Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Հակոբյանը չի լքի Հայաստանը

Դեկտեմբեր 02,2011 13:19

Ճանաչված բարիտոնը, չնայած գայթակղիչ առաջարկներին, կստեղծագործի հայրենիքում

Օրերս Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մեկնարկած «100 համերգ Ցեղասպանության նահատակների հիշատակին» շարքի առաջին համերգին, որտեղ ի թիվս այլ երաժիշտների՝ իր մասնակցությունն էր բերել օպերային ճանաչված բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանը, «Առավոտը» ականջալուր եղավ նրա անվան շուրջ խոսակցությունների: Օրինակ՝ ասվում էր, որ վերջերս երգիչը մասնակցել է լոնդոնաբնակ անվանի դիրիժոր Վլադիմիր Յուրովսկու կողմից Մեծ թատրոնում Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերային ներկայացման գլխավոր դերերգերի համար անցկացված ունկնդրմանը. շուրջ 10 տարվա «վերանորոգումից» հետո Չայկովսկու «Մոխրոտը» բալետին պետք է հաջորդեր հիշյալ օպերային բեմադրությունը:

Երեւանյան հանդիսատեսը «արձանագրում» էր երգչի 2009-10թթ. հայաստանյան եւ արտերկրյա բեղմնավոր ստեղծագործական կյանքը, նշում էր, որ 2009թ. Սանկտ Պետերբուրգում Միխայլովյան թատրոնի տնօրենը Գ. Հակոբյանին Նեւսկի պողոտայում առաջարկել է երկսենյականոց բնակարան՝ աշխատավարձն էլ թողնելով երգչի հայեցողությանը: Մարդկանց հետաքրքրում էր, թե ի՞նչն է պատճառը, որ այս տարի երգիչը այդպես էլ չունեցավ ոչ մի արտերկրյա հրավեր: Հանդիսատեսը մտահոգ էր Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակիչ, հանրահայտ բարիտոնի կենցաղով: Այս առիթով էլ խոսվում էր, թե ՀՀ նախագահը նրան բնակարան է խոստացել Երեւանում: Ցավալի է, բայց փաստ, որ ի վերջո իտալացիները Գեւորգին «իրենցով կանեն», քանի որ նրա արտերկրյա հյուրախաղերով զբաղվում է իտալական աշխարհահռչակ «Սթեյջ Դոռ» մենեջերական կազմակերպությունը, որի հովանու ներքո են գործել Լուչիանո Պավարոտին, Միրելա Ֆրենին, Նիկոլայ Գյաուրովը եւ այլ աստղեր:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Գեւորգ Հակոբյանը համակարծիք լինելով վերը շարադրվածի հետ՝ նախ հայտնեց, որ 2012թ. իր համար, կարճ ասած՝ լինելու է «հյուրախաղերի տարի», հանդես է գալու Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում, Հնդկաստանում եւ այլուր: Ինչ վերաբերում է այս տարի օտար բեմերում իր պասիվությանը, բերեց միայն մեկ օրինակ. «Ունեցել եմ երեք ներկայացման առաջարկ Պալերմոյում, Վերոնայում եւ Ջենովայում: Բայց քանի որ Վերդիի օպերաներում առաջարկվող դերերգերը (Մակբեթ, Բարնաբա, Ռիգոլետո) գերդրամատիկ են, այսինքն՝ դրանք կատարելու դեպքում կարող եմ ձայնս վնասել, հրաժարվել եմ: Մեծ թատրոնում Վ. Յուրովսկին խորհուրդ տվեց նման դերերգեր, այդ թվում նաեւ Բորիս Գոդունով չկատարել՝ ձայնս չվնասելու նպատակով, քանի որ դեռ երիտասարդ եմ: Ի դեպ, բախտս բերել է ճանաչված խաղընկերներ ունենալու հարցում: Օրինակ՝ տպավորված եմ Մարիինյան թատրոնի առաջատար բաս Ալեքսեյ Տանովիցկու խաղով կամ 2008-ին Իտալիայում կայացած Ռիմսկի-Կորսակովի «Ասք Կիտեժ քաղաքի մասին» ներկայացմամբ, որը BBC-ով հեռարձակվում էր եվրոպական 30 երկրում, դիրիժորն էր Ալեքսանդր Վեդերնիկովը: Անջնջելի հիշողություն է 2009-ին Իտալիայում Լեոնկավալոյի «Պայացներում» եւ Մասկանիի «Կավալերիա Ռուստիկանայում» Պիերո Ջուալիաչիի, Ֆրանչեսկո Անիլլեի հետ բեմ բարձրանալը, ինչպես նաեւ Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ», Վերդիի «Աիդա» ներկայացումներում Լորին Մաազելի նման մեծահամբավ դիրիժորի հետ աշխատելը…»:

Մեր զրուցակիցը օպերային թատրոնում իր զբաղվածությունից դժգոհելու առիթ չունի. նա զբաղված է խաղացանկային բոլոր ներկայացումներում: Զրույցի ավարտին իր երկրպագուներին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի իր մասնագիտական դասարանի ուսանողներին հանգստացրեց, թե՝ չի պատրաստվում որեւէ երկրում «բուն դնել»: Կատակեց էլ. «Ճիշտ չեմ գտնում մի երկու տարի աշխատելով, ասենք՝ Իտալիայում, հյուրախաղերով գալ հայրենիք, ինչ է թե՝ անվանս դիմաց գրվի Իտալիա»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031