Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Օհանյանին ուղղված նամակը համարվել է 60 000 դրամանոց զրպարտություն

Դեկտեմբեր 02,2011 10:29

Հայաստանի դատարաններում կան 60-ից ավելի պատվի, արժանապատվության եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունների դեմ հայցադիմումներ: Խոսքը լրատվամիջոցների դեմ հայցերի մասին չէ, այլ գործատու-աշխատող, մայր-դուստր, հրամանատար-շարքային, հարեւան-հարեւան եւ այլն:

Կենդանապաշտպան մի կազմակերպության գործարար համբավն արատավորվել է, երբ աշխատակիցը մի քիչ բարձր դիրք զբաղեցնողին անվանել է «ուղտ»: Մի դիահերձող էլ վիրավորվել է, երբ իրեն «սնղչի» են ասել: 90-ամյա մորը դուստրն «անբարոյական» է ասել եւ մայրը դիմել է դատարան: Այս օրինակները բերում ենք դատարաններում եղած գործերի մեկամսյա դիտարկումների շնորհիվ:

Սակայն առանձնակի մտահոգության տեղիք է տվել պատվի եւ արժանապատվության վիճարկման մի գործ: Խոսքը մի քաղաքացու նամակի մասին է: Սուսաննա Հովհաննիսյանն ապրիլի 13-ին նամակ է ուղարկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Քաղաքացին վստահ է եղել, որ նամակների գաղտնիությունը Սահմանադրությամբ երաշխավորված է: Նա անդրադարձել է համակարգի 3 բարձրաստիճանների աշխատանքային գործունեությանը, նախարարին հայտնել, որ նրանցից մեկն աշխատանքից ազատել է 35 աշխատակիցների, որոնց սոցիալական վիճակը ծանր է, մյուսի մասին տեղեկացրել, որ նախկինում համակարգում չի աշխատել, հեռացվել է եւ այլն: Կարծում ենք, նամակին ծանոթանալուց հետո, նախարարը կարող էր, լավագույն դեպքում, ոչ ճիշտ տեղեկությունների համար իր մոտ հրավիրել քաղաքացուն եւ այդքանով ավարտվեր «մտահոգությունների կիսումը»: Բայց նամակն ընկել է այն մարդկանց ձեռքը, որոնց մասին գրել էր տիկինը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /դատավոր Սլավիկ Թորոսյան/ ավարտվել է նշված հայցի քննությունն

ընդդեմ Սուսաննա Հովհաննիսյանի` պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Գործը ներկայումս գտնվում է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վարույթում եւ այն դեռ չի քննվել:

Հայցվորները Մ. Ի.-ն, Մ. Հ.-ն, Ա.Խ.-ն հայցադիմումում տեղեկացրել էին, որ Սուսաննա Հովհաննիսյանն այս տարվա ապրիլի 13-ին դիմում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ հրապարակային ներկայացնելով այնպիսի փաստացի տվյալներ, որոնք հայցվորների կարծիքով զրպարտում են իրենց եւ չեն համապատասխանում իրականությանը, ավելին՝ արատավորում են իրենց պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը:

Ընդհանուր իրավասության դատարանը հանգել է եզրակացության, որ պատասխանողը զրպարտել է հայցվորներին ու «զրպարտության համար փոխհատուցման գումարի չափը սահմանելիս հաշվի առավ պատասխանողի կողմից հայցվորներին զրպարտելու եղանակը, դրա տարածման շրջանակը, այն է՝ զրպարտությունը կատարվել է նամակի միջոցով, սահմանափակ տարածման շրջանակով, այսինքն, այդ մասին հայտնի է եղել պաշտպանության նախարարության մի քանի աշխատակիցների»:

Դատարանը հաշվի առնելով այն, որ պատասխանողը  եւ նրա որդին չեն աշխատում՝ նրանից հօգուտ պատասխանողներից յուրաքանչյուրի կբռնագանձի 20 000 դրամ;

Սուսաննա Հովհաննիսյանի ներկայացուցիչն ընդհանուր իրավասության դատարանում /ի դեպ, դռնբաց դատական նիստ է տեղի ունեցել, եւ նամակն հրապարակվել է: Նամակի բովանդակությունը մեր տրամադրության տակ էլ է եւ ելնելով պաշտոնյաների զբաղեցրած դիրքից՝ կարող ենք ցանկացած պահի հրապարակել, քանի որ լրատվամիջոցը տվյալ դեպքում պատասխանատվություն չի կարող կրել դռնբաց դատական նիստում բառացի մեջ բերվածի համար-Ռ.Մ./, հայտնել է, որ հրապարակային բնույթ չի կրել պատասխանողի գրածը եւ իրենց նկատմամբ չպետք է կիրառվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տխրահռչակ մոտեցումները, հանձին 1087.1 հոդվածի 7-րդ եւ 8-րդ կետերի,: Սակայն ըստ դատարանի, «պարտադիր չեն , որ զրպարտություն պարունակող դիմումները լինեն հրապարակված զանգվածային լրատվամիջոցներում, կամ շատերի համար հասանելի հրապարակավ միջոցներով»:

Դատարանը մի խորհուրդ է մոռացել տալ քաղաքացիներին.նախարարներին այսուհետեւ նամակներ մի գրեք, եթե չեք ուզում հայտնվել դատարանում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031