Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողական ընտանիքներ

Դեկտեմբեր 01,2011 14:01

Արփի Ոսկանյանը եւ Համբարձում Համբարձումյանը:

Սմբատ Հովհաննիսյանը (Թոնդրակ) եւ Մարիամ Կարապետյանը:

Արփի Ոսկանյանն ու Համբարձում Համբարձումյանը մտերմացել են ՆՓԱԿ-ի կինոդիտումների, ապա «Ոսկե ծիրանի» շրջանակներում: «Գնում էինք իրար հետ կինո նայելու, հետո ուշ էր լինում, ես «ստիպված» ուղեկցում էի իրեն տուն,- հիշում է Համբարձումն ու ավելացնում,- մեր պատմությունը կապված է ֆիլմի հետ եւ ինչ-որ իմաստով կարելի է ասել՝ ֆիլմ է»: Գրողների միությունում են ծանոթացել: «Արփին այդ շրջանում մի սերունդ բարձր «աստղն» էր, ինձ էլ նոր էին սկսում գովել: Երկու պատմվածք էի գրել ընդամենը»,- պատմում է Համբարձումը: Արփին էլ անկեղծանում է՝ «Ինքը ուր գնում էր, ինձ էին գովում, ես ուր գնում էի՝ իրեն էին գովում: Ասում էի՝ էնքան գովեցիք, որ երրորդ պատմվածքը չի կարողանում գրել»: Թերեւս ամենահիշարժանը ամուսնության օրն է՝ զագսը փակ է եղել, քանի որ մեռելոց էր: Կատակում են՝ «Տիգրան Սարգսյանի շնորհիվ մենք չկարողացանք ամուսնանալ նշանակված օրը»: Կոնֆլիկտներ չեն լինում, քանի որ դաշտը լավ գիտեն եւ ռեալ պատկերացնում են գրողի հնարավորությունները հայ իրականության մեջ: «Մեր ընտանիքն ավելի շատ գրական միություն է՝ շատ լավ հասկանում ենք մեկս մյուսի էգոիզմն ու գրականությանը ծառայելու մոլուցքը». Արփիի համոզմունքն է:

Երիտասարդ ամուսինները հումորով են խոսում միայն գրական աշխատանքով վաստակելու իրենց որոշման մասին: «Մինչեւ գրողին չեն ստորացնում, հոնորար չեն տալիս: Երեւի 2000-ական թվականներից՝ Քոչարյանի իշխանության ամրապնդման շրջանից սկսեցին գրողներին հոնորարներ չվճարել, իսկ գրականությունը որպես արժեք ինչ-որ իմաստով նաեւ պարտադրվեց, որ վերանա մարդկանց գիտակցությունից»,- մտահոգություն է հայտնում արձակագիրը: Համոզված են՝ գիրքը չի ընկալվում որպես արժեք՝ այն արժե տպագրել, կարդալ եւ ունենալ, բայց չարժե գնել: Թեեւ իրենց ակնկալիքները կապված չեն պետության ու պետական համակարգի հետ: Հստակ դիրքորոշում ունեն՝ «Չպետք է սպասենք, որ պետությունը տպագրի: Ի վերջո, պետությունը այսօր ոչ թե գրականությունն է ֆինանսավորում, այլ գրողի լոյալությունը: Ուրիշ բան, եթե պետական հիմնադրամներ լինեին՝ անկախ կառավարությունից, ինչպես ամբողջ աշխարհում»:

«Գոնե տանը ես ինձ ստորացված չեմ զգում, որ գրականությամբ չեմ կարողանում փող աշխատել: Կա եւ հակառակը՝ մեր մեքենան ծախեցինք, Արփիի հեքիաթը տպագրեցինք՝ «Մարադոնան եւ Ռոնալդինյոն», որն առայժմ լավ չի վաճառվում»,-պատմում է Համբարձումը:

Իմ զրուցակիցները հանգստանալու խնդրին էլ յուրովի են վերաբերվում. «Գրելը աշխատանք կդառնար, եթե վճարեին: Այդ ժամանակ կարելի էր հանգստից խոսել: Մեր հանգիստը երեկոները սրճարան գնալն է, ընկերներին հանդիպելը, միտինգներին գնալը»:

Սմբատ Հովհաննիսյանն (Թոնդրակ) ու Մարիամ Կարապետյանը միմյանց հեռակա գիտեին: Առաջին հանդիպումները զուտ գիտական բնույթի էին՝ քաղաքակրթության թեման էին քննարկում տարբեր ասպեկտներից: Հետո միացավ պոեզիան: «Մի օր Մարիամին ասացի, թե մարտի 6-ին աղջկաս ծնունդն է, որ հրավիրեմ՝ չի՞ մերժի: Նա մի պահ քարացավ: Անմիջապես ավելացրի, որ «աղջիկս» ասելով՝ նկատի ունեմ իմ բանաստեղծությունների ժողովածուն, որը հրատարակել էի 2010 թվի մարտի 6-ին: Վերջապես սիրո խոստովանությունն արեցի մարտի 19-ին, նշանվեցինք ապրիլի 29-ին եւ ամուսնացանք հունիսի 23-ին: Արդեն հինգ ամիս է»,- պատմում է Սմբատը: Չի թաքցնում՝ բացասական է վերաբերվել մտավորականների ամուսնությանը, իսկ կին ստեղծագործողների մասին՝ ժպիտով խոսել, բայց եւ խոստովանում է. «Մարիամի դեպքում բանը չհասավ ժպիտին: Հենց առաջին հանդիպման ժամանակ հասկացա, որ այն աղջիկն է, ում այդքան փնտրել եմ: Հիացած էի նրա խորաթափանց դատողություններով, մտքերի հստակությամբ, կարդացածությամբ: Էլ չեմ ասում, թե բանաստեղծական ինչ զգացողություն ունի»:

«Սմբատն առաջին իսկ հանդիպման ժամանակ երկընտրանք դրեց իմ առաջ՝ անվանել իրեն Սմբա՞տ, թե՞ Թոնդրակ: Մտածեցի, վերջում ընտրեցի Սմբատը: Ես ուզում էի նրա անձնականության հետ շփվել, լինել ավելի մտերիմ: Գրողական անունն ավելի հեռացնող կլիներ: Սմբատ Հովհաննիսյանը նույն Թոնդրակն է, բայց Թոնդրակն արդեն Սմբատ Հովհաննիսյանը չէ»,- անկեղծանում է Մարիամը: Համատեղ ընտանեկան կյանքում ստեղծագործական ու կենցաղային վեճեր եղել են, որոնք իմ զրուցակիցները որպես ինքնաճանաչողության եւ միմյանց ճանաչելու իրադարձություններ են որակում: Ցավով են նշում՝ գրող լինելով ընտանիք չես պահի. ԵՊՀ-ում աշխատանքն է հարցը ինչ-որ չափով կարգավորում: «Հոնորարները ծիծաղելի չափի են. ինչքա՞ն կարելի է տպագրվել, որ նորմալ գումար ստացվի: Գրքերից ստացված եկամուտը ամենաշատը կարող է ապահովել մի ամսվա լավ աշխատավարձ»,- կատակում է Սմբատը: Նման հարցերի կարգավորումը ստանձնող ինստիտուտները, մասնավորապես՝ հրատարակչությունները Հայաստանում դեռ կայացած չեն՝ ցավով փաստում են զրուցակիցներս եւ նկատում՝ Հայաստանում գրող հասկացությունն էլ խարխլված վիճակում է: Իսկական մտավորականները ստեղծագործում եւ ապրում են աննկատ, իսկ ուշադրությունը զանգվածային մշակույթ ստեղծողներին է բեւեռված: Սմբատի դիտարկմամբ՝ խնդիրը պարզապես ընթերցանությունը չէ, այլ՝ թե ինչ են հատկապես ընթերցում. «Միշտ էլ մեծամասնության ճաշակը հակված է դեպի ավելի թեթեւ գործերը: Իմ պոեզիան ես համարում եմ բանական եւ հեռու, շատ հեռու եմ այն հովերից, թե երբեւէ կդառնամ համընդհանուր պոետ: Այսինքն՝ կարելի է լինել ընդամենը 10 հոգու պոետ եւ դրանից վատ չզգալ: Ամեն դեպքում՝ ինձ լավատեսությունը երբեք չի լքել»:

ՆԱՐԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031