Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը որոշումը փոխել է հանուն Հերմինե Նաղդալյանի մանդատի՞

Դեկտեմբեր 02,2011 13:00

Գեւորգ Չաուշի 14/3 հասցեի կիսակառույց բազմաբնակարան շենքը:

ՀՀ նախագահի վերահսկողության տակ գտնվող՝ «Նորաշեն-2007» կոոպերատիվի գործը ինչպես հարմար են գտնում, այնպես էլ վարո՞ւմ են:

«Նորաշեն-2007» կոոպերատիվից տուժած բնակիչների գործը մոտ 10 ամիս է՝ գտնվում է ՀՔԾ-ում: Քննչական խումբը ղեկավարում է ՀՔԾ քննիչ Վաղինակ Ջանազյանը: Նշենք, որ սա այն կոոպերատիվն է, որի տերերը՝ Արմեն Թադեւոսյանը եւ Լյովա Սամվելյանը, բնակարան հատկացնելու համար հարյուրավոր քաղաքացիներից հավաքելով հազարավոր դոլարներ՝ անհետացել էին: Բնակիչները պարզել էին, որ իրենց բնակարանները խոշոր գումարների դիմաց գրավ են դրված մի շարք ֆիզիկական անձանց մոտ: Նախաքննությունն ավարտվել է, եւ մինչ դատարանը վճիռ կկայացնի, ներկայացնենք մի քանի ուշագրավ հանգամանք:

Բնակիչների հավաստմամբ, այս 10 ամիսների ընթացքում Վ. Ջանազյանը բավականին բարեխիղճ եւ արդար վարել է քննությունը, ինչի արդյունքում բնակիչներից ոմանք հետ են ստացել իրենց բնակարանները, սակայն դեռ մի քանի բնակարան այդպես էլ իրական սեփականատերերին չի հասել: Մինչդեռ՝ նախաքննության նյութերում առկա փաստերով այդ մարդիկ էլ կարող էին դատարանով հետ ստանալ իրենց բնակարանները, բայց, բնակիչների համար անսպասելիորեն, քննիչի մի որոշում է փոխվել, որով իսպառ վերացել է բնակարանները հետ ստանալու հավանականությունը:

«Առավոտի» հետ զրույցում բնակիչները քննիչի անսպասելի որոշումը պայմանավորեցին քաղաքական գործընթացներով: Նրանց խոսքերով, «քննչական խմբի ղեկավարին զոհաբերում են հանուն Հերմինե Նաղդալյանի՝ հաջորդ ընտրություններում ստանալիք մանդատի»: Նշենք, որ Վաղինակ Ջանազյանը վերջերս նշանակվել էր նաեւ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար: Ըստ բնակիչների, այս քննիչին «փոսը» գցելով՝ խաչ են քաշում նաեւ նրա կարիերայի վրա:

Ներկայացնում ենք ՀՔԾ-ի քննիչ Վաղինակ Ջանազյանի այս տարվա նոյեմբերի 11-ի որոշումը՝ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի մասով. մեջբերում ենք. «Նախաքննությամբ պարզվել է, որ Դավիթ Գարունի Բեգլարյանը, Երեւան քաղաքի Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատող, «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, 2009 թվականի նոյեմբերին, ամսական 5 տոկոս՝ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի ամսական հաշվարկային դրույքաչափը մի քանի անգամ գերազանցող տոկոսադրույքով նրանց տրամադրել է 300 հազար ԱՄՆ դոլար գումար, իսկ որպես գումարի վերադարձելիության երաշխիք՝ ինչպես անձամբ, այնպես էլ հարազատներն ու մտերիմները Արմեն Թադեւոսյանի հետ կնքել են հիշյալ շենքի 14 բնակարանների առուվաճառքի ձեւական պայմանագրեր»: Այս որոշման մեջ պարզ նշված է նաեւ Աժ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի անուն-ազգանունը:

Ընդամենը 5 օր հետո՝ նոյեմբերի 16-ին, ինչ-ինչ պատճառներով կայացվել է նոր որոշում՝ նույն քննիչի կողմից, որից բառացի մեջբերում ենք հետեւյալը. «Դավիթ Բեգլարյանն իր ցուցմունքում ժխտել է Լուսաբեկ Սամվելյանին եւ Արմեն Թադեւոսյանին տոկոսով գումարներ տալու հանգամանքը եւ հայտնել, որ բնակարանները նրանցից ձեռք է բերել՝ 1 քմ մակերեսի համար վճարելով 260 ԱՄՆ դոլար գումար: Դավիթ Բեգլարյանն իր ցուցմունքը պնդել է նաեւ վերջինիս առերես:

Դավիթ Բեգլարյանի՝ Արմեն Թադեւոսյանին եւ Լուսաբեկ Սամվելյանին որոշակի տոկոսադրույքով գումար տալու հանգամանքը չի հաստատվել նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով, ավելին՝ հերքվել է՝ ապացույցների համադրմամբ, համատեղ վերլուծությամբ եւ գնահատմամբ»:

Բնակիչների խոսքերով, թե՛ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, թե՛ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը բնակիչների հետ հանդիպումների ժամանակ մշտապես վստահեցրել են, որ այս գործը գտնվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական վերահսկողության ներքո, ուստի, թե ինչպես է դատախազությունը փոխել գործի էությունը, գտնելով, որ «քննիչի կայացրած որոշումը չի բխում քրեադատավարական օրենքի պահանջներից եւ քրեական գործի նյութերից»՝ այդպիսով հանձնարարելով քննիչին փոխելու որոշումը, բնակիչների համար այդպես էլ «մութ» է մնում:

Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ բնակիչների մոտ եւ ՀՔԾ-ում առկա Լուսաբեկ Սամվելյանի եւ Արմեն Թադեւոսյանի աշխատանքային այն ցուցակը, որում հստակ գրված է, թե ումից (այդ ցուցակում կա նաեւ Դավիթ Բեգլարյանի անունը, որի դիմաց գրված է 300 հազար դոլար՝ 5%-ով) ինչքան գումար են վերցրել եւ ինչ տոկոսով, բոլորը ՀՔԾ-ի կողմից ճանաչվել են վաշխառու, բացի տիկին Նաղդալյանի ամուսնուց՝ Դավիթ Բեգլարյանից: Այսինքն՝ այդ ցուցակը կեղծ է միայն այդ տողի՞ մասով: Այն դեպքում, երբ թե՛ Լուսաբեկը, թե՛  Արմենը իրենց ցուցմունքներում հստակ նշում են, որ Դավիթ Բեգլարյանից 5%-ով վերցրել են 300 հազար դոլար գումար:

Բնակիչները դժգոհեցին նաեւ գործը վարող մի քանի քննիչների՝ մասնավորապես Դավիթ Սարգսյանի կոպիտ եւ «ցրողական» վերաբերմունքից՝ հայտնելով, որ երբ ցանկանում են ծանոթանալ գործի նյութերին, նրանց չեն տրամադրում այն փաստաթղթերը, որոնք հատկապես առնչվում են հայտնի եւ ազդեցիկ մարդկանց: Բնակիչները ստիպված են լինում ամբողջ գործը՝ 32 հատոր՝ մոտ 10 հազար էջով վերցնել եւ պատճենահանել, որպեսզի ստանան իրենց ուզած մի քանի էջ փաստաթղթերը: Բնակիչների պնդմամբ, նույն քննիչը աչքի է ընկնում նաեւ բացառապես կանանց հետ կոպիտ վերաբերմունքով:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031