Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնացած կանայք հաց չեն ուտո՞ւմ

Դեկտեմբեր 02,2011 13:10

Լոռիում պաշտպանված չէ ամուսնացած կանանց աշխատելու իրավունքը

Վերջերս Վանաձորում մտա առեւտրի սրահ՝ սովորական գնում անելու: Առաջին հայացքից պարզ չէր, որ գոյացած հերթում աշխատանքի ընդունվել ցանկացողներն էին: Հետո պարզեցի, որ մեկ թափուր աշխատատեղի համար 13 մարդ է դիմել: Նրանց մի մասին միանգամից ետ ուղարկեցին՝ ամուսնացած լինելու պատճառով:

Վանաձորի բնակչուհի Նունե Սարիբեկյանը մեկ տարի առաջ ամուսնացել է: Ամուսնությամբ պայմանավորված էլ՝ աշխատանքից դուրս է եկել, նոր ընտանիքում հարմարվելու համար: Այժմ բոլոր առեւտրի կետերի, սրահների ու խանութների դռները թակում է: Բայց գործատուները հարցնում են ոչ թե մասնագիտական ունակությունների, այլ ընտանեկան կարգավիճակի մասին: Ու ամուսնացած Նունեն չի կարողանում աշխատանք գտնել: Ստացվում է, որ ընտանիք ունեցող մարդը պիտի չաշխատի, կամ նա հաց ուտել չի ուզում, քանի որ սնկի նման աճող խանութներում նրանց համար աշխատանք չկա: «Ես էլ ամուսնացած չեմ, դիմեցի, ասում է արի աշխատի, բայց ամուսնանալը լավ չի: Հաջորդ մրցույթին չեմ գալու»,- ասում է ընտրված 4 մասնակիցներից մեկը:

Լոոռւ մարզի աշխատանքի տեսչությունում ամենեւին չեն զարմանում, որ գործատուները ամուսնացածներին այլ աչքով են նայում, նշելով, որ սեփականատերն է որոշում, ում ընդունի աշխատանքի եւ ինչ պայմաններով: Այս հարցում տեսչությունը վերահսկողության հնարավորություն ու թույլտվություն չունի:

«Մանկական հագուստ» խանութի սեփականատերը մեզ հետ զրույցում ակնհայտ ու չթաքցրած դժգոհությամբ խոսեց այս թեմայով ու ասաց, թե ամուսնացած կին աշխատողը տեղով խնդիր է. «Նախ գալիս են՝ ուշքները տանը… էսօր մի քիչ շուտ գնամ եւ այլն: Հրաժարվում են տուն տանել հաշվարկային փաստաթղթերը, թե տանը գործեր ունեմ, չեմ հասցնի կամ բժշկի եմ գնում, չեմ կարող գործի գալ, հետո էլ երեխա են ունենում, էդ էլ տեղով պրոբլեմ է»:

Լոռու աշխատանքի տեսչության պետը, որը, ի դեպ, չներկայացավ, չնայած նրա անուն-ազգանունը ճշտելը դժվար չէր, հարցերին պատասխանելու փոխարեն՝ մեզ մեկնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2010թ. դեկտեմբերի 17-ի հրամանը, ըստ որի՝ նախարարության առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների ԶԼՄ-ներով կազմակերպվելիք հարցազրույցների, ճեպազրույցների, ելույթների եւ հանրային նշանակություն ունեցող միջոցառումների կազմակերպման մասին նախապես պետք է տեղեկացնել նախարարության հասարակության հետ կապերի բաժին:

Լոռու մարզի հարկային տեսչությունն էլ հրաժարվում է տեղեկատվություն տալ, քաղաքում գործող խանութների ու գրանցված աշխատողների թվի մասին: Այդ դեպքում պարզ կերեւա, որ խանութատերերն են շահագործում աշխատողներին, առանց գրանցելու աշխատեցնում են՝ օրը հազար դրամով: Ասում են՝ Վանաձորում կան խանութներ, ուր ամսվա վերջին օրերին կարող են օրական 700 դրամ վարձատրել: Հենց սա է խնդիրների խնդիրը, որի մասին լռում են բոլոր պատկան մարմինները: «Մարդը աշխատում է ոչ միայն այսօրվա, այլ նաեւ հետագայում կենսաթոշակ ստանալու համար, իսկ քանի որ գործատուները չեն գրանցում աշխատողներին, խուսափելով հետծննդյան վճարներ տալուց, իսկ աշխատողը պահանջում է, դրա համար էլ նախընտրում են անընտանիք մարդկանց աշխատանքի ընդունել»,- տեղեկացնում են Վանաձորի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնից:

Հետաքրքիր է՝ ինչու են լռում հարկայինը եւ աշխատանքի տեսչությունները: Կամ՝ ուր եւ ում դիմի քաղաքացին, եթե տեսչությունը հրաժարվում է պաշտպանել աշխատակցին:

Աշխատանքի տեսչությունները կոչված են պաշտպանել աշխատողների շահերը ու դրա համար են գրանցված աշխատողների աշխատավարձից պահված հարկերից աշխատավարձ ստանում: Ու եթե մարզում որեւէ հարցի պատասխանելու համար ԶԼՄ-ն պետք է դիմի Երեւանին, էլ ինչի՞ համար են մարզային տեսչությունները: Ձեւի՞: Դատելով ամուսնացած կանանց հանդեպ գործատուների վերաբերմունքից՝ այո:

ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031