Արամի 30 հասցեում գտնվող շենքի պահպանման համար մղվող պայքարը շարունակվում է: Երեկ տեղեկացրել էինք շենքի ցանկապատման մասին եւ ներկայացրել ճարտարապետների ու երեւանցիների մտահոգությունը քանդման վտանգի տակ գտնվող կառույցի վերաբերյալ: Հրապարակումից հետո ցանկապատը հեռացվել է, բայց «Ֆեյսբուքում» ձեւավորված «Արամի խաչմերուկ» շարժման ակտիվիստները չեն դադարում պայքարել. ամեն օր ժամը 13.00-14.00-ը նրանք բողոքի ակցիա են անում շենքի տարածքում:
«Չգիտենք, թե ցանկապատը դնելու եւ 24 ժամ անց հանելու պատճառը որն էր, բայց այն, որ արձագանք է եղել, դա արդեն դրական է»,- Aravot.am-ին ասաց շարժման մասնակից Արփինեն: Հարցին, թե մինչեւ երբ են պատրաստվում շարունակել ակցիաները, տեղեկացրեց, որ նոր նախագիծ ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 4-ն է: «Զուտ շենքն անտեր չթողնելու համար մինչ այդ կշարունակենք»,- հավելեց նա:
Տերյան 23, 25 շենքերի շահերի ներկայացուցիչ բնակիչ Վարդան Գերավետյանը գտնում է. «Հին շենքը քանդել եւ տեղը բարձրահարկ կառուցելն անհեթեթություն է »: