Էլիտար վառելիքը, վարկային գիծն ու գազահամակարգի՝ տաքանալու այլ միջոցների դիմող բաժանորդները
Հերթական ձմեռը հերթական ծանր շրջանն է հատկապես մարզաբնակների ու գյուղաբնակների համար. գումար աշխատելու հնարավորությունները պակասել են, ծախսերը՝շատացել: Եթե տաք սեզոնին բնակչության զգալի մասն իր ընտանիքի օրվա հացը մի կերպ վաստակում էր սրա-նրա շինարարությունում օրավարձով աշխատելով, գյուղմթերքի առուծախով, սեփական հողը մշակելով կամ ուրիշի հողի վրա մշակ աշխատելով, ապա հիմա այդ աշխատաշուկայում էլ է պահանջարկը նվազել: Իսկ հացի խնդրից ոչ պակաս կարեւոր հարցը, ինչպիսին բնակարանը տաքացնելն է, օրեցօր դառնում է դժվար լուծելի:
Երեկ տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում բնակիչների մի մասը վառելափայտ չունենալու պատճաոով աթարի միջոցով է տաքացնում տունը: Ջեռուցման ավանդական այս եղանակին տաթեւցիներն ապավինել են՝ այլ տարբերակ չունենալով, գյուղը գազիֆիկացված չէ, վառելափայտը շատ թանկ է: Նաեւ կեսկատակ նկատել էինք, թե ժամանակին, երբ գազի սակագինը մեծացնելու որոշումն էր քննարկվում՝ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանն առաջարկում էր աթար վառել: Փաստորեն՝ նրա առաջարկները կյանքի են կոչվում: https://www.aravot.am/2011/11/28/11417/
Ինչպես եւ կարելի էր ենթադրել՝ Սյունիքն ու Տաթեւը միակը չեն: Արմավիրում էլ այլեւս հույս չկապելով բնակարանը գազով տաքացնելու հետ, հատկապես փոքր համայնքներում մարդիկ նորից անցել են տները ջեռուցելու պապենական մեթոդներին: Չնայած՝ գրեթե բոլոր բնակավայրերը գազիֆիկացված են, այդուհանդերձ, մասնավորապես գյուղական շրջաններում մարդիկ տաքանում են աթարի, իսկ քաղաքաբնակների մի որոշ մաս՝փայտի վառարաններով:
Կարդացեք նաև
Հիմա «ՀայՌուսգազարդն» ու «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկը» միասին որոշել են հայ մարդուն օգնելու համար վարկային նոր գիծ բացել եւ սպառած գազի դիմաց բնակչին վարկ տրամադրել: Սա, ենթադրաբար, թեթեւացնելու է ձմռան ընթացքում կատարվող ջեռուցման ծախսերը: Առաջին հայացքից մարդասիրական այս քայլը սոսկ գովեստի է արժանի: Բայց մարդիկ հարց ունեն. եթե ընտանիքի, հատկապես գյուղաբնակ ընտանիքի, որեւէ անդամ մշտական աշխատանք չունի, որ նախ վարկ ձեւակերպի, ապա՝ վճարի, այդ ինչպե՞ս պետք է օգտվի մարդասիրական այդ ծառայությունից:
Արմավիրցի Հովհաննես Հակոբյանն անցած տարվանից գազի վառարանն իջեցրել է նկուղ. արդեն երկրորդ տարին է՝ տունը փայտով է տաքացնում: Սպառված գազի դիմաց վարկային նոր ծրագրով վճարելը նրան այնքան էլ չի ոգեւորել: «Եթե այնքան եկամուտ ունենայի, որ կարողանայի ամսական թեկուզ 10 000 դրամ վարկ փակել, հենա 5000 էլ կավելացնեի՝ գազ կվառեի: Մինչեւ նախանցած տարի ամսական 15-20 հազար էինք տալիս. ճիշտ է՝ հազիվ գոլ էինք ընկնում, բայց չէինք սառչում: Մշտական եկամուտ ունեցող ընտանիքների համար գուցե շահեկան տարբերակ է, բայց նրա՞նք ինչի պիտի վարկ վերցնեն, եթե հնարավորությունները թույլ են տալիս օգտագործած գազի դիմաց ամսական վճարել»,- ասաց Հովհաննես Մկրտչյանը:
Տունը գազի վառարանով տաքացնելուց հրաժարվել է նաեւ էջմիածնեցի Ռաֆիկ Գրիգորյանի ընտանիքը: Թեեւ ինքն ու երկու տղաները այս պահին էլ անգործ չեն՝ մասնավոր պատվերով առանձնատուն են կառուցում, բայց վարկային գծից օգտվել չեն պատրաստվում: Վեց հոգանոց նրանց ընտանիքում յուրաքանչյուր լուման հաշվված եւ «ծախսված» է: Որպեսզի վառելափայտի թանկ գներից չտուժեն՝ դեռ ամռանն են գնել ու պահեստավորել: 10 խմ վառելափայտի դիմաց 180 հազար դրամ են վճարել եւ դժգոհ չեն: «Եթե ձմեռն էլ այսպես տաք լինի, փայտը մինչեւ ապրիլ-մայիս կբավականացնի»,-ասաց Ռաֆիկը:
«2009 թվականին տանս ջեռուցման համակարգ եմ տեղադրել, բայց մեկ փորձարկելուց ենք միացրել, մեկ էլ՝ մի քանի օր՝անցած տարվա մեջ: Երբ վճարումներ անելիս գազի վարձի չափն իմացա, ականջներիս չհավատացի: Այնքան թանկ էր, որ երդվեցի էլ էդ կաթսան չմիացնել: Ինձնով որ մնար, էդ կաթսան երբեք չէի անցկացնի: Բայց քանի որ աշխատողն էլ է տղաս, կառուցողն էլ, ինքն այդպես որոշեց: Ճիշտ է՝ հարսիս ու թոռներիս հետ Հոլանդիայում են ապրում, բայց ծախսն իրենք են քաշում: Ես ու պառավս տղայիս ուղարկած գումարը տնտեսում ենք այլ կարեւոր խնդիրներ հոգալու համար, իսկ տաքության հարցը լուծում ենք էլեկտրական վառարանով»,- պատմեց Համո պապը՝ Ժենյա տատի ամուսինը: Թոշակառու ամուսինների համար վարկով գազ սպառելու մասին հարցը ծիծաղ առաջացրեց: «Ինչի մեր բանկերը 60-ն անց մարդուն վարկ են տալի՞ս: Էն ա, որ տալիս էին, թող պետության կողմից սուբսիդավորվող վարկերը նամուսով տային, որ գյուղացին մինչեւ էսօր չխոսեր իր խաբված լինելու մասին: Ես կարծում եմ՝ վարկային այդ նոր գիծն ավելի շատ «ՀայՌուսգազարդին» է պետք, որ բաժանորդ չկորցնի, որ գազ ունեցողները գազ վառեն: Թե չէ՝ փող ունեցողը վարկով տուն չի տաքացնի: Իսկ չունեցողը ոչ թե էլիտար հաճույք համարվող այդ վառելիքից կօգտվի, այլ իմ ու իմ նմանների պես կնախընտրի ավելի համեստ միջոցները»:
ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ