Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոնց որ սպիդ լինես ու գաս զոռով ինձ վարակես». Արա Գեւորգյանը լկտիության մասին

Դեկտեմբեր 02,2011 13:08

  Այսօրվա մեր ժամադրության հյուրն էր Հայաստանի վաստակավոր արտիստ, երաժիշտ և երգահան Արա Գևորգյանը: Հետաքրքիր մանկություն և բուռն երիտասարդություն ապրած  երաժիշտը խոսեց այսօրվա երիտասարդության խնդիրների մասին:

Պատմեք Ձեր մանկության տարիների, սիրած խաղերի մասին:

-Մեծացել եմ Կոնդում և մանկության տարիներս ավելի շատ անցել են Մանկական երկաթուղում, որտեղ ընկերներով հավաքվում և բազմաթիվ խաղեր էինք խաղում: Դրանցից կարող եմ առանձնացնել հայկական ավանդական այն խաղերը, որոնք ունեին նաև դաստիարակչական բնույթ`  ղայիշ լախտի, ճան, չլիկ-դաստա: Մանկական խաղերը հոյակապ միջոց են երեխաներին կրթելու, դաստիարակելու համար, քանի որ այդ խաղերի մեջ չի երևում հարուստի կամ  աղքատի երեխան, բոլորը հավասար են և այդպիսով ձևավորվում է  մտերմիկ մանկական ընկերություն, ինչը ցավով պետք է ասեմ, որ այսօր չկա: Հիմա ավելի տարածված են համակարգչային խաղերը, չկան բակային խաղեր, չկա  ընկերություն: Մենք պետք է կարողանանք վերականգնել այդ խաղերը: Ես բազմիցս նման առաջարկներով հանդես եմ եկել: Առաջարկել եմ դպրոցներում մտցնել բակային խաղերի ուսուցում առարկան:

Իսկ  այդ առարկան դասավանդելու փորձեր արվե՞լ են:

-Այո, չորս տարբեր դպրոցներում մտցվել է այդ առարկան: Աբովյանի համար 7 , Նորագավիթի համար 1,   համար 31  և Մայքլ Գանյանի անվան դպրոցներում: Տնօրենները շատ գոհ էին, քանի որ նման խաղերը ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆիզիկական մեծ նշանակություն ունեին երեխաների համար: Իմ տեղեկություններով՛ այժմ այդ առարկաները այլևս չեն դասավանդվում:

Ունեք խաղալիքների մեծ հավաքածու, կպատմե՞ք այդ մասին:  

-Փոքր ժամանակ, երբ խաղալիք էի նվեր ստանում, անպայման կոտրում էի, որ տեսնեմ` մեջն ինչ կա, բայց վերջին շրջանում վերաբերմունքս փոխվեց խաղալիքների հանդեպ և սկսեցի դրանք հավաքել: Մայրս, ընկերներս կամ ես, եթե արտասահման էինք գնում, անպայման խաղալիք էինք բերում, և այդպես իմ հավաքածուն գնալով մեծացավ: Երբ ես արդեն հայտնի էի իմ հավաքածուով, իմ խաղալիքները ցուցադրվեցին ռուսական, արտասահմանյան և հայկական հեռուստաալիքներով: Այսինքն` բոլորն իմացան այդ մասին և երբ ես իմ առաջին համերգն ունեցա  Լոս Անջելոսում, ես տասնվեց արկղ խաղալիք նվեր ստացա ու հենց այնտեղ էլ խոստացա , որ երբ վերադառնամ Երևան, այս խաղալիքները կնվիրեմ որևէ մանկապարտեզի: Այս ավանդույթի հիմքը դրվեց 1999 թվականին և մինչ այսօր ամեն տարի որևէ մանկապարտեզ իմ կողմից խաղալիքներ է նվեր ստանում:

Ի՞նչ է Ձեզ համար երիտասարդությունը, տարի՞ք, թե՞ հոգեվիճակ: 

-Ես տարիքի հետ ընդհանրապես գործ չունեմ, քանի որ ինձ նայողը երբեք չի իմանա քանի տարեկան են, թեպետ արդեն 51 եմ: Տարիքը անձնագրի հետ չեմ համեմատում: Կան երիտասարդներ, որոնք արդեն վաղուց ծերացել են:

Լինելով դասախոս և շփվելով այսօրվա երիտասարդության հետ` ի՞նչ կարող եք ասել երիտասարդության մասին:

-Պահ կա կարող եմ շատ ուրախ բաներ ասել, պահ էլ կա` շատ տխուր և սարսափելի: Սակայն այսօրվա երիտասարդությանը չեմ մեղադրում, չեմ մեղադրում նաև նրանց ծնողներին: Ժամանակն էր մեղավոր, որ այդպիսինն էր: 20-25 տարեկանները մեծացել են դժվար և մշակութային կյանքից կտրված իրականությունում: Սակայն կան երիտասարդներ, որոնք զարմանալի խելացի են և առաջ գնացած, բայց նրանց կողքին կան այնպիսինները, որոնք, օրինակ` ի  վիճակի են համալսարան գալ սպորտային համազգեստով: Դրանք մարդկային մի տեսակ են, որ մեր քաղաքը երբեք չէր տեսել: Օրինակ` կարող են գալ և ասել . «Հայկական մուզիկան ի՞նչ մուզիակա ա որ, մի հատ թուրքականը լսեք, տեսեք` ինչ ցենտր մուզիկա ա»: Կամ էլ ուսանողներ կան , որ ասում են . «Ընկեր  Գևորգյան, եթե մի քիչ ադրբեջանական խաղեր ես ավելացնում հայկական մուզիկային, ավելի լավն ա դառնում»: Անհասկանալի է` ովքե՞ր են այդ մարդիկ, որտեղի՞ց են եկել: Բա ո՞ւր մնաց ձեր թասիբը, ձեր հայրենասիրությունը,  ձեր նամուսը: Դա նույն բանն է, ինչ վերցնես ու մերսեդեսի վրա 06-ի հայելի դնես: Կամ առաջ, ե՞րբ կտեսնեիր, որ տղան ականջողով դուրս գար փողոց: Միշտ էլ նման բաներ եղել են, բայց առաջ լկտի չէին:

Ի՞նչ եք կարծում ինչպես կարելի է փոխել, կրթել նման երիտասարդներին:

-Ես կարծում եմ` պետք է սանձել նրանց լկտիությունը: Եթե դու հիվանդ ես, ես կհարգեմ քեզ ու քո հիվանդությունը: Մարդ ես, բայց հիվանդ ես: Իսկ եթե դրա հետ մեկտեղ լկտի ես, ապա ոնց որ  սպիդ լինես ու գաս զոռով ինձ վարակես, փողոցում ուզենաս բոլորին վարակել: Պետք է մաքրել հասարակությունը այդ վարակից:

 

Աննա Փորսուղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031