Գուցե նրան հաջողվի այդպիսով սեռական ոտնձգությունից պաշտպանել մանկահասակ երեխաներին, իսկ անօգնական ծերերի՞ն ինչ անել:
Մանկապղծության համար որպես պատիժ նախատեսել քիմիական ամլացումը: Այս նախաձեռնությունը՝ օրենսդրական փոփոխությունների տեսքով, առաջարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս առաջարկում է «մոլագարներին» ու «մանկապիղծներին», նրանց համար սահմանված պատիժը կրելուց հետո, ենթարկել քիմիական ամորձատման: Իհարկե, մինչ այդ պատգամավորն առաջարկում է դատապարտված մանկապիղծներին ազատ արձակելուց 6 ամիս առաջ համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկվի կամավոր կաստրացիայի ենթարկվել, որից նա կարող է հրաժարվել: Բայց կրկնահանցագործության դեպքում, Դալլաքյանի համոզմամբ, մանկապիղծը պետք է ենթարկվի հարկադիր ամորձատման՝ քիմիական եղանակով:
Կառավարությունը երեկ, որոշ վերապահումներով հանդերձ, հավանություն է տվել այս օրինագծին:
Իսկ ի՞նչ են մտածում այս օրինագծի վերաբերյալ հայաստանյան իրավապաշտպանները. արդյոք այս օրինագծում մարդու իրավունքներին առնչվող խնդիր չկա՞, եւ արդյոք մանկապիղծի հարկադիր ամորձատումը ավելի՞ մարդասիրական է՝ նկատի ունենալով, որ քիմիական եղանակով կաստրացիան, ի վերջո, մարդու առողջությանը անուղղելի վնաս կհասցնի: Ի դեպ, պատգամավոր Դալլաքյանն այս առումով հայտարարել է, թե մանկապղծության դեմ պետք է պայքարել «դրակոնյան մեթոդներով»: Դալլաքյանին երեկ ոչ ոք չի հարցրել՝ իսկ պատժի ի՞նչ «դրակոնյան մեթոդներ» է նա առաջարկում, ասենք՝ երեխաներից ոչ պակաս անօգնական ծերերի՛ նկատմամբ հատուկ հակումներ ունեցող եւ սեռական ոտնձգություն կատարող երիտասարդների համար:
Կարդացեք նաև
«Առավոտը» այս հարցի շուրջ երեկ զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ: Վերջինս ասաց, թե դա բավական լուրջ խնդիր է՝ այն իմաստով, որ քիմիական ամորձատումն առաջարկվում է անել հարկադրանքի ձեւով. «Որպես բժշկական բնույթի հարկադիր միջոց՝ կարելի է կիրառել, բայց քիմիական կաստրացիան ենթադրում է ոչ թե բուժում, այլ այնպիսի միջամտություն, որը մարդու առողջության տեսանկյունից անդառնալի է ու անվերականգնելի եւ ավելի քան լուրջ հարցադրումներ է առաջադրում»:
Իրավապաշտպանի ասելով՝ մանկապղծությունը լուրջ խնդիր լինելով հանդերձ, ավելի շատ, թերեւս, սոցիալական խնդիր է. «Նախ՝ իրավիճակը պետք է փոխել, հետո դա ավելի շատ հոգեբանների, սոցիալական աշխատողների գործն է, քան նման կոշտ մեթոդների կիրառման անհրաժեշտության: Մեր մտահոգությունը նաեւ այն է, որ Հայաստանում համապատասխան փորձագիտական ինստիտուտ, որը կորոշի՝ մարդը ենթակա է բուժման կամ անվերադարձ տառապում է հիվանդությամբ, կամ մանկապղծությունը հիվանդության հետեւանք է, որի դեպքում պետք է բժշկական կամ այլ միջամտություն՝ չկա»:
Այն երկրները, որոնք որպես օրինակ են բերվում այդ համատեքստում եւ այդպիսի օրենքներ ունեն՝ այդ առումով բավականին զարգացած երկրներ են, եւ նույնիսկ այնտեղ քիմիական ամորձատումը կամավորության սկզբունքի հիման վրա է գործում: Եվրոպական երկրներից միայն Լեհաստանն է, որտեղ հարկադիր ամորձատում է կատարվում, այն էլ՝ դատարանի որոշմամբ:
Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ այդ թեմայով քննարկումներ եղել են, մասնավորապես՝ «Կանանց ռեսուրսի» կազմակերպած կլոր սեղանի շրջանակներում, որտեղ եւս մտահոգություններ են հնչեցրել, այդ թվում՝ նաեւ ինքը: «Իհարկե, ես դեմ եմ օրենքի նախագիծն այս տեսքով ընդունելուն»,- հստակեցրեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ մարդու նկատմամբ նրա կամքին հակառակ բժշկական հարկադիր մեթոդներ կարող են կիրառվել, եթե, օրինակ, մարդը հոգեկան խնդիրներ ունի եւ շրջապատի ու ինքն իր համար վտանգ է ներկայացնում, եթե կախվածություն կա թմրամիջոցներից, եւ դա հիվանդություն է, որը մարդուն դրդել է որոշակի հանցագործության: «Նման դեպքերում դատարանը կարող է որոշել, որ ամբաստանվողի հիվանդությունը ծանր հետեւանքներ է ունեցել եւ որպես հարկադրանքի կամ կանխարգելիչ միջոց՝ նրա նկատմամբ կիրառի հարկադիր բո՛ւ-ժո՛ւմ, բայց ոչ այնպիսի միջամտություն, որը կարող է ավելի վնասել մարդու առողջությունը»,- նկատեց իրավապաշտպանը, ով չի կիսում այն կարծիքը, թե Հայաստանում մանկապղծության դեպքերն ավելացել են: Նրա համոզմամբ՝ ուղղակի հիմա այդօրինակ դեպքերի մասին ավելի շատ է բարձրաձայնվում, եւ դրանք ավելի շատ են բացահայտվում:
Իսկ թե սույն օրինագիծը կառավարությունից ինչ տեսքով ԱԺ կհասնի եւ արդյունքում ինչ փոփոխություններով այն կընդունվի՝ առաջիկան ցույց կտա:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ