Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսօրից հետո կանչ չե՞ն ընդունում

Դեկտեմբեր 01,2011 13:29

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի աշխատակիցները որոշել են, որ իրենք կեսօրից հետո այլեւս որեւէ քաղաքացու կանչ չեն ընդունելու: Երեկ Քանաքեռ համայնքի բնակիչներից մեկը ժամը 12.30-ի սահմաններում զանգահարել է այս պոլիկլինիկայի ընդունարան եւ խնդրել, որ կանչ գրեն իր դպրոցահասակ երեխայի համար, քանի որ երեխայի մոտ նկատվել է ջրծաղիկ հիվանդության նախանշաններ, սակայն ընդունարանից քաղաքացուն մերժել են՝ ասելով, որ ոչ մի կանչ էլ չեն գրի, քանի որ տվյալ տարածքը սպասարկող մանկաբույժը տեղում չէ, ու կանչերի ժամերն էլ վերջացել են: Երբ քաղաքացին պնդել է, որ իրենք իսկապես պոլիկլինիկայի բժշկի կարիքն ունեն, քանի որ միայն նա կարող է երեխայի հիվանդության մասին հավաստող փաստաթուղթ տալ, որը անհրաժեշտ է ներկայացնել դպրոց՝ բացակայությունները հարգելի համարելու համար, նրան պատասխանել են. «Նո՞ր եք նկատում երեխայի հիվանդ լինելը»:

«Առավոտը» փորձեց պոլիկլինիկաների գործունեության համար պատասխանատու՝ Երեւանի քաղաքապետարանից պարզել, թե արդյոք պոլիկլինիկաներում կա՞ ֆիքսված ժամ, որից հետո քաղաքացիների կանչերը չեն ընդունվում: Քաղաքապետարանի լրատվական վարչությունից մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ Երեւան քաղաքի բոլոր պոլիկլինիկաներում կանչերը պետք է գրանցվեն բոլոր աշխատանքային ժամերին՝ առավոտյան 9-ից, մինչեւ երեկոյան 18-ը:

Նշենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներն այս պոլիկլինիկայի գործունեությունից շատ հաճախ են դժգոհում, խոսքը մասնավորապես՝ բյուրոկրատական քաշքշուկների մասին է:

Ա. Խ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031