Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոններն անձերին չեն պատկանում»

Դեկտեմբեր 02,2011 12:51

Համոզված է ԱԺ նախկին նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանը

– Ազգային ժողովում հերթական ճգնաժամային իրավիճակն է, նորից ԱԺ նախագահ փոխվեց: Ըստ որոշ պնդումների՝ մեր խորհրդարանին վիճակված չէ ունենալ մինչեւ իր պաշտոնավարման ավարտն աշխատող ԱԺ նախագահ: Դուք հավատո՞ւմ եք, որ սրանում դեր ունեն չար ու մութ ուժերը, ինչպես պնդում են Կոզեռնի գերեզմանատան մասին հիշեցնող Ձեր գործընկերները:

– Պատահական չէ, որ երկրի քաղաքական համակարգում տեղի ունեցող իրադարձությունները ստանում են սնոտիապաշտական բացատրություններ: Իսպառ վերացել է դրանց քաղաքական բովանդակությունը: Վերջին մի քանի տարիների ընթացքում խորհրդարանական մեծամասնությունը վերածվել է պարզապես քվեարկության մի մեծ կոճակի, խորհրդարանում իսպառ վերացել են քաղաքական բանավեճերը: Անգամ ամենակարեւոր հարցերի քննարկման ժամանակ մեծամասնությունը չի էլ փորձում պաշտպանել իր ձեւավորած կառավարության բերած նախագծերը կամ երկրի նախագահի ներկայացրած համաձայնագրերը: Միայն երկու օրինակ բերեմ: Ռուսական ռազմակայանների ժամկետի երկարաձգման համաձայնագրի քննարկման ժամանակ եղել է երեք ելույթ, բայց ոչ մեկը՝ մեծամասնության կողմից: Մի քանի օր առաջ քննարկվում էր 2012-ի պետական բյուջեի նախագիծը՝ եկող տարվա կարեւորագույն քաղաքական, տնտեսական փաստաթուղթը: Ելույթ է ունեցել 10 պատգամավոր, խորհրդարանական մեծամասնությունից՝ միայն մեկը, այն էլ՝ սոսկ Ջավախքի խնդիրների մասին: Խորհրդարանը հասարակությանը քաղաքական տեսակետների ու այլընտրանքային մոտեցումների ներկայացման գլխավոր վայր է, ու երբ դա բացակայում է, այն կորցնում է իր իմաստը: Սակայն խնդիրը միայն խորհրդարանին չի վերաբերում: Տեսեք, թե ինչպես են լուսաբանում բյուջեի քննարկումները «մասնավոր» հեռուստաընկերությունները: Մի քանի վայրկյանում նշվում է, թե ինչ հարց էր քննարկվում՝ առանց անդրադառնալու ելույթներին, ապա մի քանի րոպե ներկայացվում է պաշտոնյաներից մեկի խոսքը, թե իր պապը ինչ խորհուրդ է տվել չխմողների հետ ընկերություն անելու մասին: Համատարած հուսահատություն է: Պատահական չէ, որ երկրից հեռացողների թիվն ընտրություններից առաջ ոչ թե նվազում է, ինչպես սովորաբար լինում է, այլ՝ ավելանում: Այն ամենը, ինչ կատարվում էր երեկ եւ կատարվում է այսօր, վկայում է Հայաստանի բազմակուսակցական համակարգի այլասերման եւ ճգնաժամի մասին: Իսկ քանի որ ամեն ինչ երկրում այդ համակարգն է ձեւավորում, ապա ճգնաժամն էլ ամենուր է: Դրա մասին են վկայում նաեւ այն «բացատրությունները», որոնք տրվեցին այդ պաշտոնանկությունների վերաբերյալ: Ոչ մի լուրջ բացատրություն չի հնչել, ճիշտ հակառակը՝ հայտարարություններն ուղղակի վիրավորական են երկրի եւ հասարակության համար: Երբ կուսակցական ինչ-որ գործընթաց ներկայացվում է որպես գերադասելի պետական կառավարման համակարգից, դա տգիտության եւ արհամարհանքի դրսեւորում է պետության նկատմամբ: Պետական բարձր պաշտոններում պաշտոնանկություններն, իհարկե, ողբերգություն չեն, բայց այն հանգամանքը, որ դրանք որեւէ կապ չունեն քաղաքական գործընթացների հետ եւ, հետեւաբար, որեւէ ձեւով չեն անդրադառնալու օրեցօր ավելի ահագնացող դժվարությունների ու ծանրացող իրավիճակի վրա՝ ակնհայտ է:

– Դուք ասացիք, թե որեւէ լուրջ բացատրություն չի տրվում հրաժարականների կամ պաշտոնանկությունների մասով, սակայն համաձայնեք, որ ոչինչ հավերժական չէ, եւ ոչ մի պաշտոն հավերժական չէ, եւ եթե դրանք տեղի են ունենում, ուրեմն կան պատճառներ, ուրեմն ինչո՞ւ է վատ, երբ ասում են, թե այս մարդիկ գնում են շտաբում աշխատելու, կամ երբ ասվում է, թե այս անգամ ամեն ինչ կարվի ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար:

– Ասելու հետ կապված հիշեցնեմ արեւելյան հայտնի ասացվածքը՝ «Հալվա ասելով բերանդ չես քաղցրացնի»: Եթե որեւէ մեկը համարում է, որ ինչ-որ բան ցանկանում է շտկել, նախ պետք է առնվազն բացատրի, թե ինչու մինչ այդ դա չի արել: Չպետք է մոռանալ, որ կուսակցական շտաբները չեն ընտրությունները կազմակերպում, եւ հետաքրքիր է, թե ինչպես են ազդելու ընտրությունների որակի վրա: Երբ հատկապես իշխանությունն է խոսում ազատ եւ արդար ընտրությունների մասին, ապա չպետք է մոռանա, որ խախտումների առնչությամբ հիմնական քննադատությունն ուղղվում է հենց իշխանություններին: Միակ բանը, որը նախորդ ընտրություններից հետո արվել է ընտրությունների առնչությամբ, նոր «Ընտրական օրենսգրքի» ընդունումն է: Բայց միայն ցինիզմի անսահման պաշար ունեցող մեկը կարող է պնդել, որ ընտրությունների որակը փոխվում է օրենսգրքի փոփոխությամբ:

Առավել եւս դա չի փոխվում կուսակցական շտաբի աշխատանքով: Ակնհայտ է, որ ներկայացված բացատրությունները որեւէ մեկին չէին կարող համոզել, ու դրանք ներկայացնողներն էլ դա շատ լավ գիտեն:

– Ի՞նչ կանխատեսումներ ունեք ապագայի համար՝ կոալիցիան խորհրդարանական ընտրություններից առաջ կպառակտվի՞, թե՞ հաշտ ու համերաշխ կգնան դեպի ընտրություններ, կդառնա՞ ԲՀԿ-ն ընդդիմություն, թե՞ ոչ:

– Կարծում եմ՝ այսօր՝ ընտրություններից մի քանի ամիս առաջ, պարզապես անիմաստ է խոսել կոալիցիայի հետագա ճակատագրի մասին, քանի որ, ըստ Սահմանադրության, դրա ժամկետն ավարտվում է ընտրություններով:

– ԲՀԿ-ՀՀԿ հարաբերությունների մասին ի՞նչ կարծիքի եք:

– Նախ՝ տեւական ժամանակ է, որ հատկապես մեծամասնության իրական լիդերները գրեթե որեւէ իրադարձություն չեն մեկնաբանում: Դա, լավագույն դեպքում, անում են պատգամավորներ, ովքեր երբեք չեն մասնակցել ու չեն մասնակցում որոշումների ընդունմանը եւ դրանց մասին պարզապես մի քանի ժամ ավելի շուտ են իմանում, քան սովորական քաղաքացիները, եւ դա է պատճառը, որ անընդհատ հակասական կամ անորոշ մեկնաբանություններ են տալիս, որոնք էլ հիմք են դառնում տարբեր մեկնաբանությունների: Ինչ վերաբերում է բուն հարաբերություններին, ապա ԲՀԿ-ն, մաս կազմելով կոալիցիոն կառավարությանը, ստացել է խորհրդարանում կուսակցությունների ունեցած տեղերի համամասնությանը չհամապատասխանող տեղեր կառավարությունում, եւ քանի որ մոտենում են նոր ընտրություններ, եւ դրանից հետո գուցե նորից հնարավոր լինի, որ ԲՀԿ-ն մասնակցի կոալիցիոն կառավարության ձեւավորմանը, շատ տրամաբանական է, որ պարբերաբար այս կամ այն ձեւով դժգոհություն է հայտնվում ստեղծված իրավիճակից՝ հետագայում դրա կրկնությունից խուսափելու նպատակով: Առավել եւս, որ նման դրսեւորումները շահեկան են ընտրությունների շեմին՝ որպես վստահություն չվայելող իշխանությունից այս կամ այն ձեւով սահմանազատվելու միջոց: Ակնհայտ է, որ այդ ամենը ՀՀԿ-ին դուր չի գալիս, եւ ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում կոշտ «հրմշտոց»:

– Դուք անձամբ արդեն որոշե՞լ եք, թե ինչպես եք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին՝ մեծամասնակա՞ն ընտրակարգով, որեւէ կուսակցության համամասնակա՞ն ցուցակով, թե՞ հնարավոր է նաեւ նոր կուսակցությամբ:

– Դեռեւս որեւէ մեկի հետ որեւէ պայմանավորվածություն չունեմ: Ի տարբերություն շատերի՝ ինձ համար պատգամավոր լինելն ինքնանպատակ չէ: Ակնհայտ է, որ քաղաքական գործունեությունը թիմային աշխատանք է՝ անկախ նրանից, թե այդ թիմի մեջ տարբեր մարդիկ ինչ ներդրում են ունենում, ինչ կարողություններ ունեն եւ այլն: Իսկ որեւէ թիմի հետ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է, որ լինեն ընդհանուր նպատակներ, սկզբունքներ եւ արժեքներ: Եթե լինի որեւէ քաղաքական ուժ, որի հետ նման ընդհանրություններ ի հայտ գան, այդ ժամանակ կարելի է մտածել ընտրություններին մասնակցելու մասին, եթե՝ ոչ, կարելի է եւ չմասնակցել: Ի վերջո, դա իմ գործունեության միակ ոլորտը չէ, եւ ընտրություններին չմասնակցելու դեպքում էլ կարեւոր ու հետաքրքիր զբաղմունք կա:

– Բայց դաշտը շատ հստակ է, Դուք նկատի ունեք նո՞ր ուժ, թե՞ եղածներից մեկին:

– Նկատի ունեմ նոր որակի քաղաքական ուժ, այլ ոչ թե անպայման նոր ձեւավորված: Կարծում եմ՝ երկու ամսվա ընթացքում առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված ամեն ինչ պարզ կլինի: Հետեւաբար կարելի է եւ համբերատար սպասել:

– Նկատի ունեք, որ այդ ընթացքում կստեղծվի նո՞ր քաղաքական ուժ:

– Ես այս պահին չեմ տեսնում նոր քաղաքական ուժի ձեւավորման հիմքեր, չնայած չեմ էլ կարող դրա ձեւավորման հնարավորությունը իսպառ բացառել: Հայաստանում ամեն ինչ հնարավոր է:

Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031