Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ» լինելով՝ «կողմ» են

Դեկտեմբեր 02,2011 12:48

Առաջին նախագահի քաղաքագիտական վերլուծությունից հետո ՀԱԿ-ում սրբագրո՞ւմ են ԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ մոտեցումները:

Նոյեմբերի 29-ին կայացած ՀԱԿ հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» հակասությունների հետեւանքով առաջացած նոր քաղաքական իրավիճակի գնահատմանը ես պատրաստվել էի անդրադառնալ դեռեւս նախորդ հանրահավաքում, սակայն Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում այդ հարցի շուրջ կոնսենսուսի չկայացման պատճառով ժամանակավորապես հրաժարվեցի այդ մտքից։ Թեեւ այսօր էլ կոնսենսուսը դեռեւս բացակայում է, այնուամենայնիվ՝ քաղաքական գործընթացներից ետ չմնալու մտահոգությունն ինձ ստիպում է, թեկուզ ուշացած, արծարծել հույժ հրատապ այդ հարցը»։ Առաջին նախագահի քաղաքագիտական վերլուծությունը՝ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հետագա հնարավոր համագործակցության մասին, թերեւս անակնկալի բերեց նաեւ ՀԱԿ ղեկավար մարմինների ներկայացուցիչներին, քանի որ «Առավոտի» տեղեկություններով՝ ՀԱԿ կենտրոնական գրասենյակում այդ թեմայով քննարկումներ չեն եղել: Միայն առանձին ներկայացուցիչների հետ զրույցում է թեման արծարծվել, եւ ոմանք «դեմ» են արտահայտվել ԲՀԿ-ի հետ որեւէ պայմանով անգամ համագործակցելու հեռանկարին: Թեեւ նախորդ օրերի քննարկումների ժամանակ ՀԱԿ առաջին դեմքերը կամ խուսափողական պատասխաններ էին տալիս, կամ իրենց համաձայնությունն էին արտահայտում առաջին նախագահի հետ, այնուհանդերձ, «Ազատություն» ռադիոկայանի եւ www.1in.am կայքին տված հարցազրույցում ՀԱԿ ղեկավար մարմինների ներկայացուցիչներ՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ու «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը հրապարակային անհամաձայնություն հայտնեցին ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հնարավոր համագործակցության վերաբերյալ: Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ-ի շտաբի նիստը, որի ժամանակ քննարկվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վերոհիշյալ տեսակետը: «Առավոտի» տեղեկություններով՝ արդեն «կատարված փաստի» համատեքստում ՀԱԿ շտաբի անդամները մեկ անգամ եւս փորձել են վերլուծել իրավիճակը, հստակեցնել իրենց մոտեցումները: ՀԱԿ շտաբի եւ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներից ոմանք, ովքեր մինչ առաջին նախագահի անձնական տեսակետի բարձրաձայնումը «դեմ» են արտահայտվել ԲՀԿ-ի հետ որեւէ համագործակցության, հիմա «դեմ ըլլալով»՝ ամեն դեպքում «կողմ» են խոսել:

Ինչեւէ, երեկ «Առավոտը» փորձեց ՀԱԿ-ի որոշ առանցքային դեմքերից, շտաբի եւ կենտրոնական գրասենյակի անդամներից պարզել՝ նախնական քննարկումներում ովքե՞ր են «կողմ» եղել ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցությանը, ովքեր՝ «դեմ»: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Մանուշակ Պետրոսյանը, որը, «Առավոտի» ունեցած տեղեկություններով, «դեմ» է եղել ԲՀԿ-ՀԱԿ որեւէ հարաբերությունների, չցանկացավ բարձրաձայնել՝ ինքը ԲՀԿ-ի հետ համագործակցությանը «կո՞ղմ», թե՞ «դեմ» է եղել: Միայն հավելեց. «Առաջին նախագահը շատ պարզ ներկայացրեց այդ խնդրի ամբողջ վերլուծության էությունը, այնպես որ՝ ընդհանրապես արդեն երկրորդական է նման հարցի անդրադառնալ: Այստեղ պարզ «կողմի» եւ «դեմի» խնդիր ընդհանրապես չկա: Ընդունեք իր վերլուծությունն այնպես, ինչպես կա»: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Քանի որ մեզ առաջիկայում բարդ եւ լրջագույն գործընթացներ են սպասվում, ուժերի կոնսոլիդացիան շատ կարեւոր է: Բայց այն քաղաքական ուժերը, որոնք իրականում լուրջ ցանկություն ունեն դուրս գալ ռեժիմի դեմ, այդ նույն շարքում կարելի է տեսնել նաեւ ԲՀԿ-ին, եթե նա բացահայտ դուրս գա ռեժիմի դեմ: Իսկ ԲՀԿ-ի հետ համագործակցության թեման ՀԱԿ-ում, որպես հնարավոր տարբերակ, չի քննարկվել»: Ավելի վաղ, մինչեւ Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ ՀԱԿ-ը կարող է համագործակցել ԲՀԿ-ի հետ, «եթե այս ուժը փորձի «խզել անցյալի հետ իր կապերը» եւ պատրաստ լինի «ռեժիմի դեմ պայքարի ելնել»:

Երեկ պարոն Զուրաբյանն «Առավոտին» ասաց, որ ինքը մնում է իր կարծիքին: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանը, որը եւս, ըստ մեր տեղեկությունների, «դեմ» է եղել ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցությանը, երեկ ի պատասխան մեր հարցի՝ ասաց, որ առաջին նախագահի նշած նախապայմանների դեպքում ինքը համաձայն է եղել, այժմ էլ համաձայն է ԲՀԿ-ի հետ հնարավոր հետագա համագործակցությանը:

ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամներ Ավետիս Ավագյանը, Գագիկ Ջհանգիրյանը հարցը լսելուց հետո չցանկացան պատասխանել: Ասում են, որ վերջիններս էլ «կողմ» չեն ԲՀԿ-ի հետ համագործակցության հեռանկարին: Պարոն Ավագյանն ասաց, որ ինքը հարցազրույցներ չի տալիս: Պարոն Ջհանգիրյանն էլ հարցազրույց տալու ցանկության չուներ, ոչ էլ «էդ հարցերին պատասխանելու. ես իրավաբան եմ»: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի մեկ այլ «դեմ» անդամ՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ առայժմ զերծ կմնա մեկնաբանություններից: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ու ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը առաջիկայում պատրաստվում են մանրամասն խոսել այդ մասին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031