ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացրին 100 համերգից բաղկացած համերգաշարի անդրանիկ համերգը: Երեկ այս առիթով հրավիրված ասուլիսում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, որ համերգաշարին կմասնակցեն նաեւ օտարերկրյա արվեստագետներ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը կարեւորեց նման համերգաշարի անցկացումը. «Ուղերձներ ենք հղում ամբողջ աշխարհին՝ հիշեցնելով Հայոց ցեղասպանության մասին, եւ երաժշտության միջոցով հիշում ու ոգեկոչում մեր նահատակներին»:
Հաջորդ համերգը նախատեսված է մարտ ամսին, այն կկայանա Գերմանիայում:
«Առավոտ» օրաթերթ