Նոյեմբերի 29-ը երկրագնդի կապտանռնագույն հատվածի համար տարվա թիվ մեկ տոնն է. 1899 թվականի հենց այդ օրը հեռավոր Կատալոնիայում շվեյցարացի, բրիտանացի, կատալոնացի ու իսպանացի մի շարք ֆուտբոլիստներ Ժոան Գամպերի գլխավորությամբ հիմնեցին «Բարսելոնան»: Դժվար թե այն օրերին որեւէ մեկը պատկերացներ, որ 112 տարի անց Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կենտրոնում մի խումբ հայեր՝ Դավիթ Խոջասարյանի գլխավորությամբ, կստեղծեն իրենց «Բարսելոնան» ու կտոնեն կապտանռնագույն երազանքի հերթական տարեդարձը:
Ակումբի հիմնադիրներից Արման Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում շեշտեց, որ մեր՝ հայաստանյան «Բարսելոնան» օրիգինալ է ամեն ինչով՝ ճաշացանկից մինչեւ կոլորիտն ու միջավայրը: Այն ոչ սրճարան է, ոչ ռեստորան ու ոչ էլ, պարզապես, ակումբ՝ այն ՖԱՆ-ԱԿՈՒՄԲ է:
«Մենք արդեն մեկուկես ամիս է, ինչ գործում ենք ու, ինչ խոսք, հասել ենք որոշակի հաջողությունների: Մեզ համար ամենակարեւորն ի սկզբանե ֆան-ակումբ ստեղծելն էր՝ երկրպագուների հավաքատեղի ունենալը, որպեսզի համախմբվեինք, իրար ճանաչեինք, հաղթանակները տոնեինք միասին ու, դժբախտաբար, պարտություններն էլ միասին հաղթահարեինք: Այս ժամանակաընթացը չափազանց կարճ է՝ ամփոփումներ կատարելու համար: Բայց անգամ այս ընթացքում գրանցվել են դեպքեր, որոնք ամեն առումով գերազանցել են մեր բոլոր սպասելիքները: Այդպես, մի օր տարօրինակ աղմուկ լսեցինք, նետվեցինք դեպի դուռը, բայց արդեն ոչ ոք չկար: Դիտախցիկի տեսագրությունը նայեցինք. մի խումբ երիտասարդներ էին անցնում, պատահաբար նկատեցին զինանշանը, մոտեցան դռանը: Տղաներից մեկը համբուրեց ու «Բարսա-Բարսա» վանկարկելով՝ հեռացավ…»,- ասաց Արման Հովհաննիսյանը:
Ֆան-ակումբի գաղափարն իրագործման հենց այս տեսքով հղացել էր շուրջ մեկ տարի առաջ, սակայն կյանքի կոչվեց միայն այս տարի՝ հոկտեմբերի 13-ին: Իսկ արդեն ակումբի հիմնադրման 112-րդ տարելիցին կազմակերպվեց շնորհանդեսը՝ լրագրողների ու ֆուտբոլասերների համար: Բոլոր մանրամասներով «Բարսելոնան» ու Կատալոնիան հիշեցնող այս հաստատություն-ակումբում, որտեղ անգամ մատուցողներն են «Բարսելոնայի» շապիկներով, օն-լայն ցուցադրվում են կապտանռնագույնների խաղերը, իսկ յուրաքանչյուր խաղի հաջորդ օրն էլ՝ կրկնությունը ցերեկային ժամերին: Դա հենց այնպես չի արված: Ֆան-ակումբի հասարակության հետ կապերի պատասխանատու Լեւոն Ստեփանյանի խոսքերով՝ դա արվում է հատուկ «Բարսելոնայի» մանկահասակ երկրպագուների համար, որոնք, ի դեպ, նոյեմբերի 29-ի երեկոյան վազվզում էին ակումբի սրահներում ու պարբերաբար իրենց հիացմունքն արտահայտում:
Կարդացեք նաև
Ֆան-ակումբը հեռու գնացող շատ ու շատ նպատակներ ունի: Արդեն իսկ հայկական «Բարսելոնայում» ընթանում է երկրպագուների անդամագրում, ինչը բազմաթիվ առավելություններ է տալիս կապտանռնագույնի երկրպագուին՝ ընդհուպ մինչեւ «Նոու Քամպ» մարզադաշտ ուղեւորվելու հնարավորություն… Մի՞թե դա չէ «Բարսայի» յուրաքանչյուր ֆանի երազանքը: Իսկ դեպի երազանք տանող առաջին դուռը Երեւանի հենց կենտրոնում է…
ԳԱՅԱՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ