Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակում ջուրը չի՞ թանկանա

Դեկտեմբեր 02,2011 13:04

Գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ, երեկ շահագործման հանձնվեցին Շիրակի մարզի ամենաբերքառատ համայնքի՝ Ազատանի ջրագծերը: Բանն այն է, որ այս գյուղը երկար տարիներ զրկված էր նորմալ ջրամատակարարումից: Գյուղապետի՝ Վարդան Իկիլիկյանի ներկայացմամբ, գյուղում ջրի երես տեսնում էին ընդամենը 600-700 տուն, որոնք, սակայն, բնական այդ հաճույքը վայելում էին միայն ձմռան ամիսներին: Մնացածը ստիպված էին իրենց ժամանակը վատնել ջրհորներից ջուր կրելով: Ջուր չէր հասնում անգամ գյուղի անասուններին: 24-ժամյա ջրամատակարարման համակարգի ստեղծմամբ երեկվանից ջուր հասցրին համայնքի նույնիսկ ամենաբարձրադիր տներին: Գյուղապետի տեղեկացմամբ, կառուցվել է 36 կլ տարբեր տրամաչափերի ջրագիծ, որի վրա ծախսվել է մոտ 1 միլիոն 200 հազար եվրո: Ներդրումներ կատարող ընկերության՝ MVV Decon-ի միջազգային բաժնի գլխավոր տնօրեն Գարի Լ. Սթոութի ներկայացմամբ էլ, Ազատանի ջրամբարի կառուցմամբ իրենք այս գյուղի բնակչության 10 սերնդի հնարավորություն են տվել ապրել առանց ջրի խնդրի: Իսկ Շիրակի մարզում, ընդհանուր առմամբ, 53 հազար միլիոն եվրոյի ներդրումներ են նախատեսված, փոխելու են այն համայքների ջրագծերը, որոնք խղճուկ վիճակում են: Հիշեցնենք, որ ջրմուղը եւս կոնցեսիոն կառավարման պայմանագրով մինչեւ 2014 թ. հանձնված է գերմանացիներին: Մենք պարոն Սթոութից հետաքրքրվեցինք, թե արդյոք ներդրումները չե՞ն ազդի ջրի սակագնի վրա: Նրա անձնական կարծիքով, մինչեւ 2014թ. սակագնի բարձրացում դժվար թե տեղի ունենա:

Ն. Ա.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել