Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամները պաշտոնյաներին թասիբի կգցեն

Դեկտեմբեր 01,2011 19:12

Մեր հարեւան Վրաստանում նորակառույց շենքը եթե հաշմանդամներին հարմարեցված չի լինում, այսինքն՝ չի ունենում թեքահարթակ, Թբիլիսիի քաղաքապետարանը թույլ չի տալիս այն շահագործման հանձնել: Այս մասին այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրներով զբաղվող «Ունիսոն» հ/կ-ի կազմակերպած հաշմանդամության հարցերով տարածաշրջանային տեսակոնֆերանսի ժամանակ հայտնեց Վրաստանի հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրներով զբաղվող ակտիվիստ Բարամ Չխեիձեն: Ըստ նրա՝ հաշմանդամ մարդիկ չպետք է զրկված լինեն որեւէ կառույց մտնելուց. «Նրանք անգամ եկեղեցի պետք է անարգել գնան»: Անդրադառնալով երթուղային տրանսպորտի անհարմարավետությանը՝ «Ունիսոն» հ/կ-ի ղեկավար Արմեն Ալավերդյանն ասաց՝ մեր երկրում չկա որեւէ տեսակի տրանսպորտ, որը հարմարեցված լինի հաշմանդամների համար. «Ճիշտ է, ասում են՝ կա 2 հատ տրոլեյբուս, որոնք իբր թե ունեն այդ թեքահարթակները, սակայն ես դեռ բախտ չեմ ունեցել այդ տրոլեյբուսները տեսնելու»:

Միջոցառմանը ներկա Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ ավելացրեց, որ մեր հանրակրթական դպրոցներում էլ հաշմանդամ երեխաների համար չկա հարմարավետություն՝ այն դեպքում, երբ ներդրված է ներառական կրթական համակարգ:

Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ է համագործակցության համար ընտրվել հենց Վրաստանը, Արմեն Ալավերդյանը պատասխանեց. «Որովհետեւ մեր անմիջական հարեւանն է: Նախատեսված էր նաեւ Իրանի հետ միանալ, բայց տեխնիկական եւ քաղաքական պատճառներով Իրանում ինտերնետը շատ վատն է, դրա համար հրաժարվեցինք: Իսկ Վրաստանը Հայաստանի նման երկիր է: Ես եղել եմ Թբիլիսիում, այս առումով նույն իրավիճակն է, բայց հետաքրքիր է համեմատելը: Օրինակ՝ մենք ունենք 60-ից ավելի ներառական դպրոց, իսկ Վրաստանը՝ 10-12: Հիմա մենք կհամեմատենք ու կտեսնենք՝ դա լավ է, թե ոչ»: Նրա կարծիքով՝ այս համագործակցությունը կունենա նաեւ շարունակություն. «Մեր կայքում՝ disabilitynet.info, փորձելու ենք այս ֆորումը աշխույժ պահել, որպեսզի զարգացումների մասին տեղյակ լինենք ու մեր պաշտոնյաներին թասիբի գցելով՝ մեր հարցերին լուծում տանք»: 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության ավագ մասնագետ Աննա Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ավելացրեց, որ նմանատիպ տեսակոնֆերանսների կազմակերպումը միջազգային փորձի փոխանակման առումով շատ կարեւոր է. «Վրաստանում եւ այստեղ նույն վիճակն է, բայց կարծես թե մենք մի քայլ առաջ ենք, քանի որ վավերացրել ենք «Հաշմանդամ մարդկանց իրավունքների կոնվենցիան»: Արդեն օրենսդրական հիմքի վրա ենք ուզում դնել հարցի կարգավորումը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031