ՀՀ պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու գործով երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստում շարունակվեց վաշտի հրամանատար, վկա Գագիկ Ուդումյանի հարցաքննությունը:
Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանի հարցին, թե ինչ միջոցներ եք ձեռք առել կանոնադրային վատ հարաբերությունները կարգավորելու համար, վկան ասաց, որ տեղեկացրել է գումարտակի հրամանատարությանը:
Այն հարցին էլ, թե գումարտակի հրամանատարը գիտե՞ր իր պաշտպանյալի՝ կապիտան Մանուկյանի եւ սպա Արտակ Նազարյանի հարաբերությունների մասին, վաշտի հրամանատարը խուսափողական պատասխան տվեց, ասելով, որ տեղյակ չէ: Պաշտպանին, որը նախկինում հատուկ կարեւորագույն գործերով քննիչ է եղել/ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր՝ Պետրոսի գործով-Ռ.Մ./, հետաքրքրում էր, թե արդյոք որեւէ մեկը հենակետում, մարտական դիրքերում սպիրտ կամ սպիրտային խմիչք պահո՞ւմ է: Վաշտի հրամանատարը պատասխանեց, որ արգելվում է մարտական հենակետում պահել սպիրտ: Ինչ վերաբերում էր բժշկական նպատակներով առկա սպիրտի «պաշարին», վաշտի հրամանատարը տեղեկացրեց, որ միայն բուժնպատակներով՝ «դեղարկղի մեջ կա սպիրտ»: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի այն հարցին, թե որքան էր դա կազմում, անգամ հորդորեց ձեռքով ցույց տալ: Գագիկ Ուդումյանն ասաց, որ այն 30-35 գրամ էր կազմում:
Հետեւեց հաջորդ հարցը.
– Դեպքից հետո ստուգե՞լ եք դեղարկղը: Սպիրտն այնտե՞ղ է եղել:
Վերադաս հրամանատարը պատասխանեց, որ իրավունք չուներ ստուգելու:
Քրեական գործի նյութերում արծարծվել էր այն, որ Արտակ Նազարյանը դեպքի օրը ալկոհոլ է օգտագործել: Ու պատահական չէր տուժողի իրավահաջորդի հարցը, թե Արտակ Նազարյանը խմիչք օգտագործո՞ւմ էր: Վկան ասաց, որ Արտակը ծառայության ժամանակ չի օգտագործել ընդհանրապես: Նա «հիշեց», որ «Արտակը ասում էր՝ տուն գնալուց մի քանի գավաթ գարեջուր է խմել»:
Հարցաքննության ժամանակ կողմին հետաքրքրում էր, թե խոհարար Արման Մնացականյանը կամ կապավոր Սայադյանը որպես դիտորդ ներգրավվե՞լ են: Վաշտի հրամանատարը չհիշեց: Բայց նկատեց, որ ամեն մի հենակետ իր կապավորն է ունեցել: Պաշտպան Հրանտ Գեւորգյանը հարցրեց. «Կապավորի կամ խոհարարի մեկ ժամ բացակայությունը կարո՞ղ էր ազդել Հայաստանի Հանրապետության սահմանների թուլացմանը»: Խոսքը ընդհատվեց, քանի որ դատավոր Սամվել Մարդանյանը կոչ արեց մեղադրանքի ծավալից դուրս չգալ: Մինչդեռ, պաշտպանը գտնում էր, որ հարցը տալիս է մեղադրանքի ծավալի շրջանակներում: Պաշտպանի ակնարկը թափանցիկ էր. հենակետը լքել է սպա Արտակ Նազարյանը: Ինչպես հիշում եք, դա կապված էր Չինարի գյուղ գնալու եւ ջրի շիշը բերելու դրվագի հետ: Այս հարցի կապակցությամբ, վկան տվեց զավեշտալի պատասխան. «Եթե վերադասը թույլ է տալիս բացակայել, չի համարվում թուլացում»:
Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանին հետաքրքրեց, թե ինչ էր «վստահել» վկային եղբայրը՝ Արտակը, քանի որ վկան նախորդ դատական նիստի ժամանակ ասել էր, որ անձնական կյանքի մասին զրույցներ են ունեցել:
Վկան հայտնեց, թե գիտի, որ Արտակը սովորել է արեւելագիտականում, տիրապետել է պարսկերենին, ունի հայր, մայր եւ քույր, որն այդ ժամանակ ԱՄՆ-ում էր:
«Մասնակցո՞ւմ էր ձեր խնջույքներին» հարցի հետ կապված էլ պատասխանեց. «Վաշտի կոլեկտիվով երբ հավաքվում էինք, ճաշում էինք՝ մասնակցում էր»:
Դատական նիստերի դահլիճի մթնոլորտը փոխվել է:
Ամբաստանյալներ՝ կապիտան Հակոբ Մանուկյանի, լեյտենանտ Վահագն Հայրապետյանի, շարքայիններ Մխիթար Մխիթարյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Հարութիկ Կիրակոսյանի հարազատները ավելի հախուռն են դարձել: Ապակեպատ դահլիճի ետեւից հաճախ ռեպլիկներ են թողնում, ժեստերով հաղորդակցվում իրենց մեղադրյալների հետ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ