Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակում ամենածույլը Ողջիի գյուղապե՞տն է

Դեկտեմբեր 01,2011 13:28

Այսպիսի գնահատական է տալիս Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետը

Երեկ «Առավոտը» Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանին խնդրեց առանձնացնել տարվա ամենածույլ ու «ամենաթասիբով» գյուղապետերին: Մարզպետարանի պաշտոնյայի կարծիքով՝ ամենաքիչ աշխատանք կատարածը Ամասիայի տարածաշրջանի Ողջի գյուղի գյուղապետ Սարգիս Ավագյանն է, որը չի ապահովում սեփական եկամուտների հավաքագրումը: «Եթե նրան հարցնենք, կասի՝ ես աշխատում եմ, բայց գոյություն ունի ՏԻՄ օրենք, որտեղ տող առ տող գրված է, որ պետության կողմից պատվիրված լիազորությունների կատարման հիմնաքարը սեփական եկամուտների հավաքագրումն է, եթե նա չի ապահովում սեփական եկամուտները, ապա ինչո՞վ պիտի ցույց տա իր աշխատելը՝ սեփական բիզնեսը զարգացնելո՞վ»,- հարցնում է Կարլեն Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ խոսքը Շիրակի մարզի ամենասկանդալային գյուղի մասին է: Գյուղը բաժանված է 2 թեւերի, այստեղ մշտապես մի կռվի թեմա կա. գյուղովի կամ դպրոցի տնօրենի դեմ են պայքարում, կամ գյուղապետի: Կարլեն Աբրահամյանը մեզ հիշեցրեց, որ ինքը մի քանի տարի առաջ՝ դեռեւս դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի օրոք էր բարձրացրել այս գյուղապետին պաշտոնանկ անելու հարցը, սակայն կառավարությունը չընդառաջեց, ու գյուղապետը շարունակեց իր ոչ արդյունավետ գործունեությունը: «Մենք նկատողություն տալու իրավասություն չունենք, իհարկե՝ բանավոր նկատողություններ կաբինետների ներսում կամ մարզխորհրդի նիստի ժամանակ տալիս ենք, սակայն գյուղացիներն իրենք պետք է հասկանան, որ նման գյուղապետի չարժե ընտրել, համայնքը ինքը պիտի ընտրի կամ չընտրի»,- ասում է Կարլեն Աբրահամյանը: Ըստ նրա՝ գործ չանող գյուղապետերը շատ են, նրանց թվին է պատկանում նաեւ Տուֆաշենը, Հովունին, Կրաշենը, Բերդաշենը, Ձորմարգը: Իսկ «թասիբով» գյուղապետերը, ըստ պաշտոնյայի, նույնպես շատ են, նույնիսկ այնքան շատ, որ հնարավոր չէ թվարկել: Մարզի մոտ 60 համայնք աչքի է ընկնում սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշներով: Սակայն Կարլեն Աբրահամյանը առանձնացնում է Սարատակի, Ձիթահանքովի, Արեւիկի ու Ախուրիկի գյուղապետերին, որոնք թեեւ նոր են ընտրվել՝ 3 տարի չկա, սակայն հասցրել են գյուղափրկիչ ծրագրեր իրականացնել: Օրինակ՝ Ախուրիկը կործանվում էր, քանի որ նախորդ գյուղապետը հսկայական պարտքեր էր կուտակել, տուն-տեղ վաճառել ու գյուղից փախել էր, իսկ նորընտիր գյուղապետ Վարդիթեր Գասպարյանը, ըստ մարզպետարանի պաշտոնյայի, ոչ միայն կարողացել է պարտքերը փակել, այլեւ բյուջեն 300 տոկոսով կատարել: «Հին, լավագույն գյուղապետերին ոչնչով չեն զիջում, թվում է, թե էս մարդիկ տասը տարի շարունակ աշխատել են, էս ծանր պայմաններում ո՞վ կարող է մշակույթի տուն վերանորոգել, ինչպես արեցին Ձիթհանքովի ու Սարատակի գյուղապետերը»:

Մեր այն հարցին, թե գյուղապետերին գնահատելիս որքանո՞վ են դեր խաղում կուսակցական պատկանելությունն ու վերջիններիս թիկունք ունենալը, մարզպետարանի պաշտոնյան վստահեցրեց՝ գնահատում են՝ անկախ հարաբերություններից, ու հիշեցրեց, որ Ողջիի գյուղապետը հանրապետական է:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031