Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը Հոնդուրասի վիճակում է

Դեկտեմբեր 01,2011 15:41

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն այսօր կեսգիշերին հրապարակել է աշխարհի 183 երկրների 2011 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը: Ընդհանուր առմամբ, ողջ աշխարհում արձանագրվել է իրավիճակի վատթարացում. վկայակոչելով կենտրոնի տվյալները, այսօր նման կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Նրա խոսքերով՝ աշխարհում տեղի ունեցող դեպքերը՝ ցույցերն ու այլ հեղափոխական իրավիճակներն ապացուցեցին, որ կոռուպցիան այդ երկրներում առաջացած խնդիրների գլխավոր պատճառն է:

Ըստ կենտրոնի տնօրենի՝ համաթվի սանդղակը 0-10-ն է: Հրապարակած ցանկում չկա մի երկիր, որտեղ կոռուպցիայի համաթիվը 10 լինի, ինչը կնշանակեր, որ այդ երկրում ընդհանրապես կոռուպցիա չկա:

Իսկ ահա Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը  2.6 է: Հայաստանը նույն հորիզոնականում է Հոնդուրասի ու Ֆիլիպինների հետ: Հայաստանից մի «խազ» առաջ են Մոզամբիկը, Գվատեմալան, Ղազախստանը, Իրանն ու այլ երկրներ:

Պարոն Հոկտանյանի ներկայացմամբ՝ 5-ից բարձր համաթիվը համարվում է, որ կոռուպցիան կառավարելի է եւ ոչ այնքան վնասող հասարակությանը: Եթե համաթիվը 3-5 է, ուրեմն՝ կան լուրջ խնդիրներ, որոնք վնասում են երկրի զարգացմանը: Իսկ 3-ից ցածրի դեպքում՝ նշանակում է, որ առկա է համակարգային կոռուպցիա: Ինչպես արդեն նշեցինք, Հայաստանինը 2.6 է, ինչը, մասնագետի խոսքերով, բավականին վտանգավոր եւ մտահոգիչ փաստ է. «Մեզ մոտ համակարգային կոռուպցիան շարունակում է մնալ»: Միակ մխիթարող հանգամանքն այն է, որ ԽՍՀՄ երկրների մեջ, ինչպես Վ. Հոկտանյանն ասաց, կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանից ցածր երկրներ էլ կան՝ Ուզբեկստանը, Թուրքմենստանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031