Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեկտեմբերը շախմատային ամիս է

Դեկտեմբեր 02,2011 13:15

Տարվա այս ժամանակահատվածում, սովորաբար, մարզական աշխարհը պասիվանում է: Մեր պարագայում նկատի ունենք հատկապես ամառային մարզաձեւերը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները բավականին շատ մարզաձեւերում առաջատար դերակատարություն են ունենում միջազգային կարգի մրցումներում:

Բացառություն կազմում է, թերեւս, շախմատը: Այս մարզաձեւում մրցաշարերը բաշխված են այնպես, որ կլոր տարի տարբեր երկրներում միշտ էլ հետաքրքրական մրցում լինում է: Եվ քանի որ մեր շախմատիստները, անկախ տարիքից, ամենուրեք եղանակ ստեղծողների շարքերում են, ստացվում է այնպես, որ տեղեկատվության առյուծի բաժինը հենց այս մարզաձեւից է:

Վաղվանից մինչեւ դեկտեմբերի 13-ը Չեխիայի Մարիանսկե քաղաքում կայանալու է «Ձնծաղիկներ»- «Հին ձեռքեր» խորհրդանշական անունը կրող մրցախաղը, որին, որպես կանոն, մասնակցում են տարիքով արդեն մի փոքր մեծ, բայց ոչ վաղ անցյալում ճանաչված կին եւ տղամարդ շախմատիստները: «Ձնծաղիկներ» կանանց թիմում ընդգրկված են լինելու Տատյանա Մադչեւը,  Նատալյա Պոգոնինան, Եվա Կուլովանան եւ Մարիա Մուզիչուկը, իսկ տղամարդկանցով համալրված «Հին ձեռքերում»՝ Ռաֆայել Վահանյանը,  Ռոբերտ Հյուբները,  Վլաստիմիլ Հորտը եւ Բորիս Գուլկոն:

Հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Ստամբուլում՝ տեղի «Շիշլի» հայկական ակումբի կազմակերպած շախմատի մրցաշարում 10 հնարավորից վաստակել է 8,5 միավոր եւ գրավել առաջին տեղը:

Հնդկաստանի Վիսակհապատնամ քաղաքում երեկ ավարտվեց շախմատի «Vizag Steel» միջազգային բաց մրցաշարը, որտեղ մեր հանրապետությունը ներկայացնում են գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը: Մինչեւ վերջին օրը մեր երկու շախմատիստներն էլ տեղ էին զբաղեցնում մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում եւ հավակնում էին հաղթողի կոչմանը: Տիգրանը 11-րդ տուրում չնայած սպիտակներով պարտության մատնեց Աբհիջիդ Գուպտային եւ միավորներով (8,5) հավասարվեց նրան, սակայն ամփոփիչ մրցաշարային աղյուսակում լրացուցիչ ցուցանիշներով հանգրվանեց երրորդ հորիզոնականում, քանի որ նույն պատճառով նրան շրջանցեց նաեւ ռուսաստանցի Եվգենի Գլեյզերովը: Զավեն Անդրիասյանը միավորը բաժանեց Սահաջ Գրովերի (նույնպես՝ Հնդկաստան) եւ 8,0 միավորով բավարարվեց 6-րդ տեղով:

Իսկ ահա Աղասի Ինանցը առաջին տեղն է գրավել Վիլնյուսում ավարտված բաց մրցաշարում: Հայաստանցի շախմատիստը ինը տուրում վաստակել է 7,5 միավոր:

Բրազիլահայ գրոսմայստեր Կրիկոր Սեւագ Մխիթարյանը Սան-Պաուլուում ընթացող շախմատային ներկայացուցչական փառատոնի շրջանակներում անցկացվող 10 ուժեղագույնների մասնակցությամբ մրցաշարի յոթերորդ տուրից հետո 4,0 միավորով առայժմ երրորդն է:

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031