա հասարակության անդամներին հայտնի յուրաքանչյուր տեղեկություն, որոշակի հավանականությամբ, կարող է ընդգրկված լինել այդ ցանկերում, եւ դրանց տարածումը հնարավոր է, որ փաստական եւ իրավական հետեւանքներ առաջացնի իրավահարաբերությունների մասնակիցների համար»,-ասում է Սաքունցը:
Նա հավելում է, որ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքն այն բազմաթիվ օրենքներից մեկն է, որը Սահմանադրության փոփոխությունների` ուժի մեջ մտնելուց հետո չի վերանայվել եւ չի ենթարկվել փոփոխությունների:
Կարդացեք նաև
ՀՀ Սահմանադրական դատարան կազմակերպությունը դիմել է այն ժամանակ, երբ դատական ատյանները մերժել են ՀՔԱՎ-ի հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության: Կազմակերպությունը 2010 թ. փետրվարի 10-ին տեղեկատվության հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկատվություններ այն մասին, թե 2009 թվականին ծառայության ընթացքում քանի ժամկետային եւ պայմանագրային զինծառայող է մահացել ՀՀ զինված ուժերում, նրանց անունը, ազգանունը եւ հասցեն: ՀՀ պաշտպանության նախարարության` կազմակերպություն ուղղված մերժում-պատասխանն ստանալուց հետո, 2010 թ. փետրվարի 27-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նոր հարցում է ուղարկել նախարարություն՝ խնդրելով տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանով գործողության մեջ դրված «ՀՀ պաշտպանության նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկատվությունների ընդլայնված գերատեսչական ցանկը»:Նախարարությունը մերժել է տրամադրել պահանջվող տեղեկատվությունը՝ համարելով այն պետական, ծառայողական գաղտնիք:
Կազմակերպությունը պաշտպանության նախարարության տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելու իրավաչափությունը վիճարկել է ՀՀ վարչական դատարանում: Դատարանները մերժել են կազմակերպության հայցը եւ բողոքները` վկայակոչելով «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները: «Այսպիսի պայմաններում քաղաքացիական վերահսկողությունից դուրս է մնում հանրային իշխանության մարմինների գործունեության մի կարեւոր եւ ծավալուն ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական եւ ժողովրդավարական հասարակությունում գործող հիմնարար սկզբունքների հետ»,- եզրափակում է Արթուր Սաքունցը:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր