Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեկո՝ նվիրված Անահիտ Ցիցիկյանին

Դեկտեմբեր 01,2011 16:40

Օրերս  Մոսկվայի տանը կայացավ հայտնի ջութակահար, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր Անահիտ Ցիցիկյանի 85-ամյակին նվիրված երեկո: Միջոցառումը կազմակերպվել էր ,Անահիտե մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: Բացման խոսքով հանդես եկավ   «Անահիտի»  նախագահ Նունե Շամախյանը:

Ցիցիկյանի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացրեց երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովը: Ցուցադրվեց սլայդ-շոու: Ջութակահարուհու հետ կապված հիշողություններով կիսվեցին կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը, Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ալիս Հեքիմբաշյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար, Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանը:

Հնչեցին ձայնագրություններ Ա. Ցիցիկյանի կատարմամբ, ցուցադրվեցին գրեթե կեսդարյա պատմություն ունեցող արխիվային ժապավեն, տեսանյութեր:

 

Անակնկալ-նվեր էր պատրաստել դրամատուրգ, պետական մրցանակի դափնեկիր Կարինե Խոդիկյանը` «Ինչպես են ծնվում լեգենդները» դրամատիկական էսսե, որտեղ գունեղ պատմվում էր մի հուզիչ դրվագ ջութակահարուհու կյանքից:

«Անահիտ» մշակութային հիմնադրամի գործունեության 10-ամյա ուղին ներկայացրեց կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Նունե Շամախյանը:

Ամփոփվեցին ,Անահիտե մշակութային հիմնադրամի եւ Մշակույթի աջակցության կենտրոնի համատեղ հայտարարած «Ինչ գիտեմ լարային գործիքների հայ կատարողների մասին» թեմայով շարադրությունների հանրապետական մրցույթի արդյունքները: Երեկոն եզրափակեց «Փոքրիկ վիրտուոզներ» համերգային ծրագիրը:

«Անահիտ» հիմնադրամը 10 տարեկան է

Անահիտ Ցիցիկյանի արվեստն իմ եւ ավագ սերնդակիցներիս վաղ մանկական հիշողություններից է, երբ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ էինք բարձրանում կակաչները ձեռքներիս: Մինչ այսօր կոմիտասյան ելեւէջները հնչեցնող Ցիցիկյանի ջութակը ուղեկցում է հայ ժողովրդին` ծերից մանուկ, դեպի իր մշտարթուն ցավի հիշատակարան: Ու երաժշտությունն այդ  զգացնել է տալիս, որ համազգային ցավը կարող է զուսպ եւ արժանապատիվ ձայն ունենալ` Ցիցիկյանի նվագի պես: Անահիտ Ցիցիկյանը հայտնի է նաեւ որպես մանկավարժ, գրքերի ու ձայնապնակների, հայկական աղեղնային արվեստի երախտավորների մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ:

Ինչքան էլ մեծ ու հանճարեղ լինի արվեստագետը, միեւնույն է, նրա վաստակն ամբողջապես գնահատելու ժամանակը գալիս է միայն նրա մահից հետո: Ինչո±ւ, ոչ ոք չի կարող ասել: Կյանքի շրջապտույտն է ամբողջանում, թե շրջապատն է այդպես ընկալում դեպի երկնքի աստղերը հեռացած մարդուն, չգիտեմ: Այդպես էլ հիմա, հետ ենք նայում ու նորովի տեսնում ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Ցիցիկյանին` մեծանուն ջութակահարուհուն, մանկավարժին ու երաժշտագետին:

Ավագ դստեր` Նունե Շամախյանի հետ նրա մասին խոսում ենք ներկա ժամանակով եւ ջութակահարուհու ներկայության զգացողությունն ուժեղանում է, կարծես հիմա-հիմա դուռը կբացի ու ներս կմտնի: Այս սպասելիքն ավելի առարկայական է դառնում, երբ վերցնում ենք նրա ձեռագիրը, երբ միացնում ենք նրա ձայնասկավառակը, երբ խոսում ենք առաջիկա օրերի միջոցառումների մասին: Եվ հառնում է մեր առջեւ ինքը` Անահիտ Ցիցիկյանը. կարճաթեւ ճերմակ զգեստը  հագին, ջութակն ուսած` որպես դասական ու ժողովրդական երաժշտական մոլորակի արարիչ: Զրույցի ընթացքում պարզում եմ, որ պատկերացումներս մասամբ տեղին են` Անահիտ Ցիցիկյանի գործունեությունը շարունակելի է ե’ւ այսօր, ե’ւ գալիք ժամանակներում:

Երբ հնչում են իրերը

Նրա թողած իրերի ու գրականության ժառանգությունը դուստրն սկսել է ի մի բերել ջութակահարուհու մահից մեկ տարի հետո: Հավաքել-դասդասել է Անահիտ Ցիցիկյանի թողած մեծածավալ թղթերը, նամակները, նոտաները, լուսանկարները, արտասահմանից բերած նյութերը: Նյութերի բովանդակությունն ու ծավալն այնպիսին է, որ արխիվը միայն Անահիտ Ցիցիկյանի կյանքի մասին չէ, որ պատմում է: Մասնավորապես, արխիվային նյութեր կան Բարսեղ Կանաչյանի, Ավետ Գաբրիելյանի, Բրիտանական թագավորական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մանուկ Բարիքյանի մասին: Այդ իսկ պատճառով Ցիցիկյանի թողած արխիվային նյութերի հիման վրա տարբեր երաժիշտ արվեստագետների 100-ից ավելի թղթապանակներ են կազմվել: Արխիվում կան եզակի մասունքներ, որոնք մշտապես «շարժման» մեջ են: Զրուցակիցս տարբեր երաժիշտների մասին գրում է հոդվածներ, հրատարակում խտասկավառակներ:

«Նրա անունով հիմնեցի «Անահիտ» մշակութային հիմնադրամը (շնորհանդեսը` 2003-ին) եւ արդեն մեկ տասնամյակ է, ինչ ակտիվ աշխատում ենք: Կարծում եմ` ժամանակն է գործն սկսելուց 10 տարի անց հաշվետու լինել արածի համար»,- ասում է «Անահիտ» մշակութային հիմնադրամի նախագահ Նունե Շամախյանը:

Մշակութային հիմնադրամի կատարած աշխատանքներից է Անահիտ Ցիցիկյանի կենսամատենագիտական նյութերի ժողովածուն, որը տարբեր հոդվածներից ու ցուցապաստառներից, ինֆորմացիայի տարբեր աղբյուրներից վերծանելն ու ի մի բերելը 10 տարվա մանրակրկիտ աշխատանք ու ջանք է պահանջել: Գիրքը կենսագրական տվյալների բավականին տարողունակ  հավաքածու է, ուր առանձին բաժիններով տեղ են գտել Անահիտ Ցիցիկյանի  կենսագրության մանրամասները, համերգային շրջագայությունների ժամանակագրությունը, երկացանկի եզակի համարները, առաջին անգամ կատարված ստեղծագործությունների, ռադիոձայնագրությունների ու ձայնասկավառակների ցանկերը: Գրքի հեղինակը, որ նույն ինքը` Նունե Շամախյանն է, նշում է. «Ժողովածուի ստեղծումն առավել քան բարդ էր, քանի որ Անահիտ Ցիցիկյանը միայն ջութակահարուհի չէր. նա ուներ հետաքրքրությունների լայն շրջանակ»:

Իսկապես դժվար է գտնել մի երաժիշտ, որ զուգահեռաբար եւ նվագում է, եւ գրում, եւ հետազոտում, եւ դասավանդում, տիրապետում 5 լեզվի, որոնցով էլ դասախոսություններ կարդում: Իսկ Անահիտ Ցիցիկյանին ճանաչողները պնդում են, որ նա այս բոլոր հմտություններին տիրապետում էր կատարելապես:

«Անահիտ» մշակութային հիմնադրամը խմբագրել եւ պատրաստել է Անահիտ Ցիցիկյանի «Հայկական աղեղնային արվեստը» գրքի երկու տարբերակներ` ռուսերեն եւ հայերեն (վերջինս լույս է տեսել «Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ):

«Անահիտ» հիմնադրամը թվայնացրել եւ հրատարակել է մի քանի խտասալիկներ: Դրանցից մեկը`«Հայկական աղեղնային արվեստ. Կատարողների ծաղկաքաղը», պարունակում է ոչ միայն Անահիտ Ցիցիկյանի, այլեւ 20-րդ դարի երկրորդ կեսի ջութակահարների եւ թավջութակահարների հայկական դպրոցի երախտավորների անզուգական կատարումները:

«Անահիտ» հիմնադրամը երաժշտասեր հասարակության համար բացահայտումներ է անում: Հանրահայտ Ավետ Գաբրիելյանին եւ Էդվարդ Թադեւոսյանին բոլորը ճանաչում են որպես քառյակի անդամ հոյակապ կատարողներ, մինչդեռ նրանք հիանալի սոլո ջութակահարներ էին, որոնց կատարումները թվայնացրել եւ հրատարակել է «Անահիտ» հիմնադրամը: Գուրգեն Ադամյանի կատարումների թվայնացումը եւ եզակի խտասալիկի լույսընծայումը եւս հիմնադրամի աշխատանքն է: Նունե Շամախյանն ասում է, որ «իր խղճին» որպես ժառանգություն են մնացել նաեւ օրիգինալ նոտագրություններ, որ կոմպոզիտորները ձոնել կամ նվիրել են Անահիտ Ցիցիկյանին` կատարելու համար: «Եթե այդ նոտաները չհրատարակեմ, նրանք պարզապես դուրս կընկնեն պատմության լուսանցքից»,- նշում է նա: Ուստի նախաձեռնվել է նաեւ մասնագիտական հանրության համար անհայտ երաժշտական ստեղծագործությունների նոտաների տպագրությունը, որպեսզի եկող սերունդները եւս հնարավորություն ունենան կատարելու Անահիտ Ցիցիկյանի հնչեցրած գործերը: Նոտաների տպագրական աշխատանքներն ընթացքում են:

Անահիտ Ցիցիկյանի շարունակվող օրակարգը

Անահիտ Ցիցիկյանի երկրային կյանքը շարունակվում է հիմնադրամի աշխատանքների շնորհիվ` ջութակահարուհու ինտերնետային կայքի, գրքերի ու խտասալիկների շնորհանդեսներ, հոդվածներ, ռադիո եւ հեռուստահաղորդումներ, համերգներ… Պարբերաբար իրականացվող այս միջոցառումների միջոցով է մշակութային կյանքում եւ հանդիսատեսի հիշողությունում ներկա մի արվեստագետ, ում հախուռն ու լեցուն կյանքն ամուր թելով կապված էր ջութակի հայկական կատարողական դպրոցի, հայկական աղեղնային արվեստի տարածման հետ:

Նոյեմբերի 26-ին հիմնադրամը կնշի Անահիտ Ցիցիկյանի 85-ամյա հոբելյանը: Հիշատակի եւ ոգեկոչման հանդիպումը նորից կհիշեցնի հայ երաժշտասեր հասարակությանը, որ «Կռունկի» անզուգական կատարողը մեզ հետ է, նա այնքան մոտ է` պարզապես պետք է մտնել Մոսկվայի տան դահլիճ եւ ականջալուր լինել ջութակի մոգական հնչյուններին:

Հանդիսավոր երեկոյի ընթացքում մի քանի անակնկալներ են սպասում դասական ջութակի սիրահարներին: Մասնավորապես կլինի «Հայկական աղեղնային արվեստի պատմություն» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը, «Անահիտ Ցիցիկյան» կենսամատենագիտական ժողովածուի շնորհանդեսը (հայերեն-ռուսերեն հրատարակություն), անակնկալ կլինի գրող, դրամատուրգ Կարինե Խոդիկյանից, կներկայացվի փոքրիկ համերգ:

Միջոցառումը կներառի նաեւ «Անահիտ» հիմնադրամի եւ Մշակույթի աջակցության կենտրոնի համատեղ հայտարարած հանրապետական շարադրության մրցույթի եզրափակիչ փուլը: Շարադրությունը կոչվել է «Ինչ գիտեմ ես հայ լարային գործիքների կատարողների մասին»: Մասնակիցները պետք է գրեին իրենց նախընտրած արվեստագետի մասին: Ասում են, թե մասնակից երեխաներից ոմանք առանց որեւէ հուշման եւ ուղղորդման գրել են, թե ինչ գիտեն իրենք Անահիտ Ցիցիկյանի մասին եւ ինչ են զգում, երբ հնչում են նրա ջութակի դյութիչ ելեւէջերը:

 «Հիմնադրամ» բառն այս դեպքում «դրամ» բառի հետ կապ չունի

 

Հարցին, թե հիմնադրամի գումարներն արդյոք բավարարում են բոլոր աշխատանքները ցանկալի ձեւով կատարելու համար, կառույցի նախագահը պատասխանում է. «Հիմնադրամ» բառն ամենեւին էլ կապ չունի «դրամ» բառի հետ»:

Համոզվեցինք, որ հիմնադրամը գումարներ վաստակելու նպատակներ չի հետապնդում, այլ աշխատում է Անահիտ Ցիցիկյանի ոճով` հանուն արվեստի, հանուն գաղափարի:

Սուսաննա Մարգարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031