Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատվեր որոնողները

Դեկտեմբեր 02,2011 12:24

17 տարի թերթի խմբագիր աշխատելով՝ ես դեռեւս չեմ հանդիպել մի դեպքի, որ մեր հրապարակումից դժգոհ որեւէ քաղաքացի չասի՝ «սա պատվեր է»: Այսինքն՝ քննադատությունը կամ բացասական փաստի հրապարակումը (ճիշտ, թե սխալ) չի կարող լինել լրագրողի սեփական նախաձեռնությունը, պարտադիր է, որ դա լինի հակառակորդի, նախանձողի կամ չուզողի պատվեր: Կյանքի նման անառողջ, պարանոյիկ ընկալման պատճառները երկուսն են: Նախ՝ մարդիկ իրենց մասին չափից դուրս դրական կարծիք ունեն. ես այնքան կատարյալ եմ, այնքան անթերի, որ իմ կիսաաստված լինելը կասկածի տակ դնողը չի կարող պարզապես մոլորության մեջ լինել, իմ ակնհայտ, անվիճելի առաքինություններն ու արժանիքները չնկատելը կարող է լինել իրականության միտումնավոր խեղաթյուրման արդյունք:

Պատահական չէ, որ այդ պարանոյայով տառապում են հիմնականում ոչ շարքային քաղաքացիները: Մենք՝ սովորական մարդիկ, դա, որպես կանոն, թեթեւ ենք տանում. եթե որեւէ մեկին դուր չի գալիս իմ գործունեությունը, իմ մտքերը, եթե նույնիսկ որեւէ մեկն ինձ վերագրում է մտքեր եւ արարքներ, որոնք ես չեմ կատարել, ապա անձամբ ես հակված եմ դա համարել այդ մեկի անձնական մոտեցումը եւ չտեսնել դրա հետեւում ինչ-որ անհայտ եւ խորհրդավոր «ուժեր»: Որովհետեւ ես ինձ տիեզերքի կենտրոն չեմ համարում եւ չեմ կարծում, որ զանազան «ուժերի» ուշքն ու միտքը ինձ վատություն անելն է: Բայց եթե մարդն ինչ-որ պաշտոն է զբաղեցնում կամ էլ զբաղվում է քաղաքականությամբ, ապա նա կասկած չունի, որ բացի հիանալուց ու փառաբանելուց՝ ցանկացած այլ մոտեցում «պատվեր է», եւ իր ամբողջ մտավոր պոտենցիալը նա ուղղում է մի բանի՝ պարզել, թե ով է «պատվիրատուն»:

Նման հիվանդագին ապրումները, որոնք, անշուշտ, պղտորում են «պատվեր որոնողների» կյանքը, ոչ միայն անհատական, այլեւ ազգային հոգեբանության մի մասն են: Փոքրաթիվ ազգ եւ փոքր երկիր ներկայացնելով՝ մենք մեզ ավելի հարմարավետ ենք զգում, երբ չենք ընդունում ինքնաբուխ եւ պատահական երեւույթներ եւ ամեն ինչում տեսնում ենք ավելի մեծ, ավելի հզոր ուժերի դրսեւորումներ: Հակառակ դեպքում մենք ստիպված ենք լինելու գոնե մի փոքր պատասխանատվություն կրել իրադարձությունների համար «տեղական մակարդակով»: Իսկ եթե փողոցի մեջտեղում ընկած աղբը դու ընկալում ես որպես աշխարհաքաղաքական բարդ պրոցեսների արդյունք, ապա դու կարող ես երկար փիլիսոփայել այդ գործընթացների մասին՝ աղբը հավաքելու փոխարեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031