Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Բոլորը պետք է վճարեն հարկեր, այդ թվում՝ Ռոզա Ծառուկյանը»

Դեկտեմբեր 01,2011 15:50

Տարիներ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի հայտնի հարցազրույցը՝ հարկերը չվճարելու հետ կապված, մինչ օրս հիշում ու մեջբերում են: Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ՀԱԿ հնարավոր համագործակցության առնչությամբ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ի համար պետք է պարզ լինեն ապագա ստեղծվելիք խաղի կանոնները. «Օլիգարխիան չի պահպանելու ապօրինի մենաշնորհները, չի պահպանելու ապօրինի հարկային եւ մաքսային արտոնությունները, դրա մասին ես նախապես հայտարարում եմ: Եթե այդ խաղի կանոններով պատրաստ են խաղալ՝ թող խաղան»:

Հիշեցնելով Ռոզա Ծառուկյանի խոսքերը՝ մենք պարոն Զուրաբյանից փորձեցինք ճշտել՝ նման մտածելակերպ ունեցող մարդիկ այդ պայմանին ո՞նց պիտի համաձայնեն: Ըստ պարոն Զուրաբյանի՝ «Դա հանդուրժվեց, դա հայտարարություն էր, որը մնաց անհետեւանք: Ժողովրդի կողմից ընտրված մեր իշխանությունում նման պահվածքը չի հանդուրժվելու, բոլորը պետք է վճարեն հարկեր, պետք է ենթակա լինեն մրցակցության խստագույն կանոններին, նաեւ Ռոզա Ծառուկյանը, իսկ ինչի՞ նա պետք է բացառություն լինի»:

ՀԱԿ ներկայացուցիչը գտնում էր, որ Ծառուկյանները կգնան համագործակցության քայլին՝ իմանալով, որ իրենց բիզնեսները կարող են կորցնել.  «Իրենք գիտեն, որ էսպես իրենք կարող է ընդհանրապես ոչնչացվեն, իսկ ընդունելով խաղի կանոնները՝ կարող է եւ դիմանան մրցակցությանը: Մի կողմից իրենք ունեն այդ ապօրինի հնարավորությունները, մյուս կողմից՝ հասկանում են, որ իրենց հարստանալու, բարգավաճելու հնարավորությունները լրիվ կախված են իշխանությունների քմահաճույքից: Մեր համակարգում նրանք զրկված են լինելու ապօրինությունների հնարավորությունից, բայց պաշտպանված են լինելու օրենքի ուժով:  Իրենց սեփականության իրավունքը, էն, որ ոչ ոք չի կարող ռեկետ անել, այսինքն՝ մի բան խլում ես՝ մի բան տալիս ես, ինձ թվում է այնն, ինչ որ մենք առաջարկում ենք՝ ձեռնտու գործարք պետք է լինի: Իրենք ունեն կոնֆլիկտ, մենք էլ ունենք կոնֆլիկտ, պետք է միասին լինենք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնենք»: 

Մեր հարցին՝ ձեզ քննադատում են, որ ԲՀԿ-ին, Գագիկ Ծառուկյանին համարում եք քրեաօլիգարխիկ նույն ավազակապետության մի մասը, նույն սանրի կտավը, ինչպե՞ս եք նրան հիմա պատրաստ ընդունել ձեր շարքերը՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց . «Ոչ ոք ո՛չ նման առաջարկ է արել, ո՛չ էլ պատրաստ է նրան ընդունել իր շարքերը: Խոսքը նրա մասին է, որ մենք կարողանանք կազմաքանդել այս ռեժիմը: Եթե համակարգի ներսում պատերազմ է, բնական է, մենք պետք է օգտագործենք դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031