Նոր Նորքի 9-րդ զանգվածի 197 միջն. դպրոցն առաջին դպրոցներից էր, որը համագործակցեց «Ապեկի»`ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի հետ: Տնօրեն Վարսենիկ Թադեւոսյանը հայտնում է՝ դասընթացներ են կազմակերպել տարբեր դպրոցներում: «Սկզբնականում եղել են դժվարություններ: Աշակերտները լավ չէին վերաբերվում` բառերի, արտահայտությունների նկատմամբ, որոնք ծիծաղ էին առաջացնում, բայց աստիճանաբար ամեն բան կարգավորվեց»:
Փոխտնօրեն Էլմիրա Հակոբյանն էլ, ով կազմակերպում է դասընթացները, ասում է. «Նախկին տնօրեն տիկին Մարգարյանի հետ միասին մտածեցինք, որ դա կարեւոր հարց է մեր սերունդի համար: Օգնելով միմյանց `կարողացանք բավականին լայնածավալ աշխատանք իրականացնել»: Նշում է՝ դրանում իրենց մեծ դերն են ունեցել աշակերտները: «Ընտրվում էին լավագույն և բարեկիրթ աշակերտները, ովքեր ոչ միայն մեր դպրոցում, այլեւ մյուս դպրոցներում ներկայացնում էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը»:
Այս տարվանից սկսած աշակերտներն այցելում են նաեւ բուհեր, քանի որ դպրոցներում մտցվել է «Առողջ ապրելակերպ» առարկան: «Եղել ենք Գլաձոր համալսարանում: Պատկերացրեք, որ աշակերտն ուսանողին ինչ-որ բան է սովորեցնում: Սկզբում ուսանողներն իրենց անհարմար էին զգում, բայց լսելով իրենց համար նոր տեղեկություններ, սիրով ընդունեցին: Իհարկե ամբողջ համալսարանում չեն անցկացվել դասընթացները, միայն ակտիվների հետ, ովքեր էլ պետք է տարածեին ողջ բուհում»,- ասաց փոխտնօրենը:
Ինչպես աշակերտները տեղեկացրին դասընթացներն անցկացնում են թիմային տարբերակով`«հավասարը հավասարի հետ» սկզբունքով: «Մենք գնացել ենք վերապատրաստման, ունենք հավատարմագրեր, որով իրավունք ենք ստացել մեր սովորածը փոխանցել մյուսներին»: Դասընթացներն իրականացվում են նաեւ խաղերի ու պլակատների միջոցով: «Մենք կետ առ կետ բացատրում ենք, թե ինչպեսի միջոցներով է փոխանցվում ՁԻԱՀԸ եւ ինչպես զերծ մնալ դրանից»:
Եվ տնօրենը, եւ փոխտնօրենը համոզված են, որ գրեթե յոթ տարվա աշխատանքն իր դրական արդյունքն ունի:
Ռուբինա Սաֆարյան