Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջրաչափերը՝ ջրի կորստի պատճառ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2011 14:21

Այն ջրաչափերը, որոնք երեւանցիները մի քանի տարի առաջ համատարած տեղադրեցին, արդեն ժամկետանց են եւ ճիշտ չեն հաշվում օգտագործված ջրի խորանարդ մետրերը: Այս մասին այսօր  Aravot.am-ին հայտնեց «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը՝ իրենց ընկերության 5-ամյա գործունեության արդյունքների ամփոփման ժամանակ: Նրա խոսքերով, վատ աշխատող ջրաչափերի պատճառով էլ են ջրային կորուստներ լինում. «Ընդհանուր ջրային կորուստների գրեթե կեսը նման կորուստներն են: Մեր ընկերության համար դա մեծ խնդիր է»:

Նա ասաց նաեւ, որ իրենք ունեն որակյալ կադրերի խնդիր. «Հիմա բավականին երիտասարդ կադրեր ենք ընդունել մեր ընկերություն: Նրանք վերապատրաստվելով ու մասնագիտական փորձ ձեռք բերելուց հետո արդեն կստանձնեն ավելի բարձր պաշտոններ՝ այդպես մենք հմուտ մասնագետներով կհամալրենք մեր համակարգը»:

Այս միջոցառման ժամանակ «Երեւան ջուրը» հիմնականում ներկայացնում էր ձեռքբերումները: «Երեւան ջրի» սեփականատեր «Վիոլա» ընկերության Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում իրականացվող ծրագրերի տնօրեն Ռեմի Պոլն իր ելույթում նշեց, որ իրենք ոչ միայն պայմանագրային պարտավորություններն են կատարում, այլ մի բան էլ ծրագրերով արդեն առաջ են ընկեր ու այդպես էլ շարունակելու են: «Երեւան ջրի» գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանն էլ ավելացրեց, որ այս տարվա  դեկտեմբերի 1 դրությամբ Երեւանի 82% բաժանորդների ջրամատակարարումը դարձել է շուրջօրյա. «Բացի այդ, երբ նոր սկսեցինք աշխատել, Հայաստանի պետությունից 1 միլիարդ դրամ սուբսիդիա էինք ստանում, իսկ հիմա 9.2 միլիարդ վճարում ենք պետբյուջե»:

Ընկերության 5-ամյա գործունեության մասին ցուցադրվեց նաեւ ֆիլմ՝ « Ջուրը կյանքի աղբյուր է»: Ֆիլմում ներկայացվում էր, որ «Երեւան ջուր» ընկերությանը ջրամատակարարման ամբողջ խողովակների ցանցը վերանորոգելու համար անհրաժեշտ է $600 միլիոնի ներդրում, որի հնարավորոթյունը իրենք դեռ չունեն, դրա համար էլ քիչ-քիչ են անում այդ աշխատանքները:

Այս ամենից հետո ելույթ ունեցավ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, որը շեշտեց, թե ամենից առաջ պետք է, որ ընկերության սպառողները դժգոհություններ չունենան ընկերությունից եւ ունենան որակյալ ու շուրջօրյա ջրամատակարարում: Նշենք, որ ըստ Գ. Գրիգորյանի, բաժանորդները հատկապես դժգոհում էին ջրամատակարարման քիչ շարունակականության համար. «Այժմ, ինչպես տեսնում եք, ջրամատակարարման ժամերն ավելացել են»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031