Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 658 ՏՍ 42 համարանիշի ավտոմեքենան դեպի Երեւան գալուց հարվածել է իր դիմացով ընթացող բեռնատար «Ուազ» մակնիշի 144 ԼՏ 62 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ը կողաշրջվել է հենց ճանապարհի մեջտեղում:
Կարդացեք նաև
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները՝ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն «Ֆորդ Տրանզիտի» վարորդի վրա կային արյան հետքեր:
Նա հրաժարվեց մեկնել հիվանդանոց, ինչքան էլ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հորդորում էին դա անել:
«Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդը ոստիկաններին չէր կարողանում ասել իր անուն-ազգանունը, իր տվյալները, կամ հրաժարվում էր ասել: Նա ոչ սթափ վիճակում էր, նրա վրայից «փչում» էր ալկոհոլի հոտը:
Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հետաքննիչը նյութեր է նախապատրաստում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի