«Սրանք ոչ թե քաղաքական, այլ նյութական շահերի բախումներ են, քանի որ երկու կողմերում էլ կան օլիգարխներ: Նաեւ՝ քաղաքական լծակներ ձեռք բերելու խնդիր կա: Ինքնին հասկանալի է, որ պետք է սրվեին նրանց հարաբերությունները, հատկապես, որ երկու ուժերն էլ չեն թաքցնում, որ կցանկանային լինել միայնակ կառավարող: Երկրորդ ուժն էլ արդեն համարում է, որ ինքն արդեն ինքնաբավ հնարավորություններ ունի, հետեւաբար, ինչո՞ւ չօգտագործի դրանք»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն իրողությանը, որ վերջին շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները կամ նրան հարողները հանկարծ դառնում են թմրաբիզնեսով զբաղվողներ, ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Փաստերի մասին մեր զրուցակիցը ոչինչ ասել չի կարող, բայց որ հիմա սկսվեցին նման բացահայտումներ, ըստ նրա, հավաստում է, որ կան այն հակամարտությունները, հակասությունները, որոնց մասին վաղուց խոսվում էր: «Դրանք չէին կարող չլինել, որովհետեւ երկու քաղաքական ուժն էլ չնայած միեւնույն կոալիցիայում են, բայց ունեն իրենց սեփական շահերը: Սա իրար մեջ պայքարի էլեմենտներից մեկն է: Այ եթե մենք ունենայինք քաղաքական համակարգ՝ նման բաներ չէին լինի»,- ասում է Արամ Գասպարիչը՝ համաձայնելով դիտարկմանը, որ տեղի ունեցողն ինչ-որ չափով կարելի է ՀՀԿ-ի կողմից նախազգուշական գործողություններ որակել ԲՀԿ-ի դեմ:
Հարցին՝ այս քաղաքական «գզվռտոցից» ո՞վ կշահի, նա պատասխանեց. «Եթե մեր ժողովուրդն ազատվեր այդ կապանքներից, իհարկե կշահեին նրանք, ովքեր ներկայացնում են իրական քաղաքական դաշտը, ովքեր ծրագրեր են բերում ասպարեզ: Բայց կոնյուկտուրան այլ դաշտում է: Այս պարագայում նախընտրելի կլիներ, որ այնպիսի քաղաքական երեւույթ առաջանար, որ այդ ուժերից դուրս ուժերը փորձեին միավորվել եւ լուրջ ուժ առաջ բերեին: Իմիջիայլոց, այդպես եղավ 1996-ին, երբ ձեւավորվեց «Ազգային միասնությունը», որն այնպիսի գործոն դարձավ, որը բերեց 1996-ի, 1997-ի, 1998-ի դեպքերին: Նույնը այստեղ կարող է կատարվել՝ նաեւ քաղաքական կամք դրսեւորելու դեպքում: Կշահի քաղաքական դաշտի այն հատվածը, որը ժողովրդին իսկապես ասելու բան ունի, որը կարգավորման այլ ճանապարհներ է առաջարկում եւ գտնում է, որ ռազմավարական զարգացման համար պետք են ծրագրեր»:
ՀՀ առաջին նախագահի՝ ԲՀԿ-ին արված ռեւերանսներն Արամ Սարգսյանը համարում է «դատարկ բաներ» եւ հարկ չի համարում դրանց մասին խոսել. «Դրանք մանր-մունր ինտրիգներ են, մարդկանց երեւակայությունը զբաղեցնելու համար»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև