Կամ՝ ինչպես ճանաչված դաշնակահար Հմայակ Հովհաննիսյանը ազատ ստեղծագործելու համար «փախավ» Հայաստանից:
Խորհրդային գաղափարախոսությունը հայրենիքի դավաճան կամ էլ փախչողներ էր կոչում նույնիսկ այն անվանի արվեստագետներին, ովքեր որոշակի տարաձայնություններ ունենալով գործող ռեժիմի հետ, հեռանում էին երկրից: Նրանցից շատերը, իհարկե, այլախոհներ չէին, այլ մարդիկ, ովքեր նախընտրում էին ազատ ստեղծագործելը: «Առավոտի» զրուցակցին՝ ԽՍՀՄ-ում եւ արտերկրում ճանաչված դաշնակահար Հմայակ Հովհաննիսյանին էլ այդպես պիտակավորեցին, որովհետեւ «Գոսկոնցերտի» հրավերով 1989թ. մենահամերգներով մեկնելով Նյու Յորք, այլեւս չվերադարձավ: Մեզ հետ հանդիպման ժամանակ արվեստագետն այսպես «արդարացավ». «Ուզում էի սոցիալիզմը կառուցել իմ հասկացողությամբ, առանց վերադասի ցուցումների»: Հետո էլ հիշեց, թե ԱՄՆ-ում հայտնվելուն պես, իմանալով մնալու իր մտադրության մասին, առաջինը Լոս Անջելեսի հայերն են վախեցրել, ասելով, որ այդ երկրում պրոֆեսիոնալ երաժիշտը ոչ մեկին հարկավոր չէ, եւ խորհուրդ են տվել աշխատանքային քայլերը սկսել, ասենք՝ աղբ թափելով կամ բենզալցակայանում աշխատելով եւ այլն: Հ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ, իհարկե, նման աշխատանքներ չի կատարել, սակայն որոշել է սկզբնական շրջանում վաստակել իր մասնագիտությամբ. «Նվագել եմ ռեստորաններում, գիշերային ակումբներում, նույնիսկ աշխատել եմ սալոնում (կովբոյների բար), որտեղ շապիկիս վրա գրված էր՝ չկրակել. սա դաշնակահարն է»:
Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով, նման ճանապարհ անցնելով հասկացել է մի բան, որ այսօրվա երաժիշտը պետք է լինի ունիվերսալ: Դաշնակահարը հայտնեց, որ բացի մենահամերգներից, համագործակցել է երգիչներ Ադիս Հարմանդյանի, Ռոզի Արմենի, Էլվինա Մակարյանի, Ֆլորա Մարտիրոսյանի, Արա Գեւորգյանի, արգենտինացի Էդուարդո Դիամանդեի, ամերիկացի Ինգլբրդ Համբըրդինքի եւ այլոց հետ: Ղպտիների հետ համագործակցության արդյունքում թողարկել է 2 CD: Ասաց նաեւ, որ իր մասնավոր դպրոցում, որտեղ սովորում են 9 ազգությունների երեխաներ, այլ է դասավանդման մեթոդիկան. «Դո-ռե-միի փոխարեն տառանիշեր են, որովհետեւ ժամանակակից համակարգիչներն ու տեխնոլոգիաները նոտաներ չեն ճանաչում»: Հետաքրքրությանը, թե մեր տեղեկություններով, երաժիշտը համագործակցել է Մայքլ Ջեկսոնի հետ, Հ. Հովհաննիսյանը պարզաբանեց, որ ինքը փոխադրումներ է անում Ջեկսոնի ստեղծագործությունները դաշնամուրի համար, մանրամասնելով. «Ջեկսոնի ընտանիքը խճճված է իրավական դաշտում ու նրանց իրավաբաններն ու հաշվապահները աշխատում են պարզաբանում մտցնել նրա թողած ժառանգության մեջ: Այս պահին իմ փաստաբանն էլ բանակցությունների մեջ է փոփ-արքայի փաստաբանի հետ՝ հրատարակելու թույլտվություն ստանալու համար»: Հմայակ Հովհաննիսյանը հավելեց նաեւ, որ սիրում է նորարարություններ անել: Օրինակ, Խաչատրյանի, Վիվալդիի կոնցերտները փոխադրել է դաշնամուրի համար, շուտով կհրատարակվի Կոմիտասի մանկական ստեղծագործությունները:
Հ. Հովհաննիսյանը ծանոթ էր վերջերս «Առավոտում» տպագրված «Օրբելյանը վրեժ է լուծել Ճգնավորյանից» հոդվածին, որտեղ ասվում էր, թե Գլենդելի քաղաքապետարանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Լորիս Ճգնավորյանին ավագ եւ կրտսեր Օրբելյանները «գահընկեց» են արել: Ոչ հերքելով եւ ոչ էլ հաստատելով, նա հայտնեց հետեւյալը. «Գլենդելում Ճգնավորյանը մեծ անուն ունի: Մեկ տարի առաջ ես եմ առաջարկել նրա թեկնածությունը նվագախմբի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնում: Պարզապես համաշխարհային տնտեսական ճգնաժամը ԱՄՆ-ում էլ իր խոսքն ասաց, եւ նվագախումբը հայտարարվեց անվճարունակ»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ