Դեկտեմբերի 3-ին Անահայմի (ԱՄՆ) «Honda Center» համալիրում կայանալիք հանդիպումից առաջ թեթեւագույն քաշայիններ` IBO-ի չեմպիոն, հայաստանցի Վախթանգ Դարչինյանն ու WBA-ի չեմպիոն, պանամացի Անսելմո Մորենոն ԶԼՄ-ների ներկայությամբ խոսել են ռինգում իրենց անելիքների մասին:
«Ես հարյուր տոկոսով պատրաստ եմ մարտին: Դեկտեմբերի 3-ն իմ օրը կլինի եւ իմ երկրպագուները հաճույք կստանան իմ մրցելույթից: Խոսելը մի բան է, իսկ ասածն իրագործելը` մեկ այլ բան: Մենք դիտել ենք Դարչինյանի մարտերը եւ գործադրելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի նա ռինգում անհարմար զգա», -հայտարարել է Մորենոն, որին Վիկը հակադարձել է. «Ցանկանում եմ բոլորին ցույց տալ, որ ես նախկինի պես ուժեղ եմ, գտնվում եմ լավ մարզավիճակում եւ պատրաստ եմ կարիերաս շարունակել: Նպատակս այդ օրը ռինգում Մորենոյի համար չափից ավելի ուժեղ լինելն է եւ նրան նոկաուտի ենթարկելը: Ես միշտ էլ աշխատում եմ մրցակիցներիս ոչնչացնել ռինգում, ով էլ նա լինի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ