Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանն ու Ալբերտ Բաղդասարյանը տեղեկացրին, որ հանրապետության 3 նախագահներից 2-ը «ագենտ» չեն

Դեկտեմբեր 01,2011 16:20

Այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում «Ժառանգության» հեղինակած «Գործակալների գաղտնազերծման մասին» օրինագծի քննարկման ժամանակ Aravot.am-ի հարցին՝ եթե օրինագիծն ընդունվեց՝ ովքե՞ր ավելի շատ վախենալու բան ունեն, ԳԽ նախկին պատգամավոր, ՀՀՇ առաջին վարչության անդամ Ալբերտ Բաղդասարյանը պատասխանեց. «Առաջին հերթին ընդդիմությունը, որովհետեւ իշխանությունը շատ շուտ կհանի, որ առաջին նախագահի կողմնակիցները բոլորը ագենտ են եղել»:

Նա զգուշացրեց, որ օրինագիծը լրիվ ընդդիմության, այդ թվում՝ «Ժառանգության» դեմ է դուրս գալու. «Էսօրվա ԱԱԾ-ն լրիվ փաստաթղթերով, ամեն ինչով կսարքի, որ հենց «Ժառանգության» ղեկավար կազմի մեջ մի քանի ագենտ կա, դե արի ապացուցի: Րաֆֆի Հովհաննիսյանին էլ կասեն Ամերիկայի ագենտ ա՝ Կարապետիչն էլ ասել է: Ստյոպա Սաֆարյանին էլ կհանեն, որ ռուսական ագենտ է, ինքը տեղեկանք որտեղի՞ց պիտի բերի, որ ագենտ չի: Հայաստանում մենակ մի մարդ կա, որ կարող է ԿԳԲ-ից տեղեկանք բերել, որ ագենտ չի, դա Աշոտ Մանուչարյանն է»:

Բանախոսներն իրենց գաղտնազերծման գործընթացը սկսեցին ՀՀ նախագահներից: ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը հնչած հարցին ի պատասխան վստահեցրեց, որ Լեւոն Տեր- Պետրոսյանը գործակալ չի. «Նրան ՌԴ-ում մեքենա նվիրեցին, ու մերոնք որոշեցին, որ նա ամենայն հավանականությամբ կապ է ունեցել գաղտնի ծառայությունների հետ: Ձեզ մի գաղտնիք բացահայտեմ՝ աշխարհում չկա այն տարբերակը,երբ նման պարագայում մտնում են կոնտակտի մեջ ու մեքենա են նվիրում: Ձեր առաջ «Բենթլի» նվիրողներ կան, բոլորդ գիտեք ինչի համար է»: Բաղդասարյանն ավելացրեց, որ Սերժ Սարգսյանին էլ ռուսական անվտանգության գաղտնի ծառայություններում մատուցած հատուկ ծառայության համար մեդալ են տվել. «Ուրեմն էս տրամաբանությամբ նա էլ կապ չունի»: Մնաց Ռոբերտ Քոչարյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031