Հարցազրույց ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն, կրթության ազգային փորձագետ Մարինե Հակոբյանի հետ
Հայաստանն այն եզակի երկրներից էր, որտեղ 2 տարի առաջ չկար մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգին աջակցության եւ որակի երաշխավորման՝ պետության կողմից հովանավորվող որեւէ ծառայություն։ Ցանկացած երկրում, հատկապես եթե այն գտնվում է բարեփոխումների ճանապարհին, պարտադիր է ՄԿՈՒ համակարգին աջակցող կառույցի առկայությունը: 2008թ. ստեղծվեց Կրթության ազգային ինստիտուտի Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ)՝ որպես Հայաստանի նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ու ուսուցման համակարգին մեթոդական աջակցության, ծառայությունների մատուցման կառույց:
– Ի՞նչ եք կարծում, իրենց վրա վերցրած գործառույթները ծրագրերի որակի առումով՝ ավագ դպրոցները բավարարո՞ւմ են:
– Դժվարանում եմ ասել, թե ավագ դպրոցի ծրագրերը ինչքանով են բավարար, որովհետեւ այն կենտրոնը, որը ես ղեկավարում եմ, ըստ էության, մասնագիտական կրթությանն է վերաբերվում, այսինքն՝ նախնական, միջին մասնագիտական: Դա մի համակարգ է, որտեղ ավագ դպրոցի ծրագրերը նույնպես իրականացվում են, ինչ վերաբերում է կոնկրետ ավագ դպրոցներին, որքանով տեղյակ եմ, ամեն ինչ արվում է, որ ավագ դպրոցի իրական խնդիրը լուծվի: Ավագ դպրոցի խնդիրն այն է, որ մարդուն դու ավելի կենտրոնացնես դեպի իր մասնագիտական ուղղորդումը, մարդը պետք է կարողանա հասնել նրան, որ հեշտ ընտրություն կատարի ապագա մասնագիտության առումով:
– Ուսումնարան ու քոլեջ ավարտածների քանի՞ տոկոսն է կարողանում աշխատանքի տեղավորվել, ընդհանրապես ինչպե՞ս կներկայացնեք մասնագիտական կրթություն ասվածը:
– Մասնագիտական կրթության «մասով» բուհի մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ բուհը այլ խնդիր է լուծում: Ցավոք սրտի, մեզ մոտ ծրագրերը մի տեսակ շատ են կտրտված՝ բուհական, քոլեջային եւ դպրոցական, ստացվում է, որ դրանք կրթության առանձին մասեր են, բայց իրար լրացնող եւ մեկը մյուսի համար հաջորդականություն ապահովող համակարգեր: Նախնական, միջին մասնագիտական կրթության համակարգն այսօր այնքանով է ճկուն, որ իր մեջ կարող է ներառել ավագ դպրոցների մակարդակ, եւ բացի դրանից, դա հնարավորություն է՝ հաջորդականության իմաստով, որովհետեւ եթե ես քոլեջ կամ ատաղձագործական եմ ավարտում, ապա ես ունեմ հնարավորություն կրթությունս հետագայում ավելի բարձր մակարդակով ապահովել: ՄԿՈՒ համակարգն ավարտածներին հնարավորություն է տրվում շարունակել կրթությունը: Փաստորեն, անձը ոչ միայն գրքեր է կարդում, այլ սովորում է կատարել այն ֆունկցիաները, ինչ որ աշխատավայրում պետք է կատարի:
– Խորհրդային տարիներին աշակերտը դպրոցն ավարտելուց հետո վարպետի մոտ՝ արհեստանոցում աշխատանքի էր ընդունվում հետագայում կայանալու ակնկալիքով, այժմ ինչ-ինչ միջոցներ ձեռնարկվո՞ւմ են այդ ուղղությամբ:
– Եթե խոսենք աշակերտների մասին, ապա այսօր լուրջ խնդիր ունենք՝ փրկել այդպիսի հաստատությունները, որովհետեւ արտադրության ներսում կամ արտադրությունից դուրս, այնուամենայնիվ, գոյություն ունեն այնպիսի վարպետներ, որոնց պահանջարկը ավելին է, քան դասախոսներինն ու ուսուցիչներինը: Նման ուսուցումը միշտ ավելի արդարացված է եղել, երբեմն մեր ծրագրերը այնքան լճացած են, որ մարդիկ ասում են՝ ինչու 4 տարի սովորեմ մի դիպլոմի համար, փոխարենը կարող եմ արհեստ սովորել եւ հետագայում հստակ աշխատել: Վարպետային դպրոցը այսօր փրկելու խնդիր ունի, օրենսդրությունը նախատեսել է, որ վարպետները, որոնք այսօր ունեն իրենց աշակերտները եւ ուսումնական հաստատությունները, ճանաչելի չեն: Աշխատանքներ են տարվում, որ այդպիսի վարպետներին (դարբիններ, քարտաշներ եւ այլն) «մտցնեն» կրթական չափորոշիչների համակարգ: Մեր կենտրոնն այնպես է անում, որ նման արհեստով զբաղվողները շարունակեն իրենց գործը եւ հետնորդներ թողնեն: Կազմակերպում ենք բազմաթիվ միջոցառումներ, վերջերս էլ ԿԳ նախարարության պատվերով էինք կազմակերպել: 15 տարեկանից սկսած՝ 90 աշակերտ եւ ուսանող, առավոտյան ժամը 9.30-ից մինչեւ 19-ը տեղում պատրաստում, կարում, նկարում եւ հանդիսատեսի դատին էին հանձնում իրենց գործերը, գործատուն մտնում էր տարածք եւ տեսնում, թե երեխան ինչ կարող է անել: Դրան մասնակցում էր 21 հաստատություն: Հաջորդ տարիներին կկազմակերպենք գործնական սեմինարներ՝ վարպետը հնարավորություն կունենա ուսումնական հաստատություններում աշխատել: Ժամանակն է նաեւ, որ գործատուն դառնա պատվիրատու:
mkuzak.am կայքում բոլոր բարեփոխումներն ու ծրագրերը ներկայացված են, հասարակությունը կարող է տեղեկանալ եւ մասնակցություն ունենալ: ՄԿՈՒ համակարգը լավ հնարավորություն է տալիս արժանապատիվ կյանք ապահովել նաեւ այն մարդկանց համար, ովքեր ունեն որոշակի դժվարություններ, պատկանում են խոցելի խմբերին, կարող են այս համակարգում ընդգրկվել:
– Խնդրում եմ բացեք փակագծերը՝ ի՞նչ է ասել՝ սոցիալական գործընկերություն կամ փոխգործակցություն:
– Օրինակ, մենք սոցիալական գործընկերություն տեսնում ենք՝ չափորոշիչ գրելով, կարծիք հայտնելով, վերապատրաստումներին մասնակցելով: Այն մեզ մոտ այսպես է արտահայտված՝ ՄԿՈՒԶԱԿԸ, որը մասնագիտական կրթության եւ ուսուցման ազգային կենտրոն է, ունի նաեւ ՄԿՈՒԶԱԽ, որը ազգային խորհուրդ է: Դրա մեջ ընդգրկված են սոցիալական գործընկերության հուշագրի հիմք հանդիսացող կառույցները՝ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը, արհմիությունները, այն նախարարությունները, որոնք շահառու են ՄԿՈՒ-ի համար եւ այլն: ՄԿՈՒԶԱԽ-ը դարձել է այն համակարգը, որը ապահովում է հենց սոցիալական գործընկերության միջոցով: Սոցիալական գործընկերություն նշանակում է, որ ես՝ անկախ որեւէ կարիքից, մասնակից եմ այդ պրոցեսին, պատասխանատու եմ: Ցանկացած ծրագիր արդարացված չի լինի, եթե հանրությունը դրան չմասնակցի, իսկ մեզ համար հանրության հետ կապը ԶԼՄ-ներն են ապահովում:
ԱՆԺԵԼԱ ՇԱՀՈՒՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ