Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Ստեփանակերտի նստավայրում, նախագահող դատավոր Լեռնիկ Աթանյանի գլխավորությամբ, կայացրել է ժամկետային զինծառայող Գեւորգ Կոծինյանի մահվան մեջ մեղադրվող զինծառայողների դատավճիռը:
Դատարանը կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-359 հոդվածի 3-րդ մասով, 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 9-րդ, 14-րդ կետերով եւ 375 հոդվածի առաջին մասով՝ «իշխանության չարաշահումը եւ իշխանության անգործությունը»` նրան ազատազրկման դատապարտելով 11 տարի 6 ամիս ժամանակով:
Դատարանը շարքայիներ Տարոն Սուվարյանին եւ Վահե Աղաջանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3 -րդ մասով, 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 9-րդ եւ 14-րդ կետերով՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահը»` դատապարտելով ազատազրկման 11 տարի ժամանակով:
Իսկ ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանին, մեղավոր ճանաչելով ՀՀ քրօր-ի 375 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է ազատազրկման 3 տարի ժամանակով եւ, կիրառելով ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման 1-ին կետի 1-ին ենթակետը, ազատել պատժի կրումից` ազատ արձակելով դատարանի դահլիճից:
Կարդացեք նաև
Վանաձորցի 19-ամյա երիտասարդը մահացել էր այս տարվա փետրվարի 6-ին` Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում՝ դաժանորեն ծեծի ենթարկվելով իր զինվոր ընկերների կողմից:
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության` 19-ամյա Գեւորգ Կոծինյանը մահացել է սրտի ռեֆլեկտոր կանգից, որն էլ կրծքավանդակի փակ, բութ վնասվածքի արդյունք է:
Գործնականում նա առողջ է եղել:
Դատարանը, սակայն, քննության չի ենթարկել Գեւորգ Կոծինյանի կյանքի իրավունքի խախտման բարոյական վնասի փոխհատուցման համար ՀՀ պետական բյուջեից հօգուտ նրա իրավահաջորդ` Բորիս Ադամյանի 5 միլիոն ՀՀ դրամի չափով գումար բռնագանձելու մասին քաղաքացիական հայցը:
Գեւորգ Կոծինյանի իրավահաջորդ Բորիս Ադամյանը մտադիր է քրոջ որդու կյանքի իրավունքի խախտման բարոյական վնասի փոխհատուցման պահանջով դիմել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Դատարանում իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Էդմոն Մարուքյանն ասում է, որ նման հայցով դատարան դիմելը կարող է նախադեպ ստեղծել` մեր երկրում օրենքի այդ բացը լրացնելու անհրաժեշտությունը ընդգծելու համար:
«Պատվի, արժանապատվության կամ զրպարտության համար բարոյական վնսաի փոխհատուցման ինստիտուտ է սահմանվել քաղաքացիական օրենսգրքով, իսկ կյանքի իրավունքի խախտման, կամ անձի անձեռնմխելիության իրավունքի խախտման համար, մարդուն անօրինական ազատազրկելու համար բարոյական վնասի փոխհատուցմանն ուղղված օրենքներ չկան»,-ասում է նա:
Փաստաբան Կարեն Թումանյանն էլ հավելում է, որ դատարանը, բացի պատիժներ սահմանելուց, պետք է գնահատական տար Գեւորգ Կոծինյանի կյանքի իրավունքի խախտման հանգամանքին:
«Զինվորական ծառայության ընթացքում հանցագործության հետեւանքով կյանքից զրկվելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2 –րդ հոդվածի խախտում է, կյանքի իրավունքի ոտնահարում»,-բացատրում է փաստաբանը:
Դատարանը, սակայն, գնահատական չի տվել վերոնշյալ փաստին, ինչը փաստաբանները բարոյական վնասի փոխհատուցման պահանջին զուգահեռ մտադիր են վիճարկելու ՀՀ վերաքննիչ դատարանում:
«Զինվորը կյանքից զրկվել է, կյանք է կորել, գնահատական պետք է տրվի, միայն պատժի չափ սահմանելով չէ: Ինչով է տարբերվում սովորական ոտնձգությունը պետության իրավազորության տակ գտնվող մարդու նկատմամբ ոտնձգությունից: Տարբերակել է անհրաժեշտ»,-բացատրում է փաստաբան Թումանյանը:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր