Հաշմանդամ մարդկանց տրվող կարգերը կամ խմբերը շուտով մեր իրականությունից դուրս կգան: Հաշմանդամ մարդիկ կլինեն ոչ թե անաշխատունակներ, այլ կորոշվի, թե ամեն մեկն ինչքանով է աշխատունակ: Այդ նոր չափորոշիչներից ելնելով էլ կորոշվի նրա զբաղվածության՝ աշխատանքով ապահովելու խնդիրը, կենսաթոշակը եւ այլն: Հաշմանդամ մարդկանց մասին նոր օրենքը ներկայումս քննարկման փուլում է: Այս մասին «Առավոտին» հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության ավագ մասնագետ Աննա Հակոբյանը: Ըստ նրա, հաշմանդամ մարդուն պետք է դիտել որպես սոցիալական էակ եւ նրան համապատասխան՝ հարմարավետ միջավայր ստեղծել, այդպես նա լիարժեք կմասնակցի հասարակական կյանքին. «Ամենամեծ խնդիրներից մեկը զբաղվածության խնդիրն է: Ոչ միայն հաշմանդամների, այլեւ գործազրկության բարձր մակարդակը խանգարում է այս խնդրի կարգավորմանը»: Մեր հարցին, թե նոր օրենքի ընդունումից հետո ինչպես է զբաղվածության խնդիրը լուծվելու, նա պատասխանեց. «Օրենքը կյանքի կոչելով՝ մենք նաեւ նախատեսել ենք բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի մշակում, որոնք, հուսով եմ, կկարգավորեն բոլոր խնդիրները: Կարեւորը իրազեկության մակարդակը բարձրացնելն է: Մեր նպատակն այն է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ լիովին կարողանան մասնակցել մեր կյանքին: Այդ ամենը նաեւ ժամանակ է պահանջում»: Հարցին, թե ինչպես է լուծվելու տրանսպորտի հարմարեցվածության խնդիրը, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Քանի որ մրցութային կարգով է որոշվում, թե որ տրանսպորտը որ երթուղագիծը կսպասարկի, մենք ուզում ենք, որ այդ մրցույթի պայմանների մեջ ամրագրվի նաեւ հարմարեցվածության հարցը: Ամեն մի երթուղագծում պետք է որոշակի քանակի մեքենաներ հարմարեցված լինեն հաշմանդամ մարդկանց համար»:
Նա նշեց, որ նոր օրենքի անհրաժեշտություն առաջացավ այն ժամանակ, երբ մեր երկիրը վավերացրեց ՄԱԿ-ի «Հաշմանդամ մարդկանց իրավունքների կոնվենցիան»:
Ա. Խ.
«Առավոտ» օրաթերթ