Լրահոս
Օրվա լրահոսը

Սցենար՝ ընդդեմ ՀՀ ճգնաժամի

Դեկտեմբեր 02,2011 13:13

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի «դեղատոմսը»

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը վերջերս Սինգապուրում անցկացված «Ասիայի լավագույն տնտեսագիտական դպրոցների պարգեւ» երկրորդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տնտեսագիտության լավագույն» պրոֆեսոր հեղինակավոր մրցանակին: «Առավոտի» հետ զրույցում պարոն Սարգսյանը նշեց, որ անչափ կարեւորում է այդ մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է 29 երկիր, ժյուրին էլ ներկայացուցչական է եղել: Պարզեցինք, որ Հայկ Սարգսյանը հայտ չի ներկայացրել, այլ միանգամից հրավեր է ստացել՝ մասնակցելու մրցույթին: Ավելի ուշ նա ինտերնետից տեղեկացել է չափանիշների ու սկզբունքների մասին: Պրոֆեսորը կարծում է, որ իրեն մրցանակ են շնորհել ինչպես գիտահետազոտական, այնպես էլ գիտակրթական գործունեություն ծավալելու համար:

Մրցանակակիր տնտեսագետին ու ճանաչված մասնագետին հարցրինք՝ տնտեսական ճգնաժամի նոր փուլի մասին զանազան գնահատականներ են հնչում, իր կարծիքով՝ նոր ճգնաժամի ալիքը ինչպե՞ս կարող է ազդել Հայաստանի վրա: Մեր զրուցակիցը նշեց, որ տարբեր վարկանիշային կազմակերպությունների կողմից հնչող կարծիքները երբեմն լավատեսական են, երբեմն՝ զգուշացնող: Նրա խոսքով՝ ճգնաժամը բնույթով պարտքային է, որը մասշտաբային ընդգրկումներ է ունենում. «Անվճարունակությունը մասամբ հետեւանք է այն բանի, որ եվրոտան անդամների ծախսերն ու արդյունքները անհամաչափ են: Իրավիճակը այսօր սրվել է եվրոգոտու շրջանակներում, որն իր անդրադարձը կունենա նաեւ գործընկեր երկրներում: Ճգնաժամի առաջին ալիքից հետո, որը մարեց 2010 թվականին, կարծում եմ՝ անհրաժեշտ դասերը չքաղվեցին, բավարար հետեւողականություն չդրսեւորվեց սնանկին, անվճարունակին առողջացնելու հարցում: Բնության մեջ էլ է այդպես՝ թույլը, հիվանդը, տկարը ենթարկվում են սանիտարական մաքրման: Տնտեսության մեջ խնդիրը մեկն է՝ հարկավոր է հստակ, ծրագրային գործընթացներ իրականացնել բանկրոտներին առողջացնելու հարցում: Դա կարող է լինել ե՛ւ երկիրը, ե՛ւ ընկերությունը, ե՛ւ մի ամբողջ ոլորտ, իսկ մեթոդները տարբեր կարող են լինել»: Պարոն Սարգսյանը ասելիքը մանրամասնեց Հայաստանի տնտեսության օրինակով. «Ճգնաժամի նոր ալիքը մեզ կարող է հարվածել միջնորդավորված՝ գործընկեր երկրների միջոցով, արտաքին ազդակները կապված են մի կողմից՝ Եվրոպայի եւ ՌԴ հանքարդյունաբերության արտադրանքի, մետաղների, քարերի եւ այլնի արտահանմամբ, մյուս կողմից՝ մասնավոր տրանսֆերտների եւ օտարերկրյա ներդրումների տեսքով դրամական ներհոսքի ծավալների կրճատմամբ: Մենք ի՞նչ անելիքներ ունենք, որպեսզի առավելագույնս կարողանանք դիմակայել սպասվող տնտեսական վերահաս անկմանը: Բնականաբար, պետք է մեծացնենք տնտեսության դիմադրողականությունը՝ ամեն տիպի ճգնաժամի հաղթահարման առումով, որը կարող է պայմանավորված լինել մեր տնտեսության մրցունակության ցանկալի մակարդակով: Մենք այլընտրանք չունենք, բարեբախտաբար կորցրել ենք մեր համեմատական առավելություններից մեկը՝ էժան աշխատուժի երկիր լինելը: Միջին աշխատավարձը այլեւս գերազանցում է 110000 դրամը: Այնպես որ, վերելքի ճանապարհը ինտենսիվ գյուղատնտեսությունն է լինելու՝ բարձր արտադրողականությամբ, բարձր տեխնոլոգիաները, կրթական ու առողջապահական ծառայությունների մատուցումը, այլ կերպ ասած՝ արտահանման ողջ պոտենցիալի բացահայտումը եւ գործադրումը: Մեզ մոտ արտահանման տեմպերը պետք է առաջանցիկություն ապահովեն ՀՆԱ-ից, ստիպված ենք առաջիկա 10-15 տարիների կտրվածքով արտահանման ծավալները հասցնել 30-40%-ի: Մյուսը մրցունակության գերխնդիրն է: ԽՍՀՄ-ից ժառանգել ենք ոչ կենսունակ տնտեսություն՝ տոտալիտար համակարգի փլուզումից հետո կանգնելով կոտրած տաշտակի առաջ: Միայն 2005-ին ենք կարողացել վերականգնել մեր մեկնարկային դիրքերը: Արտահանման խնդիրը հարկ է, որ լուծվի մեր ավանդական՝ հողի, ջրի, մարդկային կապիտալի հնարավորությունների առավել գործադրման միջոցով: Մյուս խնդիրը համարում եմ, այսպես կոչված, էֆեկտիվ տնտեսություն ունենալը՝ յուրօրինակ ազդակի առավելագույնս գործադրումով, որը պայմանականորեն անվանում եմ նոր տնտեսական քաղաքականություն, ռուսերեն՝ ծնկ (վՈՉպՊպվՌպ ֆսպՎպվՑՈՐվՏչՏ տՏՐÿՊՍՈ): Նկատի ունեմ ֆինանսատնտեսական կարգապահությունը, մրցունակ, գործարար միջավայրի ստեղծումը, քանզի համոզված եմ, որ ինչպես ներդրումների, այնպես էլ արտահանման համար այդ պայմանները առաջնային են»: Մասնագետի համոզմամբ՝ հաջորդ կարեւոր քայլը ճշգրիտ կանխատեսումների իրականացումն է. «Ճիշտ պրոգնոզներ է հարկավոր իրականացնել՝ սցենարներով… ճիշտ պետք է կանխատեսել տնտեսության բազմատեսակայնացման (դիվերսիֆիկացիայի) հնարավորությունները, կանխատեսել՝ ինչը կարող է ապահովել երկարատեւ, կայուն տնտեսական աճ՝ վերելքի ռազմավարության պարագաներում»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ պետական եւ մասնավոր բուհերի կողմից չափից շատ տնտեսագետների «թողարկմանը»: «Տնտեսագետների «թողարկումը» տարակարծություն է առաջացնում, կոպիտ ասած՝ այսօր ով չի ալարում, տնտեսագետ է պատրաստում, որովհետեւ կա պահանջարկ: Մյուս կողմից էլ՝ թվաքանակը ուռճացված էլ չէ, որովհետեւ եթե նայենք աշխարհում մասնագիտությունների սանդղակին, նորմալ է, որ տնտեսագետները մինչեւ 20% կազմեն: Կարծում եմ՝ մեր կառավարությունը չի սխալվել այդքան պետական պատվերով եւ վճարովի համակարգով տնտեսագիտական մասնագիտությունների գծով տեղեր հատկացնելու հարցում. մեր տնտեսությունը լավ մենեջերի, մարկետոլոգի, ֆինանսիստի, հաշվապահի, ագրոնոմի եւ այլ մասնագետների կարիք ունի: Դեռ կգա ժամանակը, որ գործարարները կնայեն ոչ թե դիպլոմներին, այլ գիտելիքներին: Տնտեսագետի մասնագիտությունը այսօր հիմնովին փոխվել է: Օրինակ՝ եթե նախկինում հաշվապահը ընդամենը բալանսներ էր կառուցում՝ մուտքերի եւ ելքերի, այսօր պետք է կարողանա ֆիրմայի մենեջերի կողքին երաշխավորություններ մշակել՝ անորոշությունների պայմաններում գործելու, ռիսկի դիմելու հարցերում: Իմ գնահատականներով՝ այնուամենայնիվ 50-60 հազար լավ տնտեսագետի կարիք ունենք»,- նշեց պարոն Սարգսյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031