Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Հոկտանյան. «Կոռուպցիայի դեմ լուրջ պայքարը սկսվում է մաքուր ընտրութուններից»

Դեկտեմբեր 01,2011 16:52

«Մեր իրականության մեջ բոլոր ընտրությունների ժամանակ մենք ականատես ենք լինում քաղաքական կոռուպցիայի շատ բարձր մակարդակների: Առաջին հերթին վարչական ռեսուրսների չարաշահումները եւ ֆինանսավորումներն ու ընտրակաշառքները լուրջ խնդիրներ են առաջացնում»,-այսօր «Կոնգրես» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով ընտրական համակարգում առկա կոռուպցիային:

Կենտրոնը մշտապես  մոնիտորինգ է անցկացնում նախընտրական շրջանում եւ ըստ Վ. Հոկտանյանի, կոռուպցիայի դեմ լուրջ պայքարը սկսվում է  մաքուր ընտրութուններից. «Սա չի նշանակում, թե դրանով պայքարը վերջանում է: Անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է նորմալ ընտրություններ անցկացնելու համար: Քանի դեռ նորմալ ընտրություններ չանցկացվեն, մենք կունենանք համակարգային կոռուպցիա, կունենանք կոռուպցիայի վարչական ձեւերի ծաղկում: Օրինակ՝ պետության զավթման երեւույթը, երբ տարբեր խմբեր անց են կանցնում օրենքներ, որպեսզի առաջ տանեն իրենց շահերը, պետությունը դառնում է գործիք՝  որոշ խմբավորումների նեղ անձնական շահերն ապահովելու համար»:

Ընդհանրապես, ըստ կենտորնի տնօրենի,  կոռուպցիան նվազեցնելու համար քաղաքական կամք է պետք. «Ինչպես, որ ծխող մարդը որոշում է թարգել ծխելը, այսինքն՝ այդ մարդը եթե թողնում է ծխելը, ուրեմն՝ կամք ունի»: Ըստ մասնագետի, կոռուպցիոն հանցագործությունները՝ անկախ պաշտոնից, դիրքից, պետք է պատժվեն. «Կոչ չեմ անում բոլորին բանտարկել, բայց մյուս կողմից, երբ այդպիսի ձերբակալություն լինի՝ պիտի հետեւանք լինի ու քաղաքացին տեսնի արդյունքը դրական, այլ ոչ թե մտածի՝ հաշիվներ են մաքրում»:

Այն հարցին, թե կնվազի՞ կոռուպցիան մեր երկրում, եթե «Քրեական օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունն ընդունվի, ըստ որի՝ կոռուպցիայի կամ կաշառքի մասին հայտարարող անձի անվտանգությունը կապահովվի, պարոն Հոկտանյանը պատասխանեց՝ Հայաստանում այն արդյունք չի տա. «Դա նշանակում է՝ այն անձը, որը հայտնում է այդ դեպքի մասին, ռիսկի տակ է ընկնում: Հետո էլ այստեղ տարածված է այն մշակույթը, որ դա օգտագործվի քաղաքական հաշվեհարդարների համար: Կասկածում եմ, թե դա արդյունք կտա»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031